Ո՞րն է փաստաբանների զննության վտանգավորությունը

pastabanner

Դատական կարգադրիչներն իրենց լիազորություններն են իրականացնում՝ զննության ենթարկելով դատարան մուտք գործող բոլոր անձանց, այդ թվում փաստաբաններին: Այս մասին օրերս հայտարարեց ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը:

Մինչդեռ փաստաբաններն այլ կարծիքի են. իրենց ոչ թե զննում են, այլ ենթարկում խուզարկության՝ ընդհուպ մինչեւ պահանջելով բացել դրամապանակները:

Կան փաստաբաններ, ովքեր թույլ չեն տալիս՝ պահանջելով, որպեսզի նույն կերպ զննեն նաեւ դատախազներին: Սա լրացուցիչ լարվածություն է առաջացնում, արդյունքում նրանց չի թույլատրվում մասնակցել դատաքննություններին, ինչը պատճառ հանդիսացավ, օրինակ, ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության հետաձգմանը:

«Եթե դատախազը չի զննվում, փաստաբանը լիարժեք իրավունք ունի ընդհանրապես անգամ պայուսակը չտալու: Այստեղ ասում են, որ դատախազները 45 րոպե շուտ են գալիս, ինչ-որ հատուկ պայմաններով իրենք զննվում են»,- ասում է փաստաբան Տիգրան Հայրապետյանն՝ իր թերահավատությունը հայտնելով դատախազների զննության հանգամանքի վերաբերյալ:

Փաստաբանները քաղաքական ենթատեքստ են տեսնում կատարվածում, քանի որ հիմնական դեպքերը տեղի են ունենում ՊՊԾ գնդի գրավման կամ Ժիրայր Սեֆիլյանի գործով դատավարությունների ժամանակ: ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարը, սակայն, պնդում էր՝ դատարանում քաղաքական գործընթացներ երբեք չեն կարող իրականացվել:

«Մենք իրացնում ենք մեր լիազորությունը, որը բխում է բոլորիս անվտանգության շահերից»,- նշում էր Փոլադյանը: Ի պատասխան՝ փաստաբան Արա Զաքարյանը հայտարարում է.

Արա Զաքարյան

Արա Զաքարյան

«Նպատակը բացարձակապես անվտանգություն ապահովելը չէ, որովհետեւ հենց նրանք են առաջին իսկ իրենց գործողություններով արհեստական խոչընդոտներ ստեղծել: Բայց այս խայտառակությունն ունի ավելի վտանգավոր կողմ: Որպես այդպիսին դատարանն ունակ չէ միջոցներ ձեռնարկել պաշտպանների ներկայությունը դատարանի դահլիճում ապահովելու առումով: Սա նշանակում է, որ դատարանը կատարում է ոստիկանության ասածները: Սա եւս մեկ անգամ հաստատում է, որ այս գործը քաղաքական հնչեղություն ունեցող է, քաղաքական գործ է, եւս մեկ անգամ հաստատում է, որ այս քաղաքական գործով դատարանը, որպես այդպիսին, ուղղակի կատարողի դերում է հայտնվելու, որ կա պատվեր՝ ինչ պետք է արվի, ոնց պետք է արվի, ձեւականորեն ուզում են արտաքնապես արդար դատաքննության տպավորություն ստեղծել, ապահովել ձեւական կողմը, բայց իրականում գործի ելքը, որպես այդպիսին, որոշված է»:

Արսեն Մկրտչյան

Արսեն Մկրտչյան

ՀՀԿ կուսակցության անդամ, փաստաբան Արսեն Մկրտչյանն իր գործընկերների հետ համակարծիք չէ: Պնդում է՝ փաստաբանի համար ավելի նախընտրելի պետք է լինի իր պաշտպանյալի մոտ հասնել եւ պաշտպանել նրա շահերը: Կոնֆլիկտի արդյունքում տուժում է դատաքննությունը:

«Ես էլ եմ դժգոհում, երբ որ ինձ զննում են, դա տհաճ պրոցեդուրա է, բայց երբ որ գնում ես դատարան եւ գիտես, որ դա անվտանգության նկատառումներով է արվում, դու ընդունում ես եւ անցնում ես: Եթե ես ցանկություն ունեմ հասնել իմ պաշտպանյալին, որքան էլ ինձ զննեն, ես անպայման կհասնեմ նրան: Եթե ես ցանկություն ունենամ ձգձգել, դա էլ է պաշտպանական ռազմավարություն, ես հազար հատ պատճառ կգտնեմ, որ պայուսակս չբացեմ կամ ինչ-որ մի բան չներկայացնեմ»:

Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝