Օրգանական գյուղատնտեսության զարգացման հեռանկարները Հայաստանում. քննարկում Գյումրիում

nkaaarrr

Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ ու Ավստրիական զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ, այսօր Գյումրիում հանդիպում-քննարկում տեղի ունեցավ մարզի ֆերմերների, օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող արտադրող խմբերի, ինչպես նաև օրգանական արժեշղթայի մյուս շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ի՞նչ է օրգանական գյուղատնտեսությունը, զարգացման ի՞նչ հնարավորություններ ու խնդիրներ կան Հայաստանում: Մասնագետները հիմնականում այս հարցերին անդրադարձան:

Փորձագետ Նունե Սարուխանյանը ներկայացնում է՝ օրգանական գյուղմթերք ստանալու ճանապարհին չեն կիրառվում սինթետիկ քիմիական միացություններ՝ պարարտանյութեր և թունաքիմիկատներ: Բացի այդ, օրգանական գյուղատնտեսությունում շեշտվում է հողի բերրիության պահպանումը, այդ պարագայում հնարավոր է և բարձր բերք ստանալ, և նվազեցնել հիվանդությունների ու վնասատուների հասցրած վնասը:

Ըստ փորձագետի՝ Շիրակի մարզն օրգանական գյուղատնտեսությանն անցում կատարելու մեծ պոտենցիալ ունի, այստեղ կան ցանքատարածություններ, որոնք երկար տարիներ չեն օգտագործվել, բացի այդ, նաև կլիմայական պայմաններն են թույլ տալիս զբաղվել օրգանական գյուղատնտեսությամբ: Ավանդականից օրգանականի անցումը փոքր-ինչ դժվար կլինի գյուղատնտեսների համար, սակայն վստահ է՝ հաջողություններ կլինեն ու օրգանական արտադրանքը եվրոպական շուկաներ դուրս բերելու հնարավորություններ կստեղծվեն:

Ընդհանուր առմամբ քննարկվեցին օրգանական գյուղատնտեսությանն անցում կատարելու հնարավորություններն ու առավելությունները, օրգանական մթերքների արտադրության ողջ շղթան՝ արտադրությունից մինչև սպառում, օրգանական արտադրանքի հավաստագիր ձեռք բերելու փուլերը:

Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության ծրագրի ղեկավար Դեյվիդ Մուքենհուբերը նշում է՝ կարևորը, որ հետաքրքրությունն օրգանական գյուղատնտեսության նկատմամբ գնալով մեծանում է, կարևորը, որ Հայաստանը դրա համար անհրաժեշտ բոլոր հնարավորություններն ունի: Ավելին, կարծում է, որ Հայաստանում Ավստրիայի հաջողված փորձն էլ կարելի է կիրառել:agro 1 agro 2

 Հերմինե Մկրտչյան

 

Դիտվել է՝