ՄԻՊ-ը պատասխանում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պարզաբանմանը

mip

Մարդու իրավունքների պաշտպանի արձագանքը՝ արտահերթ հրապարակային զեկույցում արձանագրված փաստերի և գնահատականների կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պարզաբանմանը:

Մարդու իրավունքների պաշտպանն իր գործունեության ընթացքում մշտապես կարևորում է պետական մարմինների, այդ թվում՝ ՀՀ արդարադատության նախարարության և հատկապես՝ Քրեակատարողական վարչության հետ համագործակցությունը մարդու իրավունքների և ազատությունների պահպանման գործում:

Ինչպես նշված է «Քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովման վերաբերյալ»  զեկույցում. «Այդ համագործակցությունը հատկապես կարևորվում է ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի հարցերի դեպքում: Այստեղ է, որ հայտնաբերված ցանկացած խնդիր պահանջում է արագ արձագանք իրավասու մարմնի կողմից»:

Գործելով բացառապես ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի շրջանակներում՝ Մարդու իրավունքների պաշտպանն առաջնորդվում է ցանկացած խնդիր համակողմանի և օբյեկտիվ դիտարկելու և բացառապես մասնագիտական իրավական վերլուծության վրա հիմնված գնահատականներ և առաջարկություններ ներկայացնելու սկզբունքով:

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հիմնարար սկզբունքներից է հետևողականությունն իրավունքի խախտումների արձանագրման և վերհանման հարցում: Այս առումով, Զեկույցում տեղ գտած գնահատականները հիմնավոր են և օբյեկտիվ:

Զեկույցի հիմքում ընկած են նաև իրավասու մարմնի ներկայացրած պարզաբանումներն ու տեղեկությունները, առկա խնդիրների լուծմանն ուղղված ձեռնարկվող քայլերը:  

Անդրադառնալով Քրեակատարողական վարչության առանձին պարզաբանումներին՝ հարկ ենք համարում նշել հետևյալը:

Ամեն պարագայում ընդունելի չեն խցակիցների միջոցով ազատությունից զրկված անձանց խնամքի կազմակերպման վերաբերյալ Քրեակատարողական վարչության փաստարկները:Խցակցի կողմից խնամվելու վերաբերյալ անձի ցանկությունը կամ համաձայնությունը բավարար չէ վերջինիս խնամքի ապահովման տեսանկյունից պետության պոզիտիվ պարտականությունը պատշաճ կատարված համարելու համար:

Միջազգային իրավաբանության, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումների և Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի չափանիշների համաձայն՝ հատուկ կարիքներ ունեցող ազատազրկված անձի խնամքի համար պատասխանատվության զգալի բեռը չի կարող բաշխվել պատշաճ որակավորում չունեցող մեկ այլ ազատազրկված անձի վրա:

Հաշվի առնելով վերոնշյալ չափանիշները՝ Զեկույցում արտահայտվել է իրավական դիրքորոշում այն մասին, որ պետությունը պարտավոր է ապահովել հատուկ կարիքներ ունեցող ազատությունից զրկված անձանց մշտական խնամքը հատուկ պատրաստված մասնագետների կողմից: Խցակցի կողմից ազատությունից զրկված անձի խնամքի ապահովման առումով շեշտադրվել է, որ այն ինքնին կարող է խնդրահարույց չլինել, եթե խնամքն իրականացվում է անազատության մեջ պահվող այնպիսի անձի կողմից, որն ունեցել է համապատասխան վերապատրաստում:

Անդրադառնալով «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում ֆիզիոթերապևտիկ ծառայությունների մատուցման հետ կապված դիտարկմանը՝ հարկ ենք համարում նշել, որ Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված մի շարք բողոքների ուսումնասիրությունից և ստացված պարզաբանումներից պարզվել է, որ ֆիզիոթերապևտիկ բուժման կարիք ունեցող ազատությունից զրկված անձանց համապատասխան բուժօգնությունը կազմակերպվել է քաղաքացիական բուժական հաստատություններում՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում նման ծառայություններ չտրամադրելու պատճառով:

Քրեակատարողական ծառայության հնչեցրած մյուս դիտարկումները, այդ թվում՝ Զեկույցում վկայակոչված միջազգային չափանիշների և դրանց իրավական վերլուծության վերաբերյալ, կարող են փարատվել տրված գնահատականներն ու առաջարկությունները Զեկույցում իրականացված ուսումնասիրության մյուս արդյունքների համատեքստում դիտարկելու դեպքում:

Միևնույն ժամանակ, նկատի ունենալով պարզաբանումներում նշված՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից ձեռնարկվող միջոցառումները՝ պատրաստակամ ենք մեր իրավասության շրջանակներում շարունակել համատեղ աշխատանքը՝ առկա խնդիրների լուծման նպատակով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

 

Դիտվել է՝