Ս. Սարգսյանը Հայաստանից Կատար արտագաղթած հայերին ի՞նչ էր խնդրում՝ վերադառնա՞լ, թե՞ փող ուղարկել

serj_sargsyan

Վերջին շրջանում իշխանական վերնախավի այցերն ու հանդիպումները լուրջ մտածելու տեղիք են տալիս: Հանդիպում Արաբական Միացյան Էմիրություններում՝ նախագահի մակարդակով, հետո հնդկական պատվիրակության ընդունելություն կառավարական տանը, իսկ հիմա էլ մի նոր նախագահական այցելություն Կատարի Հանրապետություն: Մի տեսակ տպավորություն է, որ հատուկ հանձնարարական կա՝ նստել, ուսումնասիրել, պեղել-հանել երկրների ցանկից նոր թարմ անուններ ու առանձնակի մեծ շուքով ներկայացնել այդ հանդիպումները՝ տնտեսական, առևտրաարդյունաբերական հարաբերությունների զարգացման տեսանկյունից որպես լուրջ ձեռքբերում:

Մի բան ընդհանուր է, որ բոլոր այս հանդիպումների ժամանակ հայկական կողմը դիմում է՝ գալ և ներդրումներ անել ՀՀ-ում: Ամեն դեպքում պաշտոնական հայտարարության տեքստով մեզ այդպես է մատուցվում հանդիպման նկարագրությունը: Ահա թե ինչպես է Ս. Սարգսյանը դիմել կատարահայությանը հանդիպման ժամանակ:

«Եկե՛ք մեր բոլոր ջանքերը, ուժն ու եռանդը, կարողություններն ու տաղանդը ներդնենք զարգացնելու և հզորացնելու Հայոց պետությունը՝ ոչ միայն հայ մնալով ու գալիք սերունդներին հայ դաստիարակելով, ոչ միայն ազգանվեր ու հայանպաստ գործունեություն ծավալելով, այլև տնտեսական ծրագրեր նախաձեռնելով և իրականացնելով՝ նույնիսկ առօրեական ծրագրեր, նույնիսկ փոքրիկ ծրագրեր:

Եկե՛ք միասին հարթենք հայ ժողովրդի հավերժության ուղին»:

Հետաքրքիր է՝ Ս. Սարգսյանն ի՞նչ ակնկալիք ունի Կատարից կամ կատարահայերից: Կարելի է ենթադրել, որ սպասելիքները լուրջ են, քանի որ վերջին մի քանի ամիսների ընթացքում սա նրա երկրորդ այցն էր այդ երկիր, այն դեպքում, երբ ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում առկա տեղեկությունները չեն խոսում այդ երկրի հետ դիվանագիտական ջերմ հարաբերությունների մասին:

Այսպես, օրինակ, նկատենք, որ դատելով պաշտոնական կայքէջի ինֆորմացիայից, դիվանագիտական հարաբերություններն այդ երկրի հետ այնքան էլ ջերմ չեն:

Նշված է, որ Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1997թ. նոյեմբերի 5-ին:

Սակայն չկա որևէ տեղեկություն, որ Հայաստանի պաշտոնյաներից որևէ մեկը պաշտոնական կամ աշխատանքային այցով եղել է Կատարում:

Նշված է, որ իրավական դաշտը կարգավորվում է մի շարք համաձայնագրերով, ինչպես, օրինակ.

Իրավապայմանագրային դաշտ

ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ

  • Համաձայնագիր առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ. 22 ապրիլի, 2002թ., Դոհա
  • Համաձայնագիր ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին. 22 ապրիլի, 2002թ., Դոհա
  • Համաձայնագիր երկակի հարկումը բացառելու մասին. 22 ապրիլի, 2002թ., Դոհա
  • Համաձայնագիր օդային հաղորդակցության բնագավառում համագործակցության մասին. 22 ապրիլի, 2002թ., Դոհա
  • Համաձայնագիր միջկառավարական համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին. 22 ապրիլի, 2002թ., Դոհա
  • Համաձայնագիր գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին. 22 ապրիլի, 2002թ., Դոհա

Չնայած այս ամենին՝ առևտրաարդյունաբերական կապերը ևս, կարելի է ասել, բացակայում ես այս երկրի հետ: ՀՀ ԱՎԾ պաշտոնական տվյալներով՝ միայն 2009թ.-ին է նկատվել առևտուր այս երկրի հետ, այն էլ միակողմանի՝ միայն ներմուծում է գրանցվել, իսկ արտահանում՝ ոչ:

Առևտրատնտեսական կապեր

Հայաստանի և Կատարի միջև ապրանքաշրջանառության ծավալները /հազ. ԱՄՆ դոլար/ 66

Հայերը Կատարում

Պաշտոնական լրահոսում հայտարարվում է, որ Ս. Սարգսյանը հանդիպել է հայ համայնքի հետ: Սակայն չի նշվում, թե քանի հոգի է մասնակցել այդ հանդիպմանը Կատարի մայրաքաղաքում: Բավական է նշել, որ ամբողջ պետությունում՝ Կատարում, կան 800-1500 հայեր:

Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ Կատար ներգաղթած գաղթականների մի մասը Հայաստանից և Ռուսաստանից եկած հայեր են: Նշանակում է՝ այս մարդիկ երկիրը լքել են, արտագաղթել՝ սոցիալական վատ պայմանների կամ միգուցե իրավական անարդարությունների դեմ բողոքելով, իսկ Ս. Սարգսյանը գնացել է Կատար ու այս մարդկանց առաջարկում է գալ ու ներդրում անել ՀՀ-ում, Ս. Սարգսյանն է ասել՝ «ջանքեր ու տաղանդ ներդնել՝ զարգացնելու և հզորացնելու Հայաստանը»:

 Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝