Ազգային ժողովի արտերկրյա նյութական աջակցությունը

parliament_01

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» շարունակում է ներկայացնել ՀՀ պետական մարմինների կողմից ստացված օտարերկրյա դրամաշնորհների մասին շարքը, որի սահմաններում այսօր կանդրադառնանք Հայաստանի Ազգային ժողովի 2006-2016թթ.-ին ստացված դրամաշնորհներին։ Այս տարիների ընթացքում ԱԺ-ն տարբեր երկրներից ստացել է մոտ 955 միլիոն դրամ արժողությամբ գույքային աջակցություն։

2006-2007թթ.-ին ՀՀ-ում ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) կողմից տրամադրվել է համակարգչային ցանցային սերվերներ, մոնիտորներ և մոտ 4 միլիոն դրամ արժողությամբ այլ համակարգչային տեխնիկա, ինչպես նաև նախկինում օգտագործված գրասենյակային գույք։ 2008թ.-ին Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից Ազգային ժողովին է տրամադրվել 886 հազար դրամ արժողությամբ համակարգիչ, տպիչ և գրասենյակային գույք (նախկինում օգտագործված)։ 2009թ.-ին Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերությունը (GTZ) մոտ 2,4 միլիոն դրամ արժողությամբ համակարգչային սարքավորումներ է հատկացրել Ազգային ժողովին։ Իսկ 2010թ.-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակը 115 հազար դրամի գրականություն է տրամադրել ԱԺ-ին։

Կորեայի Հանրապետության միջազգային համագործակցության գործակալությունը 2011թ.-ի ընթացքում ԱԺ-ին հատկացրել է մոտ 622 միլիոն դրամի տեխնիկա, մասնավորապես, մոտ 247 միլիոն դրամ արժողությամբ քվեարկության կոնֆերենս և սինխրոն թարգմանչական համակարգ՝ կից սարքավորումներով։ Նույն թվականին Համաշխարհային բանկի «ԱԺ քաղաքականության ձևավորման և հանրության հետ երկխոսության կարողությունների հզորացում» դրամաշնորհի շրջանակներում ԱԺ-ին տրամադրվել է 193,7 միլիոն դրամ արժողությամբ գույքային օգնություն, մասնավորապես, նիստերի դահլիճի հեռարձակման սարքավորումներ՝ 88,7 միլիոն դրամի, համակարգիչներ և տպիչներ՝ 99,2 միլիոն դրամի և մոտ 5,8 միլիոն դրամ արժողությամբ գրականություն։aj grants arm

2013-2014թթ.-ին այն նույն ծրագրի շրջանակներում Ազգային ժողովը Համաշխարհային բանկից ստացել է մոտ 99 միլիոն դրամի գրասենյակային, դահլիճային գույք և գրականություն։

2015թ.-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) երևանյան գրասենյակը Ազգային ժողովին է տրամադրել 538 հազար դրամ արժողությամբ համակարգչային տեխնիկա և մոտ 2 միլիոն դրամ արժողությամբ գրասենյակային գույք։ Նույն 2015թ.-ին ԱԺ-ն Չինաստանից մոտ 30 միլիոն դրամ արժողությամբ դյուրակիր համակարգիչներ է ստացել։

Այսպիսով, ստացվում է, որ վերջին 10 տարում Հայաստանի օրենսդիրին նյութապես ամենաշատն աջակցել է Հարավային Կորեան: Այնուհետև գալիս են Համաշխարհային բանկը, Չինաստանն ու ԱՄՆ-ն:

Տաթևիկ Վարդանյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Դիտվել է՝