«Իշխանություններն ինչքան ավելի սեղմեն օղակը, պայթյունը մի օր ավելի մեծ է լինելու»

kiviryan

Հուլիսի 17-ին կլրանա «Սասնա ծռեր» խմբի գործողությունների մեկ տարին: Ի՞նչ փոխեց տեղի ունեցածը հայաստանյան քաղաքական դաշտում, ինչպե՞ս ստացվեց, որ զենքով հարց լուծելու տարբերակի կողմնակիցներն աջակցություն գտան հասարակության շրջանում, տեղի ունեցան բազմահազարանոց երթեր, բախումներ, ձերբակալություններ: Ի վերջո, ի՞նչը հանգեցրեց զինված ապստամբությանը: Այս հարցերի շուրջ ԳԱԼԱ-ն զրուցել է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի հետ:

«Տարիներ շարունակ իշխանությունների կողմից մեռցվել է քաղաքական դաշտը: Փակվել են քաղաքական ցիվիլ պայքարի բոլոր ճանապարհները: Երկիրն ընկղմվել է կոռուպցիայի, հովանավորչության մեջ, տարատեսակ քաղաքական արատների մեջ: Անկախությունից ի վեր Հայաստանում ընտրություններով իշխանափոխություն չի եղել: Այսինքն, իշխանությունը մոնոպոլիզացվել է ինչ-որ խմբի կողմից, եւ այդ խումբը չի թողնում, որ Հայաստանում ընթանան քաղաքական պրոցեսներ: Ամբողջ աշխարհում էլ այդ երեւույթը դարեր շարունակ եղել է, որ երբ փակում ես քաղաքական պայքարի մրցակցության դաշտը, ապա սկսում են խոսել ինքնաձիգները, որովհետեւ մարդիկ, չտեսնելով այլ ճանապարհ, փորձում են այլ մեթոդներով վերցնել իշխանությունը: Հայկական իրականության մեջ հենց դա տեղի ունեցավ: Ռեժիմը չի թողել մարդկանց ցիվիլ քաղաքական պայքարի տարբերակ, եւ մարդիկ փորձում են իշխանություն վերցնել այլ մեթոդներով»,- նշում է Արգիշտի Կիվիրյանը:

Վերլուծաբանի կարծիքով՝ եթե իշխանությունները կատարվածից դասեր քաղած լինեին, երկրում պետք է տեղի ունենային իրական բարեփոխումներ եւ պետք է անցկացվեին ազատ, արդար ընտրություններ:

«Վերջին ընտրություններն ինչքան էլ մի շարք չակերտավոր ընդդիմադիրներ հայտարարեն, որ իբր դրանք անցել են օրենքի սահմաններում, ամբողջ հասարակությունը տեղյակ է, որ դրանք նույնպես անցան կոպիտ խախտումներով»:

Իշխանությունները նույն ոճով շարունակում են իշխել, ինչը չի բացառում, որ էլի կլինեն մարդիկ, ովքեր այլ ճանապարհ չտեսնելով՝ կդիմեն զենքի օգնությանը:

«Քանի որ արդեն իսկ հասարակության աչքերում ինքնաձիգներով պայքարի ձեւը լեգիտիմացվեց, ապա ծնվելու են նորանոր խմբեր, որոնք այս ձեւով կփորձեն վերցնել իշխանությունը: Այնպես չէ, որ եղել է այլ ճանապարհ, եւ այս մարդիկ փորձել են այլ ձեւով գնալ: Չկա ճանապարհ: Իշխանությունները փակել են այդ դռները: Սպանել են քաղաքական դաշտը, սպանել են քաղաքական գործընթացները: Իշխանություններն ինչքան ավելի սեղմեն օղակը, պայթյունը մի օր ավելի մեծ է լինելու, որովհետեւ մարդիկ ուզում են զբաղվել քաղաքականությամբ, բայց իրենք չունեն այլ ճանապարհ»,- ասում է Արգիշտի Կիվիրյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորեւ:

Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝