«Պետք է պատրաստ լինել և անհրաժեշտության դեպքում նաև նախահարձակ լինել». Թ. Պողոսյան

zinvor

Մայիսի 1-ից Ադրբեջանում անցկացվում են Ադրբեջանի ու Թուրքիայի զինված ուժերի համատեղ զորավարժություններ: Այդ զորավարժությունները կարող են ազդել տարածաշրջանում և մասնավորապես ղարաբաղյան հակամարտության գոտում ուժերի փոփոխության վրա: Ադրբեջանում Թուրքիայի հետ սկսված համատեղ զորավարժություններին զուգընթաց հայկական կողմը հայտնում է զորքերի զգոնության բարձրացման և սահմանային հսկողության ուժեղացման մասին:

Թեմայի շուրջ ԳԱԼԱ-ն զրուցել է վերլուծաբան Թևան Պողոսյանի հետ:

-Պարոն Պողոսյան, ինչպե՞ս պետք է հայկական կողմը պատասխանի Ադրբեջանում անցկացվող Ադրբեջան-Թուրքիա զինված ուժերի համատեղ զորավարժություններին:

-Զորավարժությունների օրերին «համար մեկ է» հայտարարված մեր ներքին զորքերում, և ուշի ուշով հետևում ենք: Այդ հետևելը պետք է լինի ամեն օր: Թշնամին զորավարժություն անում է-չի անում, անկախ դրանից մենք պետք է միշտ պատրաստ լինենք:

Թեւան Պողոսյան

Թեւան Պողոսյան

Համատեղ զորավարժություններով ցույց են տալիս, որ Ադրբեջանը և Թուրքիան ունեն ռազմավարական գործընկերություն, ունեն քաղաքական տեսլական, թե ինչպես են այդ երկու երկրները զարգանալու՝ նաև ռազմական ուղղությամբ, և բոլորին համարում են իրենց թշնամի: Իրենք իրենց քաղաքականությունը որոշել են, անում են: Դա խորքային համագործակցություն է, որը ծրագրված է, պլանավորված է, մեկ օրվա պայմանավորվածություն չէ: Ինչու են ապրիլին անում, որովհետև ձմեռը հարմար չէ իրենց: Միշտ փորձում են այդ ամսին պատրանքների դաշտ ստեղծել:

Մենք պետք է կարողանանք այնպես անել, որ ցանկացած իրավիճակում ունենանք այն պատասխանը, որտեղ երբևէ մեր շահերը չտուժեն, և հասկանան, որ իրենք իրենց ծրագրերով, իրենց զորավարժություններով մեզ չեն մտահոգի, հակառակը, պատասխանելու ենք իրենց ցանկացած սադրանքի:

-Պարոն Պողոսյան, պատրաստ լինել չի նշանակում միայն զինծառայողները պետք է պատրաստ լինեն:

-Այո, այդպես է: Ես կարծում եմ, որ այս մեկ տարվա մեջ շատ մեծ աշխատանք է արվել առաջնագծում: Գիշերվա համակարգերը, գիշերվա մարտեր վարելու հմտությունները, գիտեմ, որ ինչ-որ չափով զարկ է տրվել ռազմարդյունաբերության զարգացմանը, նոր մոտեցումներին: Այնպես որ, այդ աշխատանքներն էլ են կատարվում, այնպես չէ, որ միայն պետք է զգոն լինի և չքնի զինվորը: Պետք է խելամիտ գործել, գործողություններ ձեռնարկել, որ չզարգանա իրադրությունը մինչև պատերազմը, եթե պետք է, պետք է նախահարձակ լինել:

-Պարոն Պողոսյան, Ձեր գնահատականն անցած շաբաթ կայացած նախարարների մակարդակով հանդիպմանը:

-Ուրախ եմ, թող հանդիպեն, որքան ուզում են: Բայց եթե մեր ակնկալիքներն ու սպասումներն այն են, որ արցախյան հարցը լուծում ստանա կամ այդ հարցում տեղաշարժ լինի, ապա ես այդ սենյակում չեմ տեսել գլխավոր ներկայացուցչին՝ Արցախի ԱԳն-ին: Մինչև նրա այնտեղ հայտնվելը արցախյան հիմնախնդրից չեն խոսելու, խոսելու են մնացած այլ երևույթներից: Այդ երևույթների մեջ հայտարարություն կա, որ պետք է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչեն: Ճիշտն ասած, Ադրբեջանի վարած քաղաքականությանը չեմ հավատում:

Դա կոնկրետ գործողություններ է ենթադրում. ընդլայնումը դիտորդական առաքելության և հետաքննող սարքերի տեղադրումը: Այդ հանդիպումից մեկ շաբաթ է անցել, և ես դեռ չեմ լսել, որ արդեն որոշումներ լինեն:

Մնացած դեպքերում, լավ է, որ հանդիպում են, թող ամեն օր հանդիպեն: Հանդիպումներից ու բանակցություններից պետք չէ վախենալ: Եթե կարողանում ես գնալ բանակցելու, խնդրեմ, գնան խոսեն գան:

-ՀՀ իշխանությունների կողմից տեսնո՞ւմ եք արդյոք բավարար շահագրգռվածություն Արցախին որպես բանակցային հիմնական կողմ ներգրավելու համար:

-Ես չեմ կարող պատկերացնել, որ հայկական կողմը չցանկանա, որ երկու հայկական կողմ լինի բանակցություններին: Բայց մի բան է ցանկությունը, մի այլ բան է կարողանալը այն կյանքի կոչել: Կյանքի չեն կոչել: Խնդիրն այն է, թե արդյոք կարողանում են աշխատել ձևավորել հնարավորություններն այդ ուղղությամբ: Եթե նույնիսկ անում են, ապա բավարար չափով չեն անում: Իսկ եթե խոսելու լինենք, թե ինչ պետք է անեն, որ այդ գործողություններն իրական պտուղներ տան, սա արդեն այլ թեմա է: Մենք պետք է հասկանանք նաև, որ բանակցությունների դաշտում ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանն է, այլ կան համանախագահներ: Եվ եթե իրենց որոշումների վրա լայն աշխատանք չի կատարվում, աշխարհում չկա պահանջարկ ձևավորված, որ Արցախը նույնպես պետք է գտնվի այդ սենյակում, ուրեմն այնտեղ թերացումներ ունենք:

Հարցազրույցը՝ Քրիստինա Մկրտչյանի

Դիտվել է՝