ՄԻԵԴ-ը հանձնարարել է ՀՀ կառավարությանն ապահովել Սասնա ծուռ Արամ Հակոբյանի համար պատշաճ բուժօգնություն եւ դեղորայք

aram hakobyan

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հանձնարարել է ՀՀ կառավարությանն ապահովել Սասնա ծուռ Արամ Հակոբյանի համար պատշաճ բուժօգնություն կալանքի ամբողջ ընթացքում:

Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Արամ Հակոբյանի փաստաբան Դավիթ Գյուրջյանը: Ըստ փաստաբանի՝ ՄԻԵԴ կանոնների համաձայն Հայաստանի կառավարությունը հանձնարարություն է ստացել նաեւ առանց ընդհատումների բուժօգնության հետ միասին նաեւ անհրաժեշտ դեղորայք տրամադրել Հակոբյանին:

Դատարանը նաեւ նշել է, որ մատնանշված միջոցների պատշաճ կատարման ձախողումը Հայաստանի կառավարության կողմից կհանգեցնի Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտման:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանն առողջական խնդիրներ ուներ: Նա մինչեւ կալանավորվելը գլխի ծանր վիրահատություն էր տարել: Կալանավորումից հետո նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր: Նրան դժվարությամբ տեղափոխեցին հիվանդանոց, սակայն անհրաժեշտ բուժօգնություն չէր ստանում: Անհրաժեշտ դեղորայքը դատապարտյալների հիվանդանոցում չէին տրամադրում, եւ նրա հարազատներն էին հոգում դեղորայքի հետ կապված խնդիրները:

Նշենք, որ Արամ Հակոբյանի մասով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան, եւ պաշտպանական կողմը դրանց ծանոթանալու համար 42 օր ժամանակ է խնդրել:

Արամ Հակոբյանը մեղադրվում է ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք, զինամթերք կրելու, պահելու, փոխադրելու եւ շենք, շինություններ զավթելու մեջ:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝