Զբոսաշրջիկ զույգը կախարդական գորգ է խնդրում՝ Գյումրու փողոցներով սահուն երթեւեկելու համար

18308749_1328872330536833_1100390228_n

Գյումրին որպես զբոսաշրջության կենտրոն զարգացնելու խոստումներ շռայլած իշխանությունները հերթական անգամ մոռացել են, որ զբոսաշրջիկների համար շատ կարեւոր է կոմունիկացիոն համակարգերի ու ճանապարհների վերանորոգման ծրագրերի հարցը:

Ֆրանսիայից Գյումրի ժամանած զբոսաշրջիկ զույգն այսօր զարմացած դժգոհում էր, թե ինչպես են գյումրեցիները երթեւեկում քանդված փողոցներով:

Քրիստին եւ Քրիստիան Ֆալզոն զույգն առաջին անգամ որպես զբոսաշրջիկ Հայաստանում է: Նրանք հայ չեն, հայերի հետ ոչ մի կապ չունեն, մեկ տարի առաջ նույնիսկ չգիտեին էլ մեր երկրի մասին: Պատահական հեռուստատեսությամբ մի հաղորդում են տեսել Հայաստանի մասին մի քանի ամիս առաջ եւ սկսել են հետաքրքրվել մեր երկրով: Պատմում են, որ տեղեկությունները քիչ են.

18302247_758778714291515_695587940_n«Ինտերնետով նկարներ գտանք, նյութեր Հայաստանի մասին: Հարցրեցինք նաեւ մեր ընկերներին, մեզ ասացին, որ Հայաստան գնում են ուխտագնացության միայն, եւ որ եկեղեցիներն են շատ: Բայց գալով այստեղ համոզվեցինք, որ իրականում շատ բան կա: Ես կարծում եմ, որ Ձեր երկրի գովազդը լավ չի արվում, կոնկրետ Ֆրանսիայում, սովորական բնակիչները չգիտեն: Հետո գալով այստեղ հասկացանք, որ սա Ազնավուրի երկիրն է: Իշխանությունները պետք է փող ու ջանք ծախսեր երկրի գովազդը դրսում արդյունավետ անելու համար, ինչպես անում է Թուրքիան, մյուս երկրները»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նկատեց տիկին Քրիստին Ֆալզոն:

«Իմ ամուսնու հետ մի ռեպորտաժ տեսանք Հայաստանի մասին, ինտերնետով, նկարներով մի քիչ նայեցինք եւ որոշեցինք գալ Հայաստան անցկացնելու մեր հանգիստը»:

Այնուհետ զրույցի ամբողջ ընթացքում տիկինը զարմացած խոսում էր փողոցներից.

«Մայրուղիներն այդքան էլ վատը չէին: Կամ էլ բնությունն էր լավը, չէինք նկատում: Բայց Գյումրին, զարմացանք, որ տեսանք, թե ինչպիսի փողոցներով քաղաք է: Իսկապես հոգնեցինք, մինչեւ հասանք հյուրանոց:

Օրինակ Ֆրանսիայում այդպիսի ճանապարհներ չենք տեսել: Մենք շատ ենք ճանապարհորդում: Միայն Կիպրոսում գյուղերի ճանապարհն է այդպես եղել: Հենց երեկ «Վիլլա Կարս» հյուրանոցին էինք ուզում մոտենալ, հյուրանոցն հիասքանչ է, բայց փողոցն այնպես էր քանդված, որ չէինք կարող մոտենալ: Իսկապես շատ տանջվեցինք»:

Տիկնոջ զինվորական ամուսինը՝ Քրիստիան Ֆալզոնը, նկատեց, թե Գյումրին տարբերվում է Երեւանից, Գյումրիում ավելի շատ են գեղեցիկ քանդակներով եւ արվեստի գործեր հիշեցնող շենք-շինությունները, նրանց հրապուրել է նաեւ, որ որոշ տեղերում գետինը սալահատակ է, ու նորից անցում են կատարում ճանապարհներին.

«Զարմանալի է, որ այդպիսի պատմամշակութային ժառանգություն ունեցող երկրում չեն կարեւորում այդ հարցը: Մենք սիրում ենք ոտքով քայլել, բայց հնարավոր չէ այստեղ: Ձեր մոտ շատ հյուրասեր են մարդիկ, հյուրանոցում մեզ այնպես են կերակրում, բայց, ցավոք, դրանից հետո մեքենա նստել չի լինում, այնքան է մեքենան թափահարում, որ մարսել չի լինում»,- կատակում է պարոն Ֆալզոն, հետո հավելում. «Կինս ասում է, որ պիտի Հայաստանի իշխանություններից կախարդական գորգ խնդրենք, որ թեթեւ սահելով շրջենք Գյումրու վրա»:

Մեր այն հարցին, թե հաջորդ անգամ կգա՞ն Հայաստան, զբոսաշրջիկ զույգը սիրով պատասխանեց.

«Անշուշտ կգանք, մեր հիշողություններն այստեղից ավելին կլինեն, քան ձեր փողոցները: Հույս ունենք, որ հաջորդ այցելության ժամանակ ճանապարհները հարթ կլինեն, ու հա, մեկ էլ, քիչ մնաց մոռանայի, զուգարանների հարցը լուծված կլինի, թե չէ այդ մեկը որ կատաստրոֆիկ վատ է ձեր մոտ»,- ասաց տիկին Ֆալզոն՝ խոստանալով, որ Ֆրանսիայում ընկերներին կպատմի Հայաստանի հարուստ ժառանգության ու հյուրընկալ հայերի մասին:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝