«Իմ կյանքի ճանապարհը» նախագծի գլխավոր հերոսների փնտրտուքը շարունակվում է

19206363_779661185536601_599410320_n

«Իմ կյանքի ճանապարհը» նախագծի շրջանակներում հերոսների փնտրտուքների արդյունքում մի քանի տասնյակ պատանիներից մրցույթի երրորդ փուլի արդյունքում Շիրակի մարզից ընտրվել են հինգը: Ո՞վ կճանաչվի հինգից լավագույնը, ո՞վ կդառնա նախատեսվող ռեալիթի շոուի գլխավոր հերոսներից մեկը:

Վահե Ղուկասյան՝ Բանդիվան, Վարդան Ալվրձյան՝ Հարթաշեն, Զավեն Ամիրյան՝ Զույգաղբյուր, Սուրեն Շահբազյան՝ Մեծ Սեպասար, Նիկոլայ Չափանյան՝ Բերդաշեն:

Ժյուրիի համար ընտրությունը բարդ է: Գրառումներ են անում՝ Վահեն հետաքրքիր է, անկեղծ եւ շփվող, Վարդանը համեստ է, Սուրենը համարձակ ու նաեւ զգացմունքային, Նիկոլայը՝ կոլորիտային… Մեկ բան միավորում է այս տղաներին. բոլորը պատրաստ են հաղթահարել կյանքի դժվարությունները, պարզապես յուրաքանչյուրն այն յուրովի է պատկերացնում:

Տարբեր հարցերի միջոցով ժյուրիի կազմը փորձում է բացահայտել նրանց, հասկանալ բնավորության գծերը. հաստատակա՞մ է արդյոք, ընկերասե՞ր, թե՞ ոչ այնքան, կդիմանա՞ դժվարություններին, կարո՞ղ է ինքնուրույն որոշումներ կայացնել, ինչպե՞ս է պատկերացնում կյանքը մայրաքաղաքում եւ այլն: Պատասխանները տարբեր են, սակայն դրանց միջոցով ժյուրիի կազմն անում է հետեւություններ՝ իրապատումի գլխավոր հերոսի հավակնորդը ով կարող է լինել Շիրակի մարզից:

Ժյուրիի անդամներից յուրաքանչյուրն իր կարծիքն ունի: Քննարկումների եւ գնահատման համակարգի եղանակով առավել միավորներ ստացած մասնակիցը կուղեւորվի մայրաքաղաք՝ իրապատումի նկարահանումներին մասնակցելու:

Հուլիսի սկզբին աշխատախմբերը եւ ժյուրիի կազմը կուղեւորվեն Գեղարքունիքի մարզ: Շրջայցեր կկազմակերպվեն նաեւ այդ մարզի բոլոր տարածաշրջաններում: Ընտրական բոլոր փուլերը կանցկացվեն նաեւ այնտեղ: Վերջնարդյունքում պարզ կդառնա այն երկու պատանիների անունները՝ Գեղարքունիքից եւ Շիրակի մարզից, ովքեր կհարթեն իրենց կյանքի ճանապարհը բոլորիս աչքի առաջ՝ իրապատումի շրջանակներում:

Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝