Հայաստանյան «արդարադատություն». 19 հազար եվրոյի փոխհատուցում ՄԻԵԴ-ի վճռով

13147

Հայաստանի իշխանությունները պարտավոր են ՀՀ քաղաքացի, Երևանի բնակչուհի Եվգենյա Ֆիդանյանին վճարել 19 հազար եվրո գումար: Այս մասին որոշում է կայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ հերթական անգամ հրապարակելով ակտ, որը կպարտավորեցնի ՀՀ-ին վճարել քաղաքացուն 2009թ.-ին նրա իրավունքները խախտելու և ապօրինի կերպով աշխատանքից հեռացնելու համար:

ՄԻԵԴ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ՄԻԵԴ-ի այս վճիռը հիմնված է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 34-րդ հոդվածի վրա: Քաղաքացին գանգատ է ներկայացրել 2012 թվականի սեպտեմբերի 19-ին:

Վերջինս հարկային պետական ծառայության աշխատակից է եղել, ում հետ պայմանագիրը 2009 թվականին կոմիտեի նախագահը որոշել է լուծել, ինչից հետո քաղաքացին դատական հայց է ներկայացրել կոմիտեի դեմ:

2009-ին վարչական դատարանը բավարարել է դիմումատուի երեք պահանջները: Այդ վճիռն անփոփոխ է թողնվել բարձրագույն դատական ատյանի՝ վճռաբեկ դատարանի կողմից, և 2009 թվականի նոյեմբերի 4-ին այն դարձել է վերջնական: Համաձայն վարչական դատարանի որոշման՝ ՊԵԿ-ը պետք է քաղաքացի Ֆիդանյանին իր պաշտոնում վերականգներ և նրան վճարեր 1,197,748 դրամ աշխատավարձ՝ հարկադիր պարապուրդի դիմաց: Գումարը վճարվել է քաղաքացուն, սակայն նրա պայմանագիրը չի վերականգնվել: Եվ քաղաքացին այնուհետ դիմել է ՄԻԵԴ, և գանգատը վարույթ է ընդունվել 2013-ին:
 
Դիմումատուն պահանջել է 26 մլն 535 հզր ՀՀ դրամ՝ որպես նյութական վնասի հատուցում, և 19.000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, ևս 800.000 ՀՀ դրամ՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում:

ՄԻԵԴ-ը վճռել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում:

Հայաստանը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները.

նյութական վնասի դիմաց՝ 14.165 եվրո

ոչ նյութական վնասի դիմաց՝ 3600 եվրո

ծախսերի և ծախքերի դիմաց՝ 1300 եվրո:

Հավելենք, այս տարվա ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության կայացրել է 6 վճիռ: 2016 թվականին՝ մինչև հունիս ամիսը ներառյալ, ընդդեմ Հայաստանի վճիռների թիվը եղել է 8: Գումարային հաշվարկով 2017 թվականի առաջին 5 ամիսների ընթացքում ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է ՀՀ կառավարությանը 5 գործերով կայացված վճիռներով 28 հազար 500 եվրո գումար վճարել հայցվորներին՝ ներպետական դատական ատյաններում խախտված իրավունքների դիմաց արդարացի փոխհատուցման համար:

Ս. Սարգսյանի պաշտոնավարման տարիներին ընդդեմ ՀՀ ՄԻԵԴ-ը կայացրել է ավելի քան 70 վճիռ, վճարվել է ավելի քան 490 մլն դրամ գումար:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝