Սադրանք՝ ուղղված միջպետական հարաբերություններին, զուր վճարված գումարներ, սպասվելիք հարցաքննություն ու բացահայտումներ և ոչ միայն. հուլիսի 19-ի ամփոփումը

gov

Օրվա գնահատականը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպը որակեց անթույլատրելի և համարեց սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների և ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության:

Օրվա հարցադրում-հանձնարարականը. ինչո՞ւ վճարել, եթե պետք չէ վճարել

ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀՀ-ում կան վարկային ծրագրեր, որոնք կամ չեն մեկնարկել, կամ կիսատ են մնացել, սակայն վարկային ծրագրերով ՀՀ-ն վճարումներ է կատարում: Նախարարներին հանձնարարվեց պարզել և ներկայացնել դրանց ցանկը:

Օրվա պնդումները

Տարոն Մարգարյանը դեռ այս փուլում չի հրավիրվել ԱԱԾ քննչական վարչություն, բայց առաջիկայում կհրավիրվի: «Երևան» հիմնադրամում էլ ստուգումները մոտենում են ավարտին, և այն անպայման դատական ավարտ է ունենալու: Առաջիկայում սպասեք նոր աղմկահարույց բացահայտումների: Այսպիսի պնդումներ արեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Օրվա նախապայմանը

«Ես պատրաստ եմ առաջադրվել ՀՖՖ նախագահի պաշտոնում միայն այն դեպքում, եթե ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչներն ինձ հավաստիացնեն, որ իրենք էլ դեմ չեն ինձ տեսնել ՀՖՖ նախագահ: Վերջնական որոշում դեռ չունեմ, բայց ցանկություն ունեմ»: Հայտարարությունը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանինն է:

Օրվա բողոքողները. Պողոսն ու Պետրոսը ստացել են, ես ինչո՞ւ չպիտի ստանամ

Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անցկացրին Դալմայի այգիների նախկին հողօգտագործողները: Նրանք պահանջում են սեփականաշնորհել տարիներ շարունակ իրենց մշակած հողերը: Նրանց ունկնդրեց մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և խոստացավ լուծել խնդիրը:

Բողոքի ակցիա իրականացրին նաև մի խումբ երիտասարդներ՝ պահանջելով վերականգնել իրենց տարկետման իրավունքը, իրենց պնդմամբ՝ քննությունն անցել է խախտումներով:

Օրվա վիճակագրական կանխատեսումը

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կանխատեսմամբ՝ 2050թ. 4 բնակչից 1-ը կլինի 63 և ավելի տարեկան, այսինքն՝ ՀՀ բնակչության ծերացման ցուցանիշը կհասնի 25 տոկոսի: Այժմ այդ ցուցանիշը մոտ 12 տոկոս է:

Օրվա թևավոր արտահայտությունը

«Եթե ձեզ թվում է, որ իմ անելիքն առավոտից երեկո դարդ անելն է, թե վա՜յ, այս ի՞նչ կադր նշանակեցի, կներեք, դրանում չէ իմ անելիքը:

Գնահատեք իմ աշխատանքը, ոչ թե այն՝ Անանյանը լավ կադրային քաղաքականություն է վարում, թե ոչ: Դուք դրանք թեթև տարեք, դուք տեսեք, թե ՊԵԿ-ը գործուն համակա՞րգ է, թե՞ ոչ»,- ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Անահիտ Ավագյան

Դիտվել է՝