«Պայքար ընտրակաշառքի դե՞մ, թե՞ խրախուսում»

Без названия

Մայիսի 12-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Ելք» դաշինքի՝ 15.000 դրամների սոցիալական աջակցության նախաձեռնության շուրջ «Պայքար ընտրակաշառքի դե՞մ, թե՞ խրախուսում» խորագրով:

Քննարկման բանախոսներն էին «Ելք» դաշինքը ներկայացնող փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն ու քաղաքագետ Արմեն Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքը մայիսի 8-ին հայտարարությամբ է հանդես եկել, որով խոստացվել է, որ Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում այն քաղաքացիները, որոնք կհրաժարվեն ընտրակաշառքից, «Ելք» դաշինքի հաղթանակի դեպքում համայնքային բյուջեից կստանան 15000 դրամ սոցիալական աջակցություն:

Սույն առաջարկությունը մեծ արձագանք ունեցավ սոցցանցերում ու ԶԼՄ-ներում, որտեղ առաջարկությունը քննադատողները նշում են, որ այդ առաջարկը մի կողմից ընտրակաշառքի խոստում է, մյուս կողմից՝ ընտրակաշառքը լեգիտիմացնելուն ուղղված քայլ:

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հիմնազուրկ է համարում հնչեցվող քննադատությունը, քանի որ, ըստ փաստաբանի, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ընտրակաշառքի մասին հայտարարություն կարող էր դիտարկվել միայն այն դեպքում, եթե առկա են սուբյեկտը, սուբյեկտիվ կողմը, օբյեկտը, օբյեկտիվ կողմը:

«Օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասում գրված կետերը, որոնց համաձայն արարքը կարող է համարվել ընտրակաշառք. առաջին՝ մեկի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը, որևէ մեկի դեմ քվեարկելուն հարկադրելը, ընտրություններին մասնակցելուն հարկադրելը, ընտրություններին մասնակցելուց հրաժարվել հարկադրելը:  Ես չեմ կարողանում հասկանալ, թե ո՛ր հատկանիշի տակ են մեր հարգարժան իրավաբանները Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը համադրում: Դա  համարվում է ոչ թե ընտրակաշառք, այլ նախընտրական խոստում»,- մասնավորապես նշեց Նիկոլայ Բաղդասարյանը:

Հակադարձելով Նիկոլայ Բաղդասարյանի հիմնավորումներին՝ քաղաքագետ Արմեն Գրիգորյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը խրախուսում է փողի դիմաց իրեն ընտրելը:

«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես տասնհինգ հազարը կտամ, եթե ինձ ընտրեք: Նա այդ փողը ցանկացած դեպքում չի տալու, այլ միայն, եթե հաղթի ընտրություններում: Ամենակարևոր խնդիրն ինձ համար այստեղ այն է, որ Ընտրական օրենսգրքի այս փաստերը հաշվի առնելով ու նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընդդիմադիր կուսակցության կողմից առաջարկ է արվում քաղաքացուն փողի դիմաց ընտրություն կատարելու, իրականում սա փողի դիմաց ընտրություն է: Քաղաքացուն նա ասում է՝ եթե ես ընտրվեմ, եթե դու ինձ ձայն տաս, դու հնարավորություն ունես 15 հազար դրամ ստանալու»:

Ի պատասխան Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ եթե ինչ-որ մեկին մեղադրում եք հանցագործության մեջ, նախ պետք է ապացուցել այդ հանցագործությունը.

«Խնդիրը, որը բարձրացրել եք, իրավական կոնտեքստ ունի՞,  եթե ասում եք՝ ընտրակաշառքի խոստում է, իրավական կոնտեքստ կա՞, թե՞ ոչ:  Ես որպես իրավաբան ձեզ ասում եմ՝ որպեսզի այդ տվյալ հարցադրումը տեղի ունենա, պետք է լինի հանցակազմի տարրերից կոնկրետ օբյեկտիվ կողմը, ես թվարկեցի օբյեկտիվ կողմի բոլոր հատկանիշները, որն ընդգրկված է քրեական օրենսգրքի 154 հոդվածում, այդ բառը համարվում է հանցագործություն, եթե Դուք չեք կարողանում ապացուցել, դա վիրավորանք է»,- նշեց փաստաբանը:

Արմեն Գրիգորյանը համոզմունք հայտնեց, որ ընտրակաշառք չվերցնելու դիմաց խոստացված գումարը չի կարող համարվել սոցիալական աջակցություն, քանի որ հատկացվելու է ոչ թե կարիքավորներին, այլ բոլոր նրանց, ովքեր հրաժարվել են ընտրակաշառքից, իսկ այդ մարդկանց թվում կարող են շատ ապահովված քաղաքացիներ լինեն:

Սակայն Նիկոլայ Բաղդասարյանը համոզված է, որ սա գործուն մեխանիզմ է ընտրակաշառքի դեմ պայքարելու համար, քանի որ ներկայումս այլ տարբերակ չկա կամ չի առաջարկվում:
Արմեն Գրիգորյանի կարծիքով էլ իրականում «Ելքի» այս քայլը պայքար չէ ընտրակաշառքի դեմ:

«Ընտրակաշառքի դեմ պայքարում կատարած բազմաթիվ աշխատանքներ փորձում են ջուրը գցել, երբ հայտարարվում է, որ ընտրությունը լեգիտիմ է, քաղաքացին փող է վերցրել, ընտրել է, և խրախուսում է քաղաքացու՝ փողի դիմաց ընտրելը»,- ասում է Գրիգորյանը:

Դիտվել է՝