Երկրի թիվ մեկ հարցը՝ շաբաթօրյակ

14887167229657

Հայաստանում այսօրվանից մեկնարկել է «Մաքուր Հայաստան» ծրագիրը: Պաշտոնական լրահոսն անդադար ազդարարում է, որ Դավիթ Լոքյանը մեկնել է մարզ, ՀՀ ՊՆ-ն մեկնել է Եռաբլուր՝ շաբաթօրյակի, կամ այս մարզպետը մասնակցում է այս մարզի կամ տարածքի մաքրման աշխատանքներին:

«Մաքուր Հայաստան» ծրագրի կնքահայր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ կառավարական պատվիրակությունով ՌԴ Կազան քաղաքում էր, մասնակցում էր Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին:

Առայժմ չի հաղորդվում՝ նա կմիանա՞ համապետական շաբաթօրյակին, թե՞ ոչ: Կային տեղեկություններ, թե Կարեն Կարապետյանն էլ Շիրակի մարզի գյուղերում էր միանալու ծրագրին:

Այդ իսկ պատճառով Շիրակի մարզում առավել զգոն են. երեկվանից բոլոր հնարավոր միջոցներով հայտարարում են՝ Շիրակի մարզը հավուր պատշաճի է նախապատրաստվել համապետական շաբաթօրյակին: Գյումրի քաղաքը քարտեզագրվել է: Մարզում շաբաթօրյակի ժամանակ կաշխատի 92 ինքնաթափ, 20 բարձիչ մեխանիզմ, 4 էքսկավատոր:

Այդ վեհ գաղափարը՝ հայտարարել շաբաթօրյակ

Վարչապետի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Կարեն Կարապետյանն արձանագրեց. երկրում տնտեսական վիճակը շատ վատ է: Առաջին ասուլիսների ժամանակ նա խրոխտ հայտարարում էր երկրի տնտեսությունը զարգացնելու, աղքատությունը հաղթահարելու, կոռուպցիայի եւ մենաշնորհի դեմ պայքար ծավալելու մասին:

Նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀԿ-ն իշխանության համար քարոզչությունն իրականացնում էր հենց իշխանություններին քննադատելու միջոցով: Եվ այդ հարցում ամենաանփոխարինելի անձը հենց Կարեն Կարապետյանն էր, ով անկաշկանդ էր շփումներում, իր ձեռքի ժամացույցն էր ուղարկում ընտրողներին, նրանց հետ կատակում, թե առավոտ վեր կենալուց հետո ինչ են անում, ինչով են զբաղվում սուրճը խմելուց հետո, որ ՀՀԿ-ի ծրագիրն էլ չեն կարդում:

Հիմա տպավորություն է, թե ՀՀԿ-ի ծրագրում ամենակարեւոր դրույթը հենց հայաստանյան շաբաթօրյակն է: Կամ մեր երկրի թշվառության հիմնական պատճառն է այն, որ մարզերի գյուղամիջյան ճանապարհները մաքուր չեն:

Օրակարգի թիվ մեկ թեման

Հարց է ծագում՝ ո՞րն է պատճառը: Ինչո՞ւ է այս հարցը դարձել երկրի թիվ մեկ հարց կամ առհասարակ կառավարության ղեկավարի հարց: Չէ՞ որ յուրաքանչյուր մարզպետարան, գյուղապետարան, թաղապետարան ունի համապատասխան աղբահեռացման կամ կոմունալ ծառայությունների բաժին: Ինչո՞ւ է ՀՀ պաշտպանության նախարարը գնում Եռաբլուր՝ մաքրման աշխատանքներով զբաղվելու, երբ «մաքրման» լիքը աշխատանքներ կան իր կառույցի ներսում:18788737_1349170278507038_1798590232_n

Ինչո՞ւ է Դավիթ Լոքյանը զբաղվում այդ հարցով, մի՞թե հարցերի հարցը Հայաստանում հենց շաբաթօրյակն է:

Երբ աշխատանքի պատրանք ստեղծելու անհրաժեշտություն է առաջանում

Սա հիշեցնում է ՀՀ նախկին վարչապետի՝ Տիգրան Սարգսյանի «գյուղական կանանց դասընթաց»-ը: Բոլորս ենք հիշում, թե վարչապետ Տիգրան Սարգսյանն ինչպես էր սերմերից ու վարկերից դժգոհող գյուղացի կանանց հորդորում կովը կթելուց առաջ լվանալ տաշտակներն ու կովի պտուկները:

Նպատակը շատ պարզ է. երբ վարչապետը գործում է կառավարման անձեռնահասության պայմաններում, երբ իսկապես ուժը չի պատում իրականացնելու իր խոստումները կամ գոնե կառավարությունը ձեւավորելու իր ուզածի պես, ապա ստիպված է խնդիրներն ու իր ղեկավարի ամբիցիաներն իջեցնել այն մակարդակի, որն առավել լուծելի է:

 Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝