Ի՞նչ հարց է լուծում կառավարությունը դպրոցների օպտիմալացմամբ

img_5873

ՀՀ կառավարության վերջին նիստի ժամանակ Կ. Կարապետյանը հանձնարարեց կրթական համակարգում սկսել օպտիմալացման գործընթաց եւ վերանայել մանկավարժների վճարման կարգը՝ կիրառելով աշխատավարձի հաշվարկման նոր բանաձեւ:

Այն, որ ՀՀ-ում դպրոցները թերբեռնված են, սա նորություն չէ: Հատկապես սահմանամերձ համայնքներում կան դպրոցներ, որտեղ աշակերտների թիվը մանկավարժների թվից էլ պակաս է: Կան դպրոցներ, որտեղ առաջին, երկրորդ, երրորդ դասարանցիների թիվը միասին մի նորմալ դասարանի թիվ չի կազմում: Այդ իսկ պատճառով երբեմն դասարանները միացվում են՝ չնայած տարիքային ու ծրագրային տարբերություններին:

Դպրոցների օպտիմալացման առաջին փուլը

Նման իրավիճակ ՀՀ դպրոցներում ստեղծվել էր 2002-2003թթ: Պատճառն արտագաղթն էր:

ՀՀ պետական վիճակագրության համաձայն՝ 1992-1994թթ. Հայաստանը լքել է 600 հազար քաղաքացի, 1995-2001թթ.՝ եւս 250 հազար քաղաքացի: Այս ընթացքում դպրոցահասակ երեխաների թիվը, դարձյալ պետական վիճակագրության համաձայն, էականորեն կրճատվեց:

Այդ իսկ պատճառով կրթական համակարգում 2005-2006թթ. սկսվեց օպտիմալացման գործընթացը, որը, ճիշտ է, շատ ցավոտ գործընթաց էր, բայց այլընտրանք չուներ:

Ստիպված էին աշխատանքից դուրս թողնել մեծաթիվ մանկավարժ կադրերի եւ այդ գնով բարձրացնել համակարգում մնացած իրենց գործընկերների աշխատավարձերը:

Բոլորս ենք հիշում, որ 2000-ականների սկզբում մանկավարժների աշխատավարձը ՀՀ-ում ամենացածր մակարդակի վրա էր: Ուսուցիչները վճարվում էին 15-20 հազար, լավագույն դեպքում՝ 30 հազար դրամով: Օպտիմալացումն անհրաժեշտություն էր, բայց ոչ լուծում առաջացած խնդրի, քանի որ 2005-2006թթ.-ին սկիզբ առավ միգրացիայի մի նոր ալիք, երբ արտագաղթում էին մանկավարժները:

Նոր օպտիմալացման անհրաժեշտությունը

Հիմա ստեղծվել է նույն իրավիճակը: Բավական է նշել, որ ՀՀ անկախության առաջին տարիների համեմատությամբ դպրոցականների թիվը կրճատվել է կիսով չափ: Այսպես, եթե անկախության առաջին տարիներին ՀՀ-ում կար շուրջ 600 հազար դպրոցական տարիքի երեխա, ապա հիմա հազիվ 360 հազար է կազմում նրանց թիվը:

Կրթական ոլորտում օպտիմալացման առաջին փուլից առաջ դպրոցականների թիվը շուրջ 500 հազարի կարգի էր: Նշանակում է՝ 2003թ.-ից հետո եւս 140 հազարով նվազել է:

44444

Թե օպտիմալացման այս փուլում քանի դպրոց կփակվի, դեռ հստակ թիվ հայտնի չէ: ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն անցած շաբաթ կառավարության ղեկավարին ներկայացրեց շուրջ 20 դպրոցների օպտիմալացման ծրագիր, որոնք հիմնականում համայնքներում գործող հաստատություններ են: Սակայն առաջիկայում միավորվելու են նաեւ 300-ից պակաս աշակերտ ունեցող դպրոցները, որոնք քաղաքային բնակավայրերում են գործում:

Ի՞նչ հարց է լուծում կառավարությունը դպրոցների օպտիմալացմամբ

1.Ֆինանսական միջոցների տնտեսում:

2.Մանկավարժի աշխատավարձի բարձրացում:

ՀՀ-ում միջնակարգ կրթության ծրագրով դասավանդող ուսուցչի աշխատավարձի չափը պայմանավորված է դպրոցի աշակերտների թվով, կա ֆինանսավորման հաստատված բանաձեւ՝ ըստ աշակերտների թվի: Սակայն այն դպրոցները, որտեղ աշակերտների թիվը շատ ավելի քիչ է, օրինակ համայնքային դպրոցներում, մանկավարժներին վճարում են ֆիքսված աշխատավարձ:

Սա անշուշտ հարվածում է ՀՀ կառավարության բյուջեին:

Երկրորդ՝ անցած մի քանի տարիների ընթացքում էականորեն նվազել է նաեւ մանկավարժի աշխատավարձը:

Ներկայում ՀՀ-ում մանկավարժի միջին աշխատավարձը կազմում է շուրջ 90 հազար դրամ, սա այն դեպքում, երբ ՀՀ-ում միջին անվանական աշխատավարձը դրա կրկնակին է՝ 188.851դրամ: Այսինքն մանկավարժը, որը համարվում է էլիտա, վճարվում է ՀՀ միջին անվանական աշխատավարձի կեսի չափով: Օպտիմալացումը հնարավորություն է տալիս դարձյալ կրճատված գործընկերների հաշվին աշխատավարձի բարձրացում ապահովել:

Համեմատության համար հավելենք.

2010թ.-ին մանկավարժի միջին աշխատավարձը կազմել է 120 հազար դրամ, 2014թ.-ին՝ 152 հազար դրամ, 2017թ.-ին՝ 90 հազար դրամ:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝