«Նախաքննության մարմինը վախեցել է արձանագրել Սասնա ծռերի գլխավոր պահանջը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը»

55555555

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տարածած հաղորդագրությամբ տեղեկացրեց, որ ՊՊԾ գնդի տարածքի գրավման գործով 14 մեղադրյալների վերաբերյալ անջատված քրեական գործն ուղարկվել է դատարան:

ՀՔԾ փոխանցմամբ՝ «Հարձակման ընթացքում զինված խմբի անդամ Արմեն Բիլյանի կողմից հրազենային վիրավորումից սպանվել է գնդում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակից՝ ՊՊԾ գնդի հերթապահի օգնական, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը, իսկ խմբի մյուս անդամ Սմբատ Բարսեղյանի կողմից սպանվել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: 2016 թվականի հուլիսի 30-ին Սմբատ Բարսեղյանի կողմից սպանվել է նաև ՀՀ ՈԶ թիվ 1033 զորամասի ծառայող, ոստիկանության ենթասպա Յուրի Տեփանոսյանը»:

Հայկ Ալումյան

Հայկ Ալումյան

Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով քննչական ծառայության հաղորդագրությանը, նախ նշեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքը: Ալումյանը հույս հայտնեց, որ առաջիկայում տեղի կունենա օբյեկտիվ, թափանցիկ, բազմակողմանի և բոլորի համար համոզիչ դատաքննություն:

«Ես նախաքննության ընթացքը չէի կապի դատարանի քննության որակի հետ: Տեսնենք, դատարանում կերևա… Պարզապես հույս ունենանք, որ ամեն ինչ կլինի օբյեկտիվ: Դատարանում ապացույցները նրանք պետք է ներկայացնեն: Մենք ապացուցելու պարտականություն չենք կրում, այլ պարզապես իրենց ներկայացրած ապացույցների վերաբերյալ պետք է ներկայացնենք մեր դիրքորոշումը: Պաշտպանական կողմն, իհարկե, կարող է նաև իր սեփական ապացույցները ներկայացնել, զրկված չէ այդպիսի իրավունքից, բայց ամեն դեպքում մենք չէ, որ պետք է ապացուցենք, այլ մեղադրանքի կողմը պետք է ապացուցի, որ մեղադրանքը հիմնավոր է»,- նշեց Հայկ Ալումյանը:

«Քննությամբ պարզվել է նաև, որ Վարուժան Ավետիսյանն ու Պավել Մանուկյանը մի խումբ այլ անձանց հետ նախապատրաստել են 2015 թվականի ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը»,- նշված է ՀՔԾ հաղորդագրության մեջ:

Վարուժան Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Պավել Մանուկյանին՝ ՔՕ 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Հարություն Բաղդասարյան

Հարություն Բաղդասարյան

Պավել և Արամ Մանուկյանների փաստաբան Հարություն Բաղդասարյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց, որ որևէ մեղադրանքի վերաբերյալ ցուցմունք չեն տվել իր պաշտպանյալները, քանի որ չեն ընդունում առաջադրված մեղադրանքները՝ ոչ մի հոդվածով:

«Ինչ վերաբերում է հիմնավորվածությանը, ըստ իս, ընդհանրապես հիմնավորված չէ: Մեղադրական եզրակացությունը դեռևս մեզ չեն ուղարկել, բայց մեղադրանքի ծավալին քանի որ ծանոթ ենք, գտնում ենք, որ հիմնավորված չէ, որովհետև ամեն ինչ դիտվում է քրեական օրենքի տեսանկյունից, այլ ոչ թե ստեղծված նախադրյալների. այսինքն՝ ի՞նչ պայմաններում, ինչո՞ւ այդ ամենը տեղի ունեցավ: Ընդհանրապես, ցանկացած քաղաքական իրավիճակում, երբ երկրի իշխանությունը ժողովրդին հասցնում է այն վիճակին, որ ժողովուրդն ապստամբում է, այդ ապստամբությունը չի կարող դիտվել որպես հանցագործություն: Պավել Մանուկյանը և իր ընկերները բարձրացրել են ապստամբություն, իսկ ապստամբելու իրավունքը նախատեսված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում»:

Պավլիկ Մանուկյանի պաշտպանի ներկայացրած բողոքում մանրամասն հիմնավորված է, թե որոնք են եղել ապստամբելու դրդապատճառները՝ սկսած նրանից, որ տարիներ շարունակ ընտրությունների միջոցով Հայաստանում հնարավոր չի եղել իրականացնել իշխանափոխություն, որ հետընտրական ընդվզումների ժամանակ Երևանի կենտրոնում սպանվել է տասը մարդ: Օրհասական է դառնում անընդհատ աճող պետական պարտքը, սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը: Այս ամենին գումարվեց նաև ԼՂՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու փաստը: Բողոքում մասնավորապես ասված է.

«Եվ այդքանից հետո ՀՀ ոչ լեգիտիմ իշխանությունն ուզում է, որ Արցախն ազատագրած մարտիկները թույլ տան, որ մեր Հայրենիքի ազատագրված մասը նորից հանձնեն թուրքին: Դա վերջին կաթիլն էր լցված բաժակի, ու Սասնա ծռերը ելան պայքարի… Այո՛, Սասնա ծռերի պահանջներում եղել է նաև Ժիրայր Սեֆիլյանի ու մյուս քաղբանտարկյալների ազատ արձակումը: Բայց այդ մասին նշելով՝ նախաքննության մարմինը վախեցել է արձանագրել գլխավոր պահանջը՝ Ս. Սարգսյանի հրաժարականը: Մենք գտնում ենք, որ մեր ժողովուրդը պետք է ազատվի չարիքի կապանքներից և ունենա իրեն արժանի ղեկավար: Եվ Սասնա ծռերը պայքարում են հանուն այդ արժանապատիվ երկրի ձևավորման:

Ինչ վերաբերում է ՊՊԾ գնդի ոստիկաններին պատանդ վերցնելուն, ապա դա իրականության նենգափոխություն է, որովհետև ո՛չ ոստիկանապետի տեղակալը, ոչ էլ քաղաքային վարչության պետի տեղակալը գնդի սպաներ չեն, առավել ևս, որ նրանցից և ոչ մեկն իրեն պատանդի վիճակում չի զգացել: Դրա առհավատչյան այն է, որ գնդի տարածքից դուրս գալուց հետո նրանք, անմիջապես, անցել են իրենց աշխատանքին»:

Այս առնչությամբ Հարություն Բաղդասարյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նաև հավելեց.

«Իսկ ինչ վերաբերում է 218, 219 և 235 հոդվածներին, մասնավորապես պատանդներին բաց թողնելը, զենքը վայր դնելը, շենք-շինությունից դուրս գալը, բոլոր երեք հոդվածների պարագայում քրեական օրենքը նախատեսում է բոնուսային կարգ, այսինքն, եթե ինքնակամ այդ ամենը թողնում են, քրեական հետապնդումն այդ մասով դադարեցվում է: Այդ հոդվածներով ընդհանրապես անհիմն է մեղադրանքը:

Նշեմ նաև, որ նախաքննության մարմինն էական, շատ-շատ հանգամանքների պատասխան չի տվել, երբեք առերես հարցաքննություն չի իրականացրել մեղադրյալների և, ասենք, տուժողի կամ վկաների միջև, ովքեր ցուցմունք են տվել մեղադրյալների դեմ: Սա քրեադատավարական օրենքի խախտում է: Քրեական հետապնդում իրականացնող մարմինը պատասխան չի տվել այն հարցին, թե ինչ զենքից են արձակվել գնդակները և ինչ մարմնական վնասվածք է պատճառվել: Օրինակ, այդ հարցի պատասխանը քրեական վարույթն իրականացնող մարմինը չի տվել, որը տվյալ դեպքում Պավել Մանուկյանն իրավունք ունի իմանալու, իսկ քրեական հետապնդում իրականացնող մարմինը պարտավոր է տալ»,- նշեց Հարություն Բաղդասարյանը:

Փաստաբանի խոսքերով՝ իրենք էլ էին շահագրգիռ, որպեսզի գործը շուտ ուղարկվեր դատարան, որպեսզի հրապարակային պայմաններում հնարավորություն լինի միջնորդություններ ներկայացնելու և որ այդ միջնորդությունները տվյալ պարագայում պատասխան գտնեն:

«Կամ եթե պատասխան էլ չեն ունենում, գոնե հանրությունը տեղեկացված կլինի: Սա է նաև այն հիմնական խնդիրը, որ այս պահի դրությամբ մենք չենք առարկում, որ գործը դատարան ուղարկեն, ճիշտ հակառակը: Հասկանում ենք, որ գործը թերություններով են դատարան ուղարկել, բայց հույս ունենք, որ արդեն հրապարակային քննության պայմաններում հասարակությանը հասու կլինի այդ ինֆորմացիան»,- հավելեց Հարություն Բաղդասարյանը:

Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝