ՀՀ-ում եւ ՌԴ-ում բնակվող վետերանների պատվովճարների տարբերությունը

66c5cf

Այսօր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 72-րդ տարեդարձն է:

Օրվա հերոսների՝ տարեց վետերանների թիվը գնալով նվազում է: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ամեն ամիս կյանքից հեռանում է 30-45 վետերան:

Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերանների թիվը մինչեւ 2015թ.-ը հաշվվում էր հազարով, իսկ ներկա դրությամբ ՀՀ-ում մոտավորապես 600 վետերան է բնակվում:

Չնայած այս ամենին, նրանք շարունակում են բողոքել ու դժգոհել իրենց նկատմամբ իշխանությունների անտարբեր վերաբերմունքից: Ամեն տարի այս օրն առիթ է նաեւ ներկայացնելու իրենց խնդիրները՝ համեմատվելու ՌԴ-ում բնակվող վետերանների հետ եւ դժգոհելու, որ պարգեւավճարը Հայաստանում քիչ է եւ արտոնություններ գրեթե չկան իրենց համար:

Հայաստանը նույնիսկ օրենք ունի Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերանների մասին: Առանձին հոդվածով ամրագրված է նրանց սոցիալական պաշտպանվածության իրավունքը, համաձայն որի ունեն առողջական ծառայություններից անվճար օգտվելու, անվճար պրոթեզավորում եւ այլ պարագաներ ստանալու իրավունք: Բայց բոլորին է հայտնի, որ թղթի վրա գրվածը գործնականում կյանքի չի կոչվում:

Մինչեւ 2015թ.-ը պատերազմի վետերանների պատվովճարները ՀՀ-ում կազմում էին 25 հազար դրամ: 2015թ.-ի մայիսի մեկից կրկնապատկվեց՝ կազմելով 50 հազար դրամ:

Ծերունական թոշակի հետ պատերազմի վետերանների ընդհանուր թոշակը կազմում է միջինը 70-80 հազար դրամ: Իհարկե, ՀՀ-ում բնակվող մյուս թոշակային տարիքի անձանց հետ համեմատած բարձր են վճարվում, սակայն հասկանալի է, որ 70-80 հազար դրամը չի բավարարում նույնիսկ թոշակառուի կոմունալ ծախսերը հոգալու համար:

Համեմատության համար նշենք, որ ՌԴ-ում բնակվող վետերաններն օգտվում են սոցիալական երեք աջակցության ծրագրերից:

ՌԴ-ում վետերաններին որպես պատվովճար կառավարությունը հատկացնում է միջինը  26 հազար ՌԴ ռուբլի (221 հազար դրամ):

Այն վետերաններին, ովքեր հաշմանդամություն ունեն, մի փոքր բարձր՝ 30 հազար ՌԴ ռուբլի (255 հազար դրամ):

Վետերանների այրիներին, որոնց ամուսինները զոհվել են պատերազմում կամ խաղաղ պայմաններում, ՌԴ կառավարությունը հատկացնում է 22 հազար ՌԴ ռուբլի (187 հազար դրամ):

 Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝