Հրավառություն անողները չեն հասկանում, թե ինչ հարված են հասցնում ազգին եւ ժողովրդին, չեն հասկանում, թե ինչ է պետությունը…

hq720

ԳԱԼԱ-ի զրուցակիցն է քաղաքագետ Գեղամ Նազարյանը:

-Պարոն Նազարյան, տեղի ունեցան հերթական ընտրությունները՝ կանխատեսելի ելքով:  ՀՀԿ-ն ստացավ ավելի քան 70 տոկոս քվե: Այս արդյունքով վերստին ի՞նչ ամրագրեցին գործող իշխանությունները եւ ՀՀ քաղաքացիները:

-Եթե հենվենք պաշտոնական արդյունքների վրա, ապա ստացվում է, որ ընտրելու իրավունք ունեցող երեւանցիների 75 տոկոսը ՀՀԿ-ի օգտին չի քվեարկել: Սա շատ խոսուն թիվ է: Հենց այս թիվն է հուշում, թե ինչ մթնոլորտ եւ իրավիճակ է տիրում երկրում: Այս արդյունքով ամրագրվում է, որ կա խորը անվստահություն իշխանությունների հանդեպ եւ խորը անվստահություն ընդդիմության հանդեպ: Սա է իրականությունը:

- Մեղքի բաժին ունե՞ն այն քաղաքական ուժերը, որոնք մասնակցում են գործընթացին՝  փաստացի լեգիտիմացնելով ընտրական պրոցեսը:

-Կարծում եմ մեղքի բաժին ունենք բոլորս, բայց այս ամենի պատասխանատուն իշխանություններն են: Տարօրինակ է նաեւ այն քաղաքական ուժի պահվածքը, որը զբաղված է ընտրությունները լեգիտիմացնելու գործով, անգամ շտապելով առաջ անցնել ՀՀԿ-ից:

-Ձեր նախորդ հարցազրույցներից մեկում նշել էիք, որ ընտրակաշառք վերցնելը դարձել է հիվանդություն, եւ որ դրա մեղավորը իշխանությունն է, որը չի ստեղծում պայմաններ, որ մարդը չզգա 10-20 հզր դրամի կարիքը: Արդյոք չի՞ ստացվում փակ օղակ, որի մեջ անընդհատ պտտվում ենք: Փողը տալիս է իշխանությունը, քաղաքացին ընտրում է փողը, իշխանությունը վերարտադրվում է: Այս օղակից ելքը ո՞րն է, ինչպե՞ս  դուրս գալ փակուղուց, ինչպե՞ս արթնացնել այն մեծաթիվ քաղաքացիներին, ովքեր բոյկոտում են ընտրական գործընթացը եւ չեն մասնակցում պրոցեսներին:

– Ցավոք, հիմա ճգնաժամ է: Հայաստանում քաղաքական դաշտ, որպես այդպիսին, գոյություն չունի: Հիմա պետք է բոլոր առողջ ուժերը խելք-խելքի տան, հասկանալու համար, թե ինչպես պետք է դուրս գանք այս խայտառակ իրավիճակից: Իշխանությունների իրական վարկանիշը մոտ է զրոյին: Ցավոք, ընդդիմադիր ուժերն էլ կորցրեցին իրենց վարկանիշը՝ այս ընթացքում պայքարելով միմյանց դեմ, անվանարկելով միմյանց: Մնում է հուսալ, որ այս խայտառակ իրավիճակից դուրս կգանք առանց ծանր ցնցումների: Իսկ թե ինչպես ենք դուրս գալու, հիմա իմաստ չունի խոսել, քանի որ ելքը չի երեւում: Ավելի ճիշտ՝ դեռ չի երեւում, բայց հաստատ կերեւա:

-Կայացած ընտրություններից հետո կանխատեսելի է, որ ՀՀ քաղաքացիներից շատերը կբռնեն արտագաղթի ճանապարհը: Ձեր կարծիքով, ինչու՞ է քաղաքացին գերադասում բողոքել «ոտքերով»՝ հեռանալով, այլ ոչ թե պայքարելով, կռիվ տալով…

-Սա շատ խորքային հարց է: Ունի մի շարք պատճառ: Եթե անկեղծ լինենք, ապա մեր ազգի մի մասի մոտ պանդխտությունն արյան մեջ է: Այնպիսի տպավորություն է, որ առիթ են փնտրում Հայաստանից, հայրենիքից հեռանալու համար: Իհարկե, երբ ազգը մոտ հազար տարի զրկված է եղել պետականությունից, երբ ապրել է այս կամ այն ցեղի, պետության տիրապետության ներքո, ապա այսպես էլ պետք է լիներ: Ցավալի է, բայց փաստ, որ անցած տարիների, անկախության տարիների ընթացքում իշխանությունները ոչինչ չարեցին կամ գրեթե ոչինչ չարեցին, որ այս ախտը դուրս գա մեր միջից: Ավելին, այնպիսի տպավորություն է, որ իշխանությունները նույնիսկ շահագրգռված են, որ բնակչության թիվը նվազի: Բայց մի պահ պետք է կանգ առնենք: Մի պահ պետք է հասկանանք, որ այսպես շարունակել չի կարելի: Մի պահ պետք է հասկանանք, որ պետություն պահելը ծանր ամենօրյա աշխատանք է: Մենք պետք է հետեւություններ անենք անցած 25 տարվա պատմությունից: Իսկ արտագաղթը, անկեղծ լինենք, լուծում չէ: Արտագաղթը պարտություն է: Արտագաղթը մեր թշնամիների գերագույն երազանքն է:

-Պարոն Նազարյան ներքաղաքական ինչպիսի՞ վերադասավորումների սպասել այժմ: Որտե՞ղ կլինի գործող վարչապետը, որտե՞ղ՝ Սերժ Սարգսյանը. վերջինս հնարավո՞ր է բավարարվի կուսակցապետի պաշտոնով:

-Այս հարցերը պետք է հենց նրանց տալ, իսկ ինչ վերաբերում է վերադասավորումներին, ապա վերադասավորումների մասին խոսելն ավելորդ է: Ի՞նչ վերադասավորումներ: Հիմա պետք է մտածել քաղաքական դաշտ ստեղծելու մասին: Եկեք մեզ չխաբենք. քաղաքական դաշտ չկա, այն ամայացել է: Հիմա պետք է մտածել նոր դաշտ ձեւավորելու մասին:

-Սոցիալ-տնտեսական, արտաքին քաղաքական, ներքաղաքական ինչպիսի՞ հինգ տարի է լինելու ՀՀ քաղաքացու համար մինչեւ հաջորդ ընտրությունները:

-Մենք հիմա ունենք անցումային 11 ամիս: 2018թ.-ի ապրիլին ավելի հստակ կարող ենք անդրադառնալ ձեր այս հարցին, իսկ առայժմ հնգամյա կտրվածքով խոսելն անլուրջ կլինի:

-Եւ վերջում հրավառության մասին… Ձեր ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ Երեւանում իրենց հաղթանակն են տոնել ՀՀԿ-ականները: Ի՞նչ հաղթանակ են տոնում, ի՞նչ եք կարծում, չե՞ն զգում, որ կեղծ, շինծու, անիրական է այդ խրախճանքը: Վերջիվերջո, քաղաքացին գնաց եւ «ընտրեց» ՀՀԿ-ին, ընտրությունները կեղծվեց ՀՀ քաղաքացու ձեռքով. գուցե իսկապե՞ս պետք է հարմարվել այդ մտքի հետ, որ ՀՀԿ-ն թելադրում է խաղի իր կանոնները, որը ընդունում են թե՛ քաղաքական ուժերը  եւ թե՛ քաղաքացիների մի ստվար հատված…

-Հրավառություն անողները, հավատացեք, չեն հասկանում, թե ինչ հարված են հասցնում ազգին եւ ժողովրդին: Նրանք չեն հասկանում, թե ինչ է պետությունը, ինչ է քաղաքականությունը: Նրանց թիվ էր պետք, ստացել են եւ խրախճանքի մեջ են: Հրավառություն, հրավառություն, հրավառություն, հետո ուտել-խմել, խմել ու խմել: Մենք նրանց ներում ենք, քանզի չեն գիտակցում, թե ինչ են անում:

Ինչ վերաբերում է, թե ով ում է ընտրել, ապա կրկնում եմ, նույնիսկ պաշտոնական թվերով, երեւանցիների 75 տոկոսը ՀՀԿ-ին չի քվեարկել,վստահության քվե չի տվել: Մնում է մենք բոլորս համապատասխան հետեւություններ անենք:

Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝