Կ. Կարապետյանը՝ շաբաթօրյակի կառավարիչ. Վարչապետը Շիրակի մարզում հսկելու է ճանապարհների մաքրման աշխատանքները

новый коллаж

Մայիսի 27-ին՝ առաջիկա շաբաթ օրը, երկրում տեղի կունենա համապետական շաբաթօրյակ՝ Կարեն Կարապետյանի հայտարարած «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում: Շիրակի մարզում շաբաթօրյակի նախապատրաստման աշխատանքները մեկնարկել էին դեռ նախորդ շաբաթվանից, երբ պետական կառույցների աշխատակիցները, համայնքապետարանի ներկայացուցիչները մարզի համայնքներում մաքրման աշխատանքներ իրականացրեցին: Հիշեցնենք, «Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկը Կարապետյանը տվեց կառավարության՝ փետրվարի 16-ին կայացած նիստում, երբ հայտարարեց, թե քաղաքների, գյուղերի ճանապարհների ու ճանապարհամերձ հատվածներում աղբի կուտակումներ կան, ու աղբահանության հարցն անտեսվում է, ու դա համարեց մարզպետների, համայնքապետերի աշխատանքի թերացում: Կարեն Կարապետյանը հայտարարեց նաև, որ «զբոսաշրջիկների, ներդրողների համար մեր երկիրը գրավիչ և հարմարավետ դարձնելու համար անհրաժեշտ է ապահովել մեր քաղաքների, գյուղերի, այգիների, ճանապարհների և այլ վայրերի մաքրությունը»։

Գոռ Ստեփանյան

Գոռ Ստեփանյան

Շիրակի մարզում որոշել են շատ լուրջ պատրաստվել համապետական շաբաթօրյակին ու հնարավորինս պատշաճ կատարել Կ. Կարապետյանի հանձնարարականը: Հանրակրթական դպրոցներին, բուժհիմնարկներին, մարզային ու քաղաքային ենթակայության ներքո գործող բոլոր կառույցներին զգուշացվել է՝ մեկ մարդու պես մասնակցել մայիսի 27-ի շաբաթօրյակին, քանի որ դա անմիջականորեն վերահսկվելու է Կ. Կարապետյանի կողմից: Խնդիրը կայանում է նրանում, որ այդ օրը մարզ է այցելելու նաև վարչապետը՝ ստուգելու, թե որքանով են հետևողական իր հորդորին, մարզպետ Հ. Սիմոնյանն էլ կոլեկտիվներին ու հատկապես համայնքապետերին ասել է, որ ամեն բան պետք է արվի, որ իր վրա խոսակցություն չգա: Մեզ հետ զրույցում Գեղանիստ ու Գետափ համայնքների ղեկավարները նշեցին, որ հատկապես մաքրելու են դեպի համայնքներ տանող ճանապարհներն ու ներհամայնքային ճանապարհահատվածները. «Գյուղի տարածքը պետք է մաքրենք, ճանապարհների երկայնքով մաքրություն անենք էլի, վարչապետն է ասել, հայտարարված է, որ ողջ ՀՀ-ում համապետական շաբաթօրյակ է»,- ԳԱԼԱ-ին փոխանցեց Գետափի համայնքապետ Գոռ Ստեփանյանը:

 Աղասի Ղազարյան

Աղասի Ղազարյան

Գեղանիստի ղեկավար Աղասի Ղազարյանն էլ ասաց. «Պատրաստվել ենք փողոցներով, ներքին ճանապարհներով մաքրելու ենք, մենք կազմակերպել ենք դպրոցների հետ, դպրոցն ու համայնքապետարանի աշխատողները: «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում է»:

ՀՀ ոստիկանության տեղի կառույցների աշխատակիցները մի քանի օր առաջ են սկսել շաբաթօրյակի աշխատանքներն ու կշարունակեն մինչև շաբաթ օրը. «Մենք էլ մեր տարածքն ենք էս քանի օր է մաքրում ենք, մենք շուտ ենք սկսել, անցեք վարչության, բաժինների կողքով, տեսեք ինչ վիճակ է, շաբաթօրյակ է, բոլորի համար է, մենք ի՞նչխ ենք որ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզային ոստիկանության պետի տեղակալ Աշոտ Գրիգորյանը:

Հովսեփ Սիմոնյան

Հովսեփ Սիմոնյան

Զուցեցինք նաև Շիրակի մարզպետի հետ: Հովսեփ Սիմոնյանը մեզ փոխանցեց, որ ինչպես հարկն է պատրաստվում են շաբաթօրյակին, ի վերջո չի բացառվում, որ Կ. Կարապետյանն էլ իրենց միանա, ուստի փորձում են ոտքի հանել նաև ազգաբնակչությանը. «Ուզում ենք նաև, որ ազգաբնակչությունը դուրս գա, բնակիչն իր շենքի մուտքի տարածքը մաքրի: Նախնական է վարչապետի այցը, ծրագիրը վերջնական որ եղավ, բոլորիդ կտեղեկացնենք այցի երթուղու մասին: Վարչապետը որ եկավ, որոշ տեղերում որոշակի մասնակցություն կունենա էլի, գա հասնի մարզ, գոնե մի ծառ, մի թուփ… ինչ-որ մի բան կանի էլի»,- ասաց Շիրակի մարզպետը:

Կ. Կարապետյանի՝ մարզ կատարելիք այցին պատրաստվում են հատկապես Արթիկի տարածաշրջանի համայնքները, քանի որ Գյումրի հասնելու համար Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն այդ ճանապարհներով է անցնելու: Համայնքաբնակների հետ, հիշեցնենք, Կ. Կարապետյանը վերջին անգամ հանդիպեց նախընտրական շրջանում, լսեց գյուղացիների դժգոհությունը տարբեր հարցերի շուրջ, ու հետաքրքրականն այն է, թե «համապետական շաբաթօրյակի» կազմակերպիչ վարչապետն 2 ամիս անց ճանապարհ մաքրելուց բացի ի՞նչ առաջարկներով ու լուծումներով է ներկայանալու հոգսաշատ գյուղացուն: Մաքուր ճանապարհներն, իհարկե, զբոսաշրջիկի և ներդրողի համար կարող են գրավիչ լինել, սակայն հարցն այն է, թե ինչ «գրավիչ» պայմաններով են գյուղացուն իր հողում պահելու:

Հերմինե Մկրտչյան

Դիտվել է՝