Շիրակի մարզպետարանը դատի է տվել գյուղաբնակներին՝ պահանջում է սերմացուի գումարը. ընտանիքները հայտնվել են բարդ իրավիճակում

IMG_9828--

Շիրակի մարզպետարանը դատական ատյանների միջամտությանն է դիմել Շիրակի մարզի գյուղացիական տնտեսություններից հացահատիկի սերմացուի գումարները գանձելու համար:

ՀՀ կառավարությունը գյուղատնտեսությունը զարգացնելու նպատակով 2011 թվականից սկսած ներդրեց հացահատիկի սերմնաբուծության ծրագիրը, որի շրջանակներում համայնքաբնակը ՀՀ կառավարության հետ պայմանագիր էր կնքում, որի շրջանակներում պետությունը գյուղացուն տրամադրում էր հացահատիկի սերմացու մեկ տարի հետո 1 կգ ցորենի արժեքի դիմաց կրկնակի վճարում կատարելու պայմանով: Այսինքն 1 կիլոգրամ ցորենի սերմացուի համար մեկ տարի անց գյուղացին պարտավորվում էր վճարել 160 դրամ: 5 տարիների ընթացքում ՇՄ հողատերերը կառավարության տրամադրած սերմացուի դիմաց շուրջ 100 միլիոն դրամ պարտք են կուտակել: Մարզային իշխանություններն էլ որոշել են դատական ճանապարհով հարցը լուծել ու պարտք ունեցող համայնքների գործերը հերթով դատարան են ուղարկում:

Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց, թե փաստացի համայնքաբնակները պայմանագրով սահմանված իրենց պարտավորությունները չեն կատարում, գումարը չեն վճարում, այդ պատճառով էլ դատի են տալիս պարտատերերին. «Ցորենը ստացել են, նախորդ տարի էլ բնական աղետ չի եղել, որ ասես էդ պատճառով չեն կարող տալ, պետությունը տվել էր, որ մի տարի հետո հետ տային, պայմանագրով այդպես է: Անցած տարի մարզում կարկտահարություն եղել է, բայց ոչ էն համայնքներում, որոնք պարտք են, օրինակ Աղինը, Իսահակյանը, Հայկաձորը կարկուտ չեն տեսել անցած տարի ու պարտք են: 2012 թվականից էլ ունենք պարտք, 2014-ից էլ, 2015-ից էլ, հողատիրոջը, ով որ ծրագրով ստացել է, շահառուին, ինքը պայմանագրով ստացել է, իրեն էլ դատի ենք տվել, ամեն մեկը մի բան պատճառաբանում է, վարկ ունենք, պարտք ունենք, բայց փաստացի սերմ ստացել են, ու դա բեկման ենթակա չի»,- նշեց Մանուկյանը:

Ըստ նրա՝ կան համայնքներ, որոնք օգտվել են ծրագրից ու պարտաճանաչ կատարել են իրենց պարտավորությունները: Սակայն ՇՄ 61 համայնքի շահառուներ պարտքը չեն վճարել, ընդհանուր 100 միլիոն դրամ: Պատասխանելով մեր այն հարցին, թե եթե պետությունը նպատակ ունի զարգացնել գյուղատնտեսությունը ու միաժամանակ հարցը փորձում է լուծել դատական ճանապարհով, սա չի՞ խոսում այն մասին, որ գյուղացիական տնտեսություն զարգացնելու խոստումներն ու նպատակներն ուղղակի հօդս են ցնդում, Մ. Մանուկյանն ասաց. «Գյուղատնտեսության զարգացում չի՞, որ 5 տարի սերմնաբուծության ծրագիր են իրականացրել, նախորդ տարիներին, որ ՇՄ-ում ցորեն էին ցանում աղտոտված, վարակված, սերմնաբուծության ծրագիր ենք իրականացրել, ու ընդ որում, պետությունը մեկ տարի ժամկետով էր տալիս, որ տանի, ցանի, բերքը ստանա, նոր փողը տա: Չէ՞ որ աճել է ցորենի բերքատվության ցուցանիշը, ո՞նց կարող է հնարավորություն չունենային հետ տալ սերմը, օրինակ Շիրակավանն ու Իսահակյանն իրար կողք գտնվող համայնքներ են, էն մեկը 100 տոկոս փակել է, ոչ մի տարվա պարտք չունի, էն մյուսը 20 միլիոն պարտք է: Նույն ցորենն է, նույն բնակլիմայական պայմաններն են, մի մասը պարտք չունի, մյուսներն ունեն: Բագրավան համայնքը ոչ մի դրամ պարտք չունի, Հայկաձորը, որը սահմանակից համայնք է, 10 միլիոնից շատ պարտք ունի»,- նշեց մարզպետարանի գյուղվարչության պետը՝ հավելելով, որ ՀՀ կառավարությունն արդեն կասեցրել է սերմնաբուծության ծրագիրը, քանի որ պետությանը պարտք են ՀՀ գրեթե բոլոր մարզերը. «Եթե 100 միլիոն ՇՄ-ն պարտք է, 50 միլիոն պարտք է Գեղարքունիքը, հետո Կոտայքը, ո՞նց տան, վերջը էդ գումարը պետք է գոյանա, որ ՌԴ-ից սերմ գնեն բերեն, չէ՞: Լրիվ մարզերը գրեթե պարտք են, 100 միլիոնն անում է 625 տոննա ցորեն, այսինքն մեկ տարվա ծրագիր, այսինքն տարի է եղել, որ 625 տոննա ցորեն են տվել համայնքներին ու փող չեն հավաքել, էդ փողը պետք է հետ տան պետությանը, որ պետությունը նորից 625 տոննա գնի տա գյուղացիներին»:

Ներկայումս դատարանում է գտնվում Շիրակի մարզի Բենիամին, Ողջի, Լուսաղբյուր, Սարալանջ, Կրաշեն, Փոքրաշեն, Վարդաղբյուր, Սարակապ համայնքների պարտապանների գործը: Սակայն մարզի գյուղվարչության պետը նշեց, որ առաջիկայում դատարան կներկայացվեն նաև 12 համայնքի հողատերերին առնչվող գործեր: «Նախորդ տարիների պարտքերից սկսելով գալիս ենք, 2012-ից սկսած,- նշեց նա: -2013-ի համար պարտք չունենք, 100 տոկոսով վճարում կատարվել է, ըստ տարիների գալիս ենք»:

Լուսաղբյուր համայնքի պարտքը գերազանցում է 7 միլիոն դրամը: Գյուղապետ Մելս Մանուկյանն է պարտատերերից մեկը: Նա մեզ հետ զրույցում պատմեց. «2011-2012 թվականների համար կարող եմ ասել, որ սերմացուն լավը չի եղել, մեկն էլ ես եմ այդ պարտքատերերից, ընդհանրապես չի ծլել, դրա համար չենք կարողացել վճարել, այդ տարի վարձով հող էի վերցրել ու տուժել եմ, մոտ մեկ միլիոնի պարտքը մեր նախկին գյուղապետինն է, հաջորդ տարիներին լավ սերմացու են բերել, բերքը լավն է եղել: Եթե գործը հասավ դատարան, ինչ-որ բան վաճառելու են վճարեն: Ոնց որ մտածված մարդկանց գցեն վարկերի ու պարտքերի տակ: Եթե մարդը 2011 թվականին վերցրել ու սերմացուի վճար չի վճարել, 2012-ին նորից տվել են, 2013-ին, 2014-ին, 2015-ին, գյուղացին ստիպված վերցրել է, բա տվողը չի՞ տեսնում, որ այդ մարդն անվճարունակ է, ինչի՞ համար է տալիս»,- նշեց գյուղապետը:

Զրուցեցինք նաև Սարալանջի համայնքապետի հետ: Ցոլակ Հովհաննիսյանը նշեց՝ ընդհանուր առմամբ դժգոհ չեն սերմնաբուծության ծրագրից, սակայն շահառուների մի մասը պարտքը վճարել չի կարողացել ֆինանսական խնդիրների պատճառով: Վերջիններս վճարունակ չեն, ունեն վարկային մեծ բեռ, ուստի գտնում է, որ նրանց դատի տալն այնքան էլ ճիշտ չէ, մանավանդ որ չեն հրաժարվել իրենց պարտավորություններից. «Բերքը, ասենք, լավ է եղել, բայց վարկերի հետ խնդիրներ են ունեցել, վաճառել են ցորենը, որ վարկի գումար վճարեն: Մեր գյուղից մարդ կա, որ մոտ 700 հազար պարտք է, ու իր գործերը դատարանում են, ինքը չի կարողանում տալ, խնդիրներ ունի, վարկեր ունի, հիմա չգիտեմ ինչ է լինելու: Այս ամենը, որ անում էին, լավ ծրագիր է, ուղղակի այդ մարդը չի կարողացել վճարել, եթե ունենա, կտա, այնպես չի, որ ունի չի տալիս, ամեն մեկն իր պատճառն ունի, գիտենք, որ էսօր ամբողջ Հայաստանը վարկի պարտքի տակ է»,- ասաց գյուղապետը:

Հերմինե Մկրտչյան

Դիտվել է՝