Արա Զոհրաբյանը կատարող օղակ է, ով լծված է իրականացնել Հայաստանում փաստաբանությունը որպես ուժ վերացնելու լայնամասշտաբ ծրագիրը

Երվանդ Վարոսյան

Տևական ժամանակ տպավորություն ունեի, թե փաստաբանների պալատում տիրող վիճակը իշխելու անհագ ցանկության, իշխանությունը որպես ինքնադրսևորման միջոց բանեցնելու, քմահաճույքի հետևանք է, և չէի ցանկանում հավատալ, թե խնդիրն ավելի լուրջ է և գործ ունենք հեռուն գնացող շատ վտանգավոր նախագծի մի մասնիկի հետ։
Մինչդեռ հիմա, մի շարք ուղղորդված դատավարություններից, պատվիրված հոդվածներից, հեռուստաընկերությունների միակողմանի լուսաբանումից, ինչպես նաև մի շարք պետական մարմինների աչքակապությունից հետո, ականատես լինելով նաև փաստաբանական գրասենյակի վրա խայտառակ հարձակմանն ու դրան հաջորդած արձագանքին, ակամայից գալիս եմ եզրահանգման, որ Արա Զոհրաբյանն ընդամենը կատարող օղակ է, ով կամա թե ակամա լծված է իրականացնել Հայաստանում փաստաբանությունը որպես ուժ, գործոն վերացնելու լայնամասշտաբ ծրագիրը։

Ակնհայտ միտում կա փաստաբանությունը վերածելու անդեմ, գլուխը կախ, ձայն չհանող, սեփական կարծիքը չունեցող, ունենալու դեպքում հրապարակավ արտահայտվելուց վախեցող կառավարելի մի գորշ զանգվածի։

Հենց այդ նպատակին հասնելու միջոց կարող է դիտարկվել ազատ ու ստեղծագործ անձանց միավորումը չինովնիկական վարչական, պատժիչ հիմնարկի վերածելը, որը պատրաստ է զբաղվել ամեն ինչով՝ վոլեյբոլի մրցաշարի կազմակերպումից մինչև photobooth (այդպես էլ չհասկացա ինչ է, բայց փաստաբանության հետ առնչվում է այնքան, որքան վոլեյբոլը), բայց ոչ երբեք փաստաբանի իրավունքների պաշտպանությամբ, ոչ երբեք փաստաբանությունը վարկաբեկող դատական համակարգի բարձրագույն պաշտոնյային հակադարձելով, երբեք բռնության ենթարկված փաստաբանի կողքը կանգնելով, հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածությունը թեթևացնելով, փաստաբանական դպրոցում ուսանող, ապա արտոնագիր ստացող անձանց անհրաժեշտ քանակը հաշվարկելով, վարձավճարներն իջեցնելով, երիտասարդ փաստաբանների կողմից դաշտ մտնելուն օժանդակելով և այլն։

Փոխարենը կա առավել «հետաքրքիր» ու հավանաբար իրականացվող ծրագիրը հովանավորողների քիմքին հաճելի զբաղմունք՝ ցեխ լցնել հանրության շարքում քիչ թե շատ հայտնի, գործի բերումով իրավական պետության ստեղծման պայքարին լծված, իրենց կարծիքը հրապարակավ արտահայտելու սովորություն ունեցող փաստաբանների վրա, չխորշելով որևէ իրավական ու բարոյական սահման հատելուց։ Դա իրականացնել բացահայտ, ի ցույց դնելով նաև մյուսներին, թե ինչ է լինում «խոսողների» հետ։

Արդյունքում, ո՞ւր է մի քանի տարի առաջ հանուն արդարադատության գործադուլներ անող փաստաբանությունը, ո՞ւր է հանիրավի պաշտոնից զրկվող դատավորին սատարելու համար ՀՀ վճռաբեկ դատարանի առջև ցույց անող փաստաբանությունը, ո՞ւր է քրեական պատասխանատվության ենթարկվող փաստաբանների կողքը կանգնած պալատի նախագահը, ո՞ւր է իրավական ոլորտում ապօրինությունների մասին իր սուր կարծիքը մշտապես ունեցող ու արտահայտող փաստաբանների պալատը… Պատասխանն ակնհայտ է։

Եվ սրա դիմաց ի՞նչ է ստացել փաստաբանների պալատի այսօրվա ղեկավարությունը. առանց դատական վերահսկողության կաշկանդվածության փաստաբաններին քմահաճույքով կարգապահական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև չենթարկվելու հնարավորությո՞ւն, պալատի աշխատակիցների թիվը շեշտակի ավելացնելու հնարավորությո՞ւն՝ նրանց գրանցելով միաժամանակ իբրև պետության հաշվին ֆինանսավորվող հանրային պաշտպանի գրասենյակի օժանդակ աշխատակիցներ, բազմաթիվ ազգականների ու հարազատների անարգել աշխատանքով տեղավորելու հնարավորությո՞ւն, հանրային պաշտպանների համար պետության միջոցներով գնված ու շահագործվող ավտոմեքենան որպես «պադավատ» օգտագործելու հնարավորությո՞ւն, հարցերն անպատիժ կերպով բռնությամբ լուծելու ինդուլգենցիա՞…

Նշված ու հազար ավել հրամցվող «կարկանդակները», սակայն, զրո են դրանց դիմաց կործանվող երևույթի ու գաղափարի համեմատությամբ։

Փաստաբան Երվանդ Վարոսյան

Դիտվել է՝