Պատերազմ… ո՞ւմ դեմ

AAAA NEWS

Սերժ Սարգսյանը վերցերորդ գումարման ԱԺ առաջին նիստի ժամանակ իր ելույթում ներքին թշնամի համարեց ոչ թե երկիրը թալանած, տնտեսությունը քայքայած, պետական պարտքի մեջ թաղած, քաղաքացուն ունեզրկած և արտագաղթի ճիրաններին հանձնած սեփական իշխանությանը, այլ արտաբերեց վերացական մեկ բառ՝ անարդարություն: Ահա թե ինչն է, ըստ նրա, գլխավոր չարիքը, որը հիվանդության նման հյուծում ու թուլացնում է պետությունը, պետությունից վանում է իր հազարավոր զավակներին:

Իսկ ո՞ւմ դեմ պայքարել, ո՞վ կամ ովքե՞ր են անարդարություն ծնող ու խրախուսող չարիքը: Ոչ մի խոսք սեփական սխալների, բացթողումների, կառավարման տարիներին արձանագրված բազմաթիվ կորուստների մասին:

Լուծումը տարրական դասարանի շարադրության մակարդակից այն կողմ չի անցնում: Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե ինչպես պայքարել այդ վերացական չարիքի դեմ. «Մենք այսօր պատերազմի նոր փուլ ենք հայտարարում անարդարությանը»,- խրոխտ հայտարարում է նա: Մեզ էլ հորդորում է պայքարել հանուն արդարության՝ նույնպիսի համառությամբ:

Ահա այսպիսի պայքար՝ ներքին թշնամու դեմ:

Կենացները շարունակվում են

2008 թվականից ի վեր ՀՀ նախագահի աթոռը զբաղեցրած անձը հայտարարում է՝ եկել է ժամանակը, որ «թիրախների ամրագրման հորիզոնը դառնա առնվազն 20-25 տարի»… Ապա միանգամից հավելում՝ որն է թիրախային ուղղությունը՝ երկրի տնտեսության զարգացման.

«2016-2040 թվականների ընթացքում ևս մենք պետք է ապահովենք միջինը տարեկան մոտ 5 տոկոս ՀՆԱ աճ և հասնենք ավելի քան 57-60 միլիարդ դոլար ՀՆԱ ցուցանիշի՝ ապահովելով մոտ հինգ և կես անգամ աճ»:

Հարց է առաջանում. պաշտոնավարման տարիները լիովին տապալած Սերժ Սարգսյանն ինչո՞ւ է այսօրվանից հայտարարում 2016-2040թթ. պլանի մասին: Ներքին համոզմո՞ւնք ունի, որ ՀՀԿ-ն դեռ 25 տարի շարունակելու է նույն տեմպերով «տնտեսություն զարգացնել»:

Կենացն այսպիսով չի ավարտվում: Սերժ Սարգսյանը թվարկում է, թե ինչը կարող է զարգացնել երկրի տնտեսությունը, և թվարկում է բաներ, որոնք մշտապես ասվել են, մատնանշվել որպես թիրախային ուղղություններ, տեղ գտել նախընտրական ծրագրային դրույթներում և շարունակել մնալ լոկ բարձր ամբիոնից ելույթ ունենալու համար գրված տեքստեր: Մասնավորապես, Սարգսյանը նշում է՝ բարելավել բիզնես միջավայրը, վերացնել գործարար խոչընդոտները, խթանել մրցունակ, արտահանման մեծ պոտենցիալ ունեցող և հիմնականում տեղական ռեսուրսների վրա հիմնված ոլորտները, բարելավել հարկային համակարգը և վարչարարությունը, տարածքային համաչափ զարգացում ապահովել և այլն:

Պաշտոնավարման տարիներին Հայաստանում աղքատությունը խորացրած, միջինում 30%, Շիրակի մարզում շուրջ 46% աղքատության հասցրած իշխանության ներկայացուցիչը խոստանում է կրճատել աղքատությունը:

«Աղքատության կրճատման հիմնական նպատակային ցուցանիշն աղքատների տոկոսն է ընդհանուր բնակչության թվում, և այդ ցուցանիշն առաջիկա 5 տարում առավելագույնը պետք է կազմի 18 տոկոս, իսկ 2040 թվականին՝ 7-8 տոկոս»:

Նշենք միայն, որ 2008 թվականին, համաձայն ԱՎԾ տվյալների, աղքատության մակարդակը 27.6% է եղել: Այժմ՝ շուրջ 30%:

Ծայրահեղ աղքատության մակարդակը կազմել է 2%՝ 2008թ. արձանագրված 1.6%-ի դիմաց։
Եթե Ադրբեջանը ստորագրեր Կազանի փաստաթուղթը…

Ինչ վերաբերում է արտաքին թշնամու դեմ պայքարին և արցախյան հակամարտությանը, Սերժ Սարգսյանը նախ անդրադարձավ նախընտրական քարոզչության շրջանում «հիմնախնդրի շահարկմանը»:

Արձագանքելով ՀՀ առաջին նախագահ Լևոն-Տեր Պետրոսյանի հայտարարություններին՝ Սարգսյանը նշեց.

«Իրականությունն այն է, որ 1997 թվականի դեկտեմբերի փաստաթուղթը չէր էլ հավակնում հիմնահարցի հանգուցալուծմանը, այլ, ինչպես իր վերնագիրն էր վկայում, ուղղված էր զինված հակամարտության դադարեցմանը։ Այն մի տեսակ զինադադարի նոր համաձայնագիր էր նախատեսում՝ այս անգամ արդեն համեմված խաղաղապահ ուժերով և մի շարք այլ դրույթներով։ Հայկական կողմերը ստանում էին անվտանգության կասկածելի երաշխիքներ և հակամարտության քաղաքական կարգավորման ոչ պակաս կասկածելի ու անորոշ հեռանկար՝ փոխարենն անելով անհամաչափ զիջումներ:

Քսան տարվա վաղեմության այս առաջարկի կողմնակիցները թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա դրա մերժողներին մեղադրում են՝ անվանելով ստատուս-քվոյի պահպանման կողմնակիցներ։ Երբ Բաքուն է կեղծում, թե իբր մենք ցանկանում ենք ամեն գնով պահպանել ստատուս-քվոն, դա միգուցե տեղավորվում է հակառակորդի տրամաբանության շրջանակներում, բայց Հայաստանից հնչող այդպիսի տեսակետը չի կարող ընդունելի լինել»:

Սերժ Սարգսյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանը բազմիցս է կողմ արտահայտվել փոխզիջման հիման վրա հանգուցալուծման գնալու օգտին, ինչն արտացոլված է Կազանի փաստաթղթում: Փաստացի, ևս մեկ անգամ Սարգսյանն ընդգծում է, որ եթե Ադրբեջանը կողմ լիներ, ապա ինքը պատրաստակամ է եղել ստորագրել այն:

«Կազանի փաստաթուղթն այսօր էլ շարունակում է մնալ որպես վերջին աշխատանքային փաստաթուղթ»,- հավելում է նա:

«Այո՛, փոխզիջման հիման վրա, այլ ոչ թե միակողմանի զիջումների՝ տեղի տալով ադրբեջանական սպառնալիքներին, թե հակառակ դեպքում պատերազմն անխուսափելի է: Այո՛, մենք չենք ցանկանում ստատուս-քվոյի պահպանում և ոչ մի օր ավել»:

Սարգսյանը մեսիջ ուներ՝ ուղղված նաև ՀՀ նախկին արտգործնախարար, ՕՐՕ դաշինքի անդամ Վարդան Օսկանյանին՝ Մադրիդյան փաստաթղթին առնչվող տեսակետի վերաբերյալ:

«Մադրիդյան փաստաթղթի հեղինակությունն իրեն վերագրողներից մեկը նախընտրական շրջանում ճանաչեց դրա տասնչորս պարագրաֆներից միայն մեկի հայրությունը՝ մնացածը թողնելով որբ։ Համաձայնեք, ծնողական պարտքի արտասովոր դրսևորում է, հատկապես որ Մադրիդյան փաստաթղթի այդ պարբերությունը լուրջ հարցեր էր առաջացնում։ Ըստ դրա՝ Արցախի իրավական կարգավիճակը որոշվելու էր պլեբիսցիտի միջոցով, որի կապակցությամբ հղում էր արվում Արևմտյան Սահարայի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի 1975 թվականի հոկտեմբերի 16-ի կարծիքին։ Մի եզրակացության, որը մինչ օրս չի իրականացվել, մի եզրակացության, որը զուտ խորհրդատվական կարգավիճակ ունի»:

Իսկ ի՞նչ է փոխել Սերժ Սարգսյանը բանակցային գործընթացում, ի տարբերություն առաջին և երկրորդ նախագահների, որոնց վարած արտաքին քաղաքականության թերությունների մասին է խոսում…

Նրա տրամաբանությամբ նախորդ տարվա ապրիլին ադրբեջանական ագրեսիան է կրկին անգամ ցույց տվել, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար պայքարը միակ ճիշտ ճանապարհն է։

Զավեշտն այն է, որ ինչպես նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում, այնպես էլ հիմա, խոսելով ապրիլյան պատերազմի մասին, Սարգսյանը կատարվածը փորձում է շահարկել, ներկայացնել որպես հաղթանակ, զատել իրեն մյուսներից՝ հենվելով սեփական սխալների արդյունքում տեղի ունեցած ողբերգության վրա, կատարվածը ներկայացնել դրական լույսի ներքո:

Հակամարտության կարգավորման հարցում ի՞նչ է արել Սարգսյանը, որ փորձում է իրեն «շահեկանորեն» առանձնացնել մյուսներից: Այս հարցի պատասխանը կա նրա ելույթում: Ոչինչ:

Պարզապես ինքը պատրաստ է եղել ստորագրել փոխզիջման փաստաթուղթը, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Արդյունքում. «Հիմնահարցը մինչև այժմ չի կարգավորվել ոչ թե Հայաստանի կամ միջազգային միջնորդների պատճառով, այլ Ադրբեջանի, որը խաթարում է բանակցային գործընթացը, որը ստատուս-քվոյի պահպանման ջատագովն է և չի թաքցնում դա»,- պարզաբանում է Սերժ Սարգսյանը:

Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝