Հիմնանորոգվում է Հաղարծինով անցնող միջպետական ավտոճանապարհի մի հատվածը

120520176

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան
Մարտիրոսյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր:

Երևան – Սևան – Իջևան (Մ4) ավտոճանապարհի Հաղարծին համայնքով անցնող
ճանապարհահատվածում մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները:

ՀՀ նախագահի խիստ հանձնարարականով և վարչապետի վերահսկողությամբ դիտարկվել
է ավտոճանապարհի առավել քայքայված 5 կմ երկարությամբ հատվածը և որոշում է
կայացվել այստեղ իրականացնել ոչ թե փոսային նորոգում, այլ հիմնանորոգում:

Նախատեսվում է աշխատանքներն ավարտել տասնօրյա ժամկետում` նկատի ունենալով,
որ շինարարությունը հնարավոր է իրականացնել նաև անձրևային եղանակի
պայմաններում, քանի որ կիրառվող տեխնոլոգիան դա թույլ է տալիս:

Նախարարը հորդորեց առավելագույն արագությամբ աշխատել և նվազագույն
անհարմարություն պատճառել վարորդներին:

Ճանապարհաշինարարների խոսքով` Հաղարծին համայնքից մինչև Թեղուտ բնակավայր
ձգվող ճանապարհահատվածի փոսային նորոգման աշխատանքներն անարդյունավետ
կլինեին, քանի որ ճանապարհի հիմքն արդեն քայքայված էր։

«Նորոգումն իրականացնում ենք ժամանակակից մեթոդով, որն ավելի արդյունավետ
է և քիչ ծախսատար: Հին ճանապարհի պատվածքը քանդելով` ստանում ենք խառնուրդ
և օգտագործում այն որպես հիմք»,- ասաց «Ճանապարհ» ՍՊ ընկերության տնօրեն
Էդուարդ Բեզոյանը:

Վերջին անգամ այս ճանապարհը կապիտալ նորոգվել էր 2001 թվականին: Վանաձոր –
Ալավերդի ճանապարհի հիմնանորոգման պատճառով այստեղ ծանրաբեռնվածությունը
կտրուկ մեծացել է, քայքայման գործընթացն արագացել:

Էդուարդ Բեզոյանի խոսքով` աշխատանքի բարդությունը շինարարության ընթացքում
ենթակառուցվածքների տեղափոխումն է, որը բավական ժամանակատար է:

«Կան շատ մակերեսային տեղադրված ջրի խողովակներ, որոնք շինարարության
ընթացքում խանգարում են տեխնիկայի աշխատանքին: Համայնքի ղեկավարի հետ
պայմանավորվել ենք, որ իրենք տեղափոխեն այս կոմունիկացիաները, իսկ
ջրահեռացման համակարգի համար տեղային լուծումներ կտանք: Երբ աշխատանքներն
ավարտենք, որոշ հատվածներում վերակառուցման աշխատանքներ կանենք և այդպես
կխուսափենք ճանապարհի երկար փակ լինելուց»,-հայտնեց ճանապարհաշինական
ընկերության տնօրենը:

Տավուշի մարզ այցի ընթացքում նախարարը եղավ նաև Իջևան քաղաքով անցնող
ճանապարհի մի խնդրահարույց հատվածում, որտեղ տեղադրված են բետոնե
արգելապատնեշներ:

Ճանապարհին հարակից կրպակների տերերը պնդում են, որ պատնեշները խանգարում
են առևտրին և դրանք պետք է ապամոնտաժել: Սակայն, առկա է նաև հետիոտների
անվտանգության խնդիր: Նախարարն առաջարկեց քաղաքային իշխանությունների,
պետավտոտեսչության և նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ
քննարկում կազմակերպել և, հաշվի առնելով բոլոր հանգամանքները, արդյունավետ
լուծում գտնել:

Դիտվել է՝