«Իմ կյանքի ճանապարհը» նախագծի գլխավոր հերոսների փնտրտուքը շարունակվում է

19369208_1559507687457803_1860004705_o

Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Զույգաղբյուր համայնքն է: 17-ամյա Զավենի վրա է տան հոգսը: Մայրաքաղաքում ուսանող քույր ունի, հարկավոր է ամեն ինչ հասցնել: Մեծ տնտեսության գործերն ինքնուրույն է վարում. կազմակերպված, խելացի ու աշխատասեր է Զավենը, ասում են համագյուղացիները:

Գործը չի սպասի, նախ աշխատանքներն է ավարտում, հետո միայն իր հասակակիցների հետ ծանոթանում ԳԱԼԱ-ի «Իմ կյանքի ճանապարհը» նախագծին:

Ինքնուրույն սեփական ճանապարհը հարթելուց գյուղում կոփված աշխատասեր տղաները չեն վախենում, ավելին, սա նրանց համար հերթական փորձությունը կարող է լինել, որը վստահաբար կարող են հաղթահարել:

Հիշեցնենք, նախագծի հերոսները 16-18 տարեկան երիտասարդներն են, ովքեր Երեւանում փորձելու են աշխատանք գտնել, սեփական ուժերով նոր կյանքի սկիզբը դնել: Պատրա՞ստ են, կարո՞ղ են, հիմնականում լսում ենք «այո» պատասխանը:

Տղաների ծնողները եւս շահագրգիռ են՝ թող ավելի կոփվեն, հմտանան, փորձեն հաղթահարել կյանքի դժվարությունները:
Հարթաշենում Վարդան Ալվրձյանն ու նրա ընկերներն են սպասում նախագծի ներկայացուցիչներին: Ծանոթանում են ծրագրի մանրամասներին: Վստահ են՝ ցանկացած աշխատանք կկարողանան հաղթահարել, միայն թե գտնեն, հակառակ պարագայում, ինչպես շատ շատերը, իրենք էլ ստիպված կլինեն ծառայությունն ավարտելուց հետո բռնել արտագաղթի ուղին:

Այսպես, ԳԱԼԱ-ի աշխատախմբերը շրջեցին Աշոցքի տարածաշրջանի գյուղերում, եղան հանդիպումներ տարիքային հիշյալ խմբի ներկայացուցիչների հետ:

Աշխատախմբերը շուտով կմեկնեն Գեղարքունիքի մարզ: Ռեալիթի շոուի հերոսներից մեկը լինելու է այդ մարզից:

Նախագծի նպատակը, հիշեցնենք, երկրում առկա խնդիրները վեր հանելն է, այն իրական դժվարությունները ցույց տալը, որոնց հանդիպում է աշխատել կամեցող քաղաքացին: Այցերը գյուղեր խոսուն կերպով արտահայտում են նաեւ դեմոգրաֆիկ ճգնաժամը: Շատ հեռավոր գյուղերում անգամ չկան այս տարիքային խմբի տղաներ: Եթե կան էլ, ապա հոգսերի մեջ ներքաշված: Շատ վայրերում տղաները, չնայած առկա մեծ ցանկությանը, ստիպված են լինում հրաժարվել. հարկավոր է օգնել ծնողներին գյուղի աշխատանքները կատարելու: Բացակայության պայմաններում հոգսը կմնա մեծերի ուսին, իսկ իրենք արդեն կարողանում են այդ հոգսը կիսել:

Այս դեպքում ծնողներն են դառնում հիմնական խորհրդատուն… «Կյանքի ճանապարհը պետք է կերտել, մենք կդիմանանք, կարեւորը երեխաները լավ լինեն»,- ասում են ծնողներն ու հավելում՝ կարեւորը նրանց ուղեկցի հաջողությունն ու իրենց օրհնությունը:19359224_1559507730791132_1950146065_o 19369059_1559507650791140_1830857743_o

 

Դիտվել է՝