Միջազգային մրցույթում հավանության է արժանացել ԳԱԼԱ-ի հեռուստանախագիծը. մամլո ասուլիսի ժամանակ փորձագետները մանրամասներ են ներկայացրել

Снимок

Կյանքի ճանապարհն ինքնուրույն կերտել կամեցող երիտասարդների փնտրտուքները շարունակվում են: ԳԱԼԱ-ի աշխատանքային խմբերը շրջում են Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում, հանդիպում երիտասարդների հետ, ներկայացնում ծրագրի մանրամասները: Շուտով նաև աշխատախմբերը կմեկնեն Գեղարքունիքի մարզ:

ԳԱԼԱ-ի կողմից իրականացվող ուշագրավ և հետաքրքիր նախագծի մանրամասները նախագծում ներգրավված անձինք՝ ԳԱԼԱ-ի աշխատախմբի անդամները, ներկայացրեցին լրագրողների «Ասպարեզ» ակումբում: Հիշեցնենք, Շիրակի և Գեղարքունիքի մարզերից մրցութային կարգով ընտրվելու են երկու երիտասարդ՝ 16-18 տարեկան, ովքեր նախաձեռնող եւ համարձակ են, ովքեր պատրաստ են անցնել փորձությունների միջով և հաղթահարել դրանք, ովքեր աշխատել են ցանկանում:

Նկարահանումները տեղի կունենան մայրաքաղաքում: Ռեալիթի շոուի շրջանակներում երկու մարզերից ընտրված հերոսները մայրաքաղաքում փորձելու են աշխատանք գտնել, բախվել այդ դժվարություններին, փորձելու են գումար վաստակել, հոգալ ապրուստի ծախսերը: Հասկանալի է, որ բազմաթիվ փորձությունների են հանդիպելու:

Նախագծի նպատակը երկրում առկա խնդիրները վեր հանելն է, այն իրական դժվարությունները ցույց տալը, որոնց հանդիպում է աշխատել կամեցող քաղաքացին:
Սակայն սա միակ խնդիրը չէ, որ վեր է հանվում ծրագրի շրջանակներում: Այցերը գյուղեր ցույց են տալիս ժողովրդագրական ճգնաժամը, գյուղական բնակավայրերի և խոշոր քաղաքների բևեռացվածությունը, իշխանությունների՝ տարածքային համաչափ զարգացմանը զարկ տալու խոստումներին զուգահեռ:

Գյուղերում դպրոցն ավարտած և բուհ չընդունված երիտասարդի մտքում անելիքների, ծրագրերի մասին հարցուփորձը միշտ կանխատեսելի պատասխան է ստանում: Բանակից հետո պատրաստվում են մեկնել արտերկիր՝ արտագնա աշխատանքների: Այլ ուղի շատերը չեն տեսնում: Արդյոք իսկապե՞ս չկա ելք, հնարավո՞ր է ոչ թե արտերկրում, այլ սեփական երկրում գտնել ապրուստի միջոց, ի՞նչ խոչընդոտների կհանդիպի երիտասարդն այդ ճանապարհին… «Իմ կյանքի ճանապարհը» իրապատումով այս բոլոր հարցերի պատասխանները կտրվեն:

Միջազգային մրցույթում հավանության արժանացավ ԳԱԼԱ-ի գաղափարը, մրցույթ, որին մասնակցում էին 53 տարբեր երկրների կազմակերպություններ: Նրանցից երեքին, այդ թվում ԳԱԼԱ-ին տրվեց հնարավորություն կյանքի կոչել այս ծրագիրը:

Մինչ այդ, սակայն, միջազգային փորձագետները պետք է համոզվեին՝ կաոր՞ղ է արդյոք ԳԱԼԱ-ի թիմն իրականացնել այդ ծրագիրը:

Համոզվելուց հետո տրվել է ծրագրի մեկնարկը, որը միջազգային չափանիշներին համապատասխան իրականացնելու վճռականություն ու փորձառություն է պահանջում:

Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝