«Իրավապահ մարմինների կողմից համապատասխան գործողություն կատարելու վերաբերյալ արձագանք չկա». Զ. Փոստանջյան

Զարուհի Փոստանջյան

Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակիցների նախաձեռնությամբ և նրանց անմիջական մասնակցությամբ իմ և իմ դստեր՝ Լիլիթ Դրամփյանի նկատմամբ տեղի է ունեցել բռնություն: Բռնությամբ հասցված մարմնական վնասվածքների պատճառով ես և Լիլիթ Դրամփյանը դիմել ենք բժշկական օգնություն ստանալու համար «Շտապ օգնություն» և «Արմենիա» բժշկական հիմնարկներ: Վերը նշված ծառայությունները արձանագրել են մեզ պատճառված մարմնական վնասվածքները ու դրանք ստանալու հանգամանքները, և այդ տեղեկատվությունը, համաձայն սահմանված կարգի, փոխանցել են համապատասխան իրավապահ մարմնին:

Բացի վերը նշվածից՝ ԶԼՄ-ները նույնպես հրապարակել են մեր նկատմամբ կատարված բռնությունը: Դեպքից անցել է ավելի քան 24 ժամ, սակայն իրավապահ մարմինների կողմից համապատասխան գործողություն կատարելու վերաբերյալ արձագանք չկա:

Ակնհայտ արտառոց դեպք է, երբ ուղեղի ցնցում ախտորոշմամբ մարդուն տեղափոխում են հիվանդանոց, և այդ մասին տեղեկացված  իրավապահ մարմինը միջոցներ չի ձեռնարկում՝ իրականացնելու իր պարտականությունները` անցկացնելու հետաքննություն:

Հայաստանի Հանրապետությունում ոչ ոք  չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի: Եթե առկա է նման փաստի վերաբերյալ հայտարարություն, պետության պարտականությունն է` ի դեմս իրավապահ մարմնի կատարել համապատասխան հետաքննություն՝ օգտագործելով բավարար միջոցներ վերացնելու իրավունքի խախտումը:

Հայաստանի Հանրապետությունում անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից՝ խտրականությունն արգելվում է:

 Զարուհի Փոստանջյան

 «Երկիր  Ծիրանի» կուսակցության նախագահ

ՀՀ ԱԺ պատգամավոր

Երևանի քաղաքապետի թեկնածու

Դիտվել է՝