Ես՝ «պետության գլուխ», դուք՝ սխալների և թերությունների պատասխանատու

aj 2017

«Դիլետանտների» իշխանություն

Արդարադատության գործուն համակարգը կարող է հաջողություն ունենալ միայն կոռուպցիայի հանդեպ անհանդուրժողականության պայմաններում: Այս մասին 6-րդ գումարման ԱԺ առաջին նիստի ժամանակ հայտարարել է Սերժ Սարգսյանը: Իսկ կոռուպցիայի դեմ պայքար, ըստ նրա, հաջողությամբ իրականացվում է: «Այսօր կոռուպցիայի դեմքը փոխվել է: Աստիճանաբար այն ավելի տեսանելի և խոցելի է դառնում: Պետությունը շարունակում է հասարակության և անհատի մեջ արմատավորել «կոռուպցիայի հանդեպ զրո հանդուրժողականության» մշակույթը»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Ըստ նրա՝ կոռուպցիայի դեմ պայքարում առկա են ձեռքբերումներ: Թե կոնկրետ ինչ հաջողության մասին է խոսում՝ չի հստակեցնում: Բնականաբար, չի նշում նաև ակունքը՝ որտե՞ղ է կոռուպցիոն որջը, ինչո՞ւ իր պաշտոնավարման ինը տարիներից հետո խոսում է ոչ թե կոնկրետ արդյունքների, այլ, այսպես կոչված, հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը կատարելագործելու մասին, որը միջազգային կառույցներից ֆինանսներ կորզելու արդյունավետ մեխանիզմ է դարձել: Գլխից բռնելու մասին դարձյալ ոչ մի խոսք: Մեկ հարցում, սակայն, Սերժ Սարգսյանը ճշգրիտ բնորոշում է իշխող համակարգի բնույթը՝ նշելով, թե ում համար կարող է կոռուպցիան գրավիչ լինել. «Ազնվություն, գումարած պրոֆեսիոնալիզմ, հանած կոռուպցիա». սա է ցանկալի հաջողության բանաձևը: Այստեղ է, որ մենք պետք է հենվենք գործի գիտակների վրա: Կոռուպցիան դիլետանտների համար է գրավիչ, պրոֆեսիոնալների համար այն տհաճ է, վանող և պարզապես անշահավետ»:

Պետական մեքենան Սերժ Սարգսյանի կարծիքով բարեփոխված է: Մնում է անխափան աշխատանքի գործում խորհրդարանականներն իրենց գործն անեն:

Պետության գլխին՝ այսօր և վաղը

«Բարեփոխված» պետական մեքենայի ղեկին ո՞վ կլինի, ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Սերժ Սարգսյանը՝ 2018 թվականից: Այս հարցադրումների պատասխանն առայժմ չի տրվում:

Սարգսյանը միայն նշում է, որ առնվազն մինչև 2018 թվականն ինքը կլինի «որպես պետության գլուխ» և այս մասին շեշտում է մի քանի անգամ՝ ակնարկելով, որ սահմանադրական փոփոխություններով շատ կոնկրետ նպատակներ են հետապնդել, իսկ երեկ, այսօր ու նաև վաղը ինքն է լինելու գլխավոր արբիտրի դերում.

«Ինչպես երեկ, այսօր էլ հայտարարում եմ իմ պատրաստակամությունը՝ Սահմանադրությամբ ինձ վերապահված լիազորությունների շրջանակում օժանդակելու և նպաստելու այդ համագործակցության ու փոխադարձ կապի ամրապնդմանը:
Ես դա անելու եմ նաև վաղը՝ առնվազն մինչև իմ՝ որպես Նախագահի պաշտոնավարման ավարտը»:

Մի փոքր անց դարձյալ կրկնվում է. «Հանրապետության Նախագահին վերապահված են լինելու պետության գլխին բնորոշ՝ գերազանցապես հակակշռող և զսպող լիազորություններ»։

Ի՞նչ տվեց կառավարման խորհրդարանական մոդելը

Սահմանադրական փոփոխություններին հաջորդած խորհրդարանական ընտրությունները և հետընտրական իրավիճակը Սերժ Սարգսյանի կարծիքով եղան ապացույցն այն բանի, որ ճիշտ ճանապարհով են ընթանում:

Հետընտրական իրավիճակի մասին շեշտելով՝ Սերժ Սարգսյանն անշուշտ ի նկատի ուներ այն հանգամանքը, որ նախորդ ընտրությունների նման չեղան հասարակական հուզումներ և ընդվզման գործընթաց, ավելին, «ընդդիմությունն» ընդունեց ընտրությունների արդյունքները՝ համարելով, որ կայացել է լեգիտիմ ընտրական պրոցես:

Ի՞նչ տվեց կառավարման խորհրդարանական մոդելը գործող ռեժիմին: Այս հարցադրման պատասխանը տեղ է գտել Սերժ Սարգսյանի ուղերձում.

«Կառավարման խորհրդարանական ձևին անցնելու միջոցով մենք էապես փոքրացրել կամ նույնիսկ վերացրել ենք քաղաքական դիմակայությունը կամ ճգնաժամը հանրային առճակատման վերածելու վտանգը։ Խորհրդարանական կառավարման ձև հաստատելով՝ մենք չեզոքացրել ենք քաղաքական մենիշխանության սպառնալիքը։ Կարծում եմ, որ սահմանադրական փոփոխությունները վերացրեցին նաև իշխանության տարբեր մարմինների և պաշտոնատար անձանց գործառույթների ու լիազորությունների միջև առկա անհամամասնությունները»:

Գլուխը՝ ես, պատասխանատուն՝ դուք

Մի քանի անգամ շեշտելով իր դերակատարության մասին, թե լինելու է արբիտր, լինելու է պետության գլուխ, լինելու է զսպող և հակազդող ուժ, Սարգսյանը սակայն հարևանցի ակնարկում է, թե իրականում ում վրա է բարդվելու երկրի կառավարման, արտաքին քաղաքական հարցերում պատասխանատվության բեռը:

Այստեղ այլևս նա իր անձի մասին չի խոսում: Պատասխանատվության հարցում առաջին պլան է մղում խորհրդարանին.

«Չի լինի իշխանության գերկենտրոնացում գործադիր իշխանության ղեկավարի ձեռքում, իսկ կառավարության քաղաքական պատասխանատվությունը խորհրդարանի առջև կնպաստի կոլեգիալ կառավարմանը»,- ասում է Սարգսյանը՝ հավելելով, թե այս դեպքում «երկիրը կկարողանա ավելի ճկուն լինել արտաքին քաղաքական մարտահրավերներին դիմագրավելու հարցում, քանի որ քաղաքական որոշումների ընդունման ամբողջ գործընթացը կլինի ավելի կոլեգիալ»։

«Այս դահլիճն այն թիվ մեկ դահլիճն է լինելու, որտեղ պետք է քննարկվեն ու որոշումներ ընդունվեն մեր պետության արտաքին ու ներքին քաղաքականության ամենատարբեր ոլորտներին առնչվող հարցերի վերաբերյալ: Ասել է թե՝ ընդամենը շատ կարճ ժամանակ անց հենց ձեր որոշումներով է ամբողջությամբ պայմանավորված լինելու, թե ինչպիսի հայրենիք մենք կունենանք վաղը, հինգ տարի հետո, հիսուն, հարյուր տարի հետո»:

Սերժ Սարգսյանի խոսքերով՝ եթե կիսանախագահական կառավարման պարագայում նախագահը կարող էր «շտկել սխալները» կամ վերացնել թերությունները, ապա առաջիկայում բոլոր թերացումների և սխալների համար պատասխանատուն կլինի խորհրդարանը: Պատահական չէր նաև Սարգսյանի շեշտադրումը՝ արտաքին քաղաքականության մասով:

Նախքան սահմանադրական բարեփոխումները կային հիմնավոր մտահոգություններ, որ ոչ միայն իշխանության պահպանման, այլ նաև Արցախի հարցում զիջումների գնալու համար են ձեռնարկվում փոփոխությունները՝ պատասխանատվության բեռը չշալակելու համար նաև:

«Ուստի պետք կլինի ապավինել միայն սեփական ուժերին, փորձին, շրջահայացությանը: Լիազորությունների մեծացումը հենց այնպես չի լինում»,- հիշեցնում է Սարգսյանը:

Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝