«Ունենք վերահսկելի խորհրդարան, որից բազմակարծություն ակնկալել պետք չէ, իսկ «Ծառուկյան» դաշինքն ԱԺ գնում է պառակտված»

Ստեփան Սաֆարյան

«Միշտ են սա արել ու միշտ են գրել, նորություն չէ, և ՀՀԿ-ում, և ԲՀԿ-ում, և միգուցե այլ կուսակցություններում, մշտապես գրվել են այդ ինքնաբացարկի դիմումները, առաջին անգամ է, որ անհամաձայնություն են հայտնում ու հետ են վերցնում ինքնաբացարկի դիմումները»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում «Ծառուկյան» դաշինքի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

Հիշեցնենք, «Ծառուկյան» դաշինքի որոշ պատգամավորներ հայտարարեցին, որ թեև Կենտրոնական ընտրական հանձնաժողով իրենց անուններից ինքնաբացարկի դիմումներ են ներկայացվել, բայց իրենք որևէ նման փաստաթղթի տակ չեն ստորագրել: Ու դիմեցին ԿԸՀ՝ պահանջելով իրենց մանդատները: Հանձնաժողովը 12-ից 8 դիմումը բավարարեց ու վերջիններիս մանդատ շնորհեց: Թեև պատգամավորները հայտարարում էին, որ իրենք ինքնաբացարկի, մանդատից հրաժարվելու փաստաթղթի տակ չեն ստորագրել ու տեղյակ էլ չեն, թե իրենց անունից այդ դիմումներն ովքեր են ներկայացրել ԿԸՀ, «Ծառուկյան» դաշինքից պարզաբանումներ ներկայացրեցին, որ վերջիններս պայմանավորվածություն են խախտել. ««Մարդիկ դիմումների բովանդակությանը շատ լավ ծանոթ էին, և առանց իրենց ցանկության այդ ամենը չէր կարող տեղի ունենալ: Եթե իրավապահների մոտ կասկածներ առաջանան, նրանք կարող են ձեռագրի փորձաքննություն անել»,- հայտարարեց Գ. Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Ըստ Ստյոպա Սաֆարյանի՝ հավանաբար պայմանավորվածություն եղել է այսպես, որ ով խոստացված ձայների քանակ չապահովի, ինքնաբացարկ է տալու: Սակայն մեկ բան, ըստ մեր զրուցակցի, Գ. Ծառուկյանը չէր հաշվարկել. այն, որ կարող են չենթարկվել իր որոշումներին. «Կարծես թե Ծառուկյանը չէր հաշվարկել, որ կարող են իր դեմ դուրս գալ, քանի որ միշտ ենթարկվել են, միշտ ինքն է որոշել, թե ով ում փոխարեն է մտնում խորհրդարան, ու այժմ կարծեք թե ինչ-որ բան է փոխվել, ու չեն ենթարկվել: Ակնհայտորեն խմբակցությունը պառակտված է գնում խորհրդարան, ու թերևս իշխանության ներկայացուցիչներն էլ քանիցս հաստատեցին, որ եթե Գ. Ծառուկյանը չհաշտվի այդ ամենի հետ, ապա իրավապահները կմիջամտեն, և Վ. Բաղդասարյանը խոսեց այդ մասին, և այլք են հաստատել: Այնուամենայնիվ, չես կարող պատգամավորին իր կամքին հակառակ ստիպել, որ նա հրաժարվի իր մանդատից, անկախ նրանից՝ ինչպիսի պայմանավորվածություններ են եղել, ու անկախ նրանից, թե այդ պայմանավորվածությունների դաշտում բարոյական տեսանկյունից ով է ճիշտ, թեպետ ես չեմ կարծում, որ այս ընտրություններում քաղաքական ուժերի պահվածքը կապ է ունեցել քաղաքականության կամ բարոյականության հետ: Եվ հետևաբար, այս կտրվածքով խմբակցությունն արդեն ունի ներքին թև՝ ապստամբներ ու հնազանդներ: Եթե խորանա վիճակը, բնականաբար այդ մարդիկ ավելի շատ ցույց կտան, որ իրենք առանձին են»,- կարծիք հայտնեց քաղաքագետը:

«Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակը միանշանակ ձեռնտու է լինելու ՀՀԿ-ին»,- կարծում է Ս. Սաֆարյանը:

Առանց այն էլ, նրա պնդմամբ, նոր խորհրդարանը կառավարելի է իշխանությունների կողմից, ուստի անհնար է բազմակարծություն ակնկալել օրենսդիր մարմնից: Մի բան հստակ է՝ թե արտաքին, թե ներքին հարցերում նոր խորհրդարանի ճնշող մեծամասնությունը կոնսենսուս ունի, հետևաբար լուրջ զարգացումներ ակնկալել պետք չէ: Անդրադառնալով խորհրդարանում ընդդիմության դերին՝ ասաց.

«Ընդդիմությունն ինձ համար նա է, որն իր պլատֆորմով է ընդդիմություն, ոչ թե անձերի ընդդիմություն, այլ արտաքին ու ներքին քաղաքականության ծրագրերով, և «Ելք»-ը ներքին քաղաքականության շատ հարցերում ունի տարբերություններ, բայց արտաքին քաղաքականության դաշտում, եթե արտաքին քաղաքականության վեկտորի վերաբերյալ նրանց մոտեցումները նույնն են լինելու, ապա այդ առումով խնդիր կա: Ընդդիմությունը միայն նա չի, որ անձնապես չսիրեն մեկը մեկին ու ուզենան մեկը մյուսի տեղը նստեն, ինձ համար ընդդիմությունը դա չէ, ու այս կտրվածքով շատ կարևոր է հասկանալ, թե ինչ դիրքորոշումներ կընդունի «Ելքը», երբ, օրինակ, կա վճռական քվեարկություններ արտաքին քաղաքականության հետ կապված՝ կլինի ԵՏՄ, ԵՄ, թե ինչ»:

«Ելք» դաշինքն իր ծրագրում, ճիշտ է, ներկայացրել է իր անհամաձայնությունները ՀՀ վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ, խոսել թերությունների ու սխալների մասին, սակայն ըստ քաղաքագետի՝ միաժամանակ որևէ լուծում այդ քաղաքական ուժը չի առաջարկել: «Օրինակ, ԵՏՄ-ից դուրս գալը, ՀԱՊԿ-ի մասին մտածելը: Այս առումով հետաքրքիր է լինելու, թե անվտանգության ու արտաքին քաղաքականության հարցերում իրենք ինչ այլընտրանքային դիրքորոշում են ունենալու, քանի որ իրենք ելքերը, լուծումները չեն գրել իրենց ծրագրում, հետաքրքիր կլինի դիտարկել, թե խորհրդարանում ինչպիսին կլինի իրենց քաղաքական դիրքորոշումը»,- գտնում է Սաֆարյանը:

Ինչ վերաբերում է «Ելք»-ի կողմից ընտրությունների արդյունքների ճանաչմանն ու այդ դաշինքի ներկայացուցիչների այն հայտարարություններին, որ ընտրախախտումների վերաբերյալ ապացուցողական բազա ունենալու դեպքում առաջինն իրենք կդիմեին ՍԴ, Սաֆարյանն ասաց. «Ես չեմ կիսում իրենց կարծիքը, որ դա ընտրություն էր, դա ընտրություն չէր, նույն տրամաբանությամբ, նույն ձևով մենք կարող ենք ճանաչել Խորհրդային Միության օրոք տեղի ունեցած բոլոր ընտրություններն ու ասել, թե կապ չունի, թե ինչ մեթոդներով ու պայմաններով ժողովուրդը դա է ընտրել: Ավելին, խորհրդային իշխանության օրոք տեղի ունեցած ընտրություններն ավելի ժողովրդավարական կարող ենք համարել, քանի որ այն ժամանակ փող էլ չէր բաժանվում: Ընտրությունը դա երկու կարևորագույն գործոն է. որքան է ընտրողն ազատ պայմաններում ձևավորում իր կարծիքը, իր տեսակետը ու որքանով է անկաշկանդ հայտնում: Այնքան գործոններ են եղել, որոնց վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքը ներկայացնեին, թե չներկայացնեին ՍԴ, դրանց մասին ամբողջ աշխարհն է խոսում, դիտորդական կազմակերպությունները, որ փողն ազդել է ընտրությունների վրա: Ես համաձայն եմ «Ելք»-ի հետ, որ, այնուամենայնիվ, ժողովուրդը տուրք տվեց այդ ամեն ինչին ու գնաց այդ ճանապարհով, բայց ասել, որ դրանք ընտրություններ էին ու օրինական, ես խորապես անհամաձայն եմ»:

Հերմինե Մկրտչյան

Դիտվել է՝