Կոալիցիայի իմաստը ՀՅԴ-ի անթաքույց աջակցությունն է Ս. Սարգսյանին վարչապետ աշխատելու գործում

12778_b

Մի քանի օրից կհրապարակվի ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համաձայնագիրը: Բանակցություններն ավարտված են: Այս մասին երեկ հայտարարեց ՀՀԿ խոսնակ Է. Շարմազանովը՝ ՀՀԿ նիստի ավարտից հետո:

Տևական ժամանակ այս քննարկումները շարունակվում էին: Կարելի է ենթադրել, որ ՀՅԴ-ն ձգտում էր այս անգամ հավաքած քվեների չափով պորտֆելներ պահանջել ՀՀԿ-ից, մինչդեռ ՀՀԿ-ն քաղաքական մեծամասնություն ուներ և ազատ կարող էր միանձնյա կառավարություն ձևավորել:

Անդրադառնալով ՀՅԴ-ին տրվող նախարարական պորտֆելներին՝ երեկ ՀՀԿ խոսնակ Է. Շարմազանովն ասել է, որ քանակը չի կարող ազդել որակի վրա, և որ կարևորն այն է, որ քաղաքական երկու ուժերն ունեն «քաղաքական որակյալ համաձայնություն»:

Շարմազանովը երեկ հատուկ հղում է արել ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանին՝ ասելով. «Շատ իրավացի էր Արմեն Ռուստամյանը, եթե տալիս ենք այս ոլորտը կուսակցությանը, նշանակման իրավունքը կամ թեկնածուի առաջադրման իրավունքը տվյալ կուսակցությանն է»։

«Քաղաքական որակյալ համաձայնություն»-ը

Իրապես ՀՀԿ-ի ինչի՞ն էր պետք ՀՅԴ-ի հետ կազմել «քաղաքական որակյալ համաձայնություն»: ՀՀԿ-ն քաղաքական մեծամասնություն է, ինքնուրույն կարող է ձևավորել կառավարություն: Կարող է ինքնուրույն վարչապետ նշանակել: Հատկանշական է, որ ՀՅԴ-ի հետ «քաղաքական որակյալ համաձայնության» գալու հարցում էլ ՀՀԿ-ում միանշանակ չէին վերաբերվում:

Տևական ժամանակ մամուլը գրում էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և ՀՅԴ վերնախավի միջև գոյություն ունեցող անհամաձայնության մասին: Կարեն Կարապետյանի համար հատկապես անընդունելի էին ՀՅԴ նախարարների թեկնածուները: Իսկ ՀՅԴ-ական նախարարների նկատմամբ նրա անթաքույց վերաբերմունքը հայտնի էր Կ. Կարապետյանի՝ վարչապետ աշխատելու առաջին օրվանից:

Կ. Կարապետյանի կառավարությունը ձևավորում է Ս. Սարգսյանը

Հասկանալի է, որ գործադիրի ղեկավարը պետք է ունենա համապատասխան «ազատություններ»՝ կառավարական կաբինետ ձևավորելու հարցում: Կարեն Կարապետյանը տևական ժամանակ հենց պայքարում էր իր այդ ազատության համար: Այդ իսկ պատճառով ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն քննարկումները տևական ընթացք ունեցան, իսկ որոշ անհամաձայնություններ նաև դուրս սպրդեցին կառավարության պատերից:

Կարեն Կարապետյանի «թեկնածուները»՝ կոնկրետ ՀՅԴ նախարարների դերում, մերժվեցին, Ս. Սարգսյանը նախապատվությունը տվեց ՀՅԴ-ի առաջարկած թեկնածուներին:

Ինչպես արդեն հայտնի է, Դավիթ Լոքյանը, Լևոն Մկրտչյանը, Արծվիկ Մինասյանը հրաժարվել են նախարարական մանդատներից, սա ենթադրում է, որ նրանք կլինեն ՀՅԴ նախարարական պորտֆելների տերերը:

Իսկ սա նշանակում է, որ Ս. Սարգսյանի համար նախապատվելին համարվել են հենց ՀՅԴ վերնախավի առաջարկած թեկնածուները և ոչ Կարեն Կարապետյանի: Եվ բոլորովին էլ պատահական չէ այն, որ Է. Շարմազանովը հղում է անում Արմեն Ռուստամյանին՝ ասելով, որ կուսակցությանն է թեկնածուի առաջադրման իրավունքը:

Ս. Սարգսյանն ընդդեմ Կ. Կարապետյանի՝ հօգուտ ՀՅԴ-ի

Տրամաբանական հարց է առաջանում. ինչո՞ւ ՀՀԿ վերնախավը՝ կոնկրետ Ս. Սարգսյանը, այս հարցում սատարեց ՀՅԴ-ին:

Այստեղ հարկ է հիշել ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանի մեկ այլ հայտարարություն, որ նա արել էր ընտրություններից առաջ՝ անցած տարեվերջին, երբ Ս. Սարգսյանն «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության լրագրողի հարցին պատասխանելով հայտարարել էր, որ տեսնում է իրեն վարչապետի պաշտոնում, եթե իր ղեկավարած քաղաքական ուժը խորհրդարանում մեծամասնություն լինի:

ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն, ըստ էության, դեմ չէր արտահայտվել՝ ակնարկելով, որ որևէ խնդիր չի տեսնում, որ ընտրությունների հանդեպ վստահության պարագայում Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնից հետո զբաղեցնի վարչապետի պաշտոնը:

Սա ոչ այլ ինչ է, քան ՀՅԴ-ի անթաքույց աջակցությունը Ս. Սարգսյանին վարչապետ աշխատելու գործում: Ինչպես հայտնի է, 2018թ.-ի ապրիլի 9-ը Սերժ Սարգսյանի երկրորդ նախագահական ժամկետի ավարտն է: Որից հետո տրամաբանական մեկ այլ հարց է առաջանում՝ ի՞նչ է անելու Ս. Սարգսյանը:

Հասկանալի է, որ նա սահմանադրական փոփոխություններով ապահովեց ՀՀԿ-ի վերարտադրությունը: Եվ հասկանալի է նաև, որ Ս. Սարգսյանը երբևէ չի համաձայնի դառնալ երիտասարդ թոշակառու: Այն մասին, որ չի հեռանալու քաղաքականությունից, ազնվորեն հայտարարեց նաև նախընտրական քարոզչության ամենաեռուն շրջանում՝ Արցախում զինծառայողների ու նրանց ծնողների հետ հանդիպման ժամանակ՝ ասելով, որ իրեն տեսնում է Հայաստանի և Արցախի անվտանգության երաշխավորի դերում:

Ս. Սարգսյանը կուսակցապետի՞, թե՞ վարչապետի պաշտոնում

Ս. Սարգսյանը կշարունակի ղեկավարել կուսակցապետի՞, թե՞ վարչապետի պաշտոնում: Երկու տարբերակն էլ հնարավոր է, սակայն դատելով «պրագմատիկ շախմատիստի» քայլերից՝ կարելի է ենթադրել, որ Ս. Սարգսյանը չի ընտրի «հեռակա» կառավարման տարբերակը, կնախընտրի առկան:

Իսկ դրա համար պետք է հեռանա Կարեն Կարապետյանը: Ս. Սարգսյանի իշխանության վերջին նախապատրաստական քայլերը հենց միտված են դրան: Ս. Սարգսյանն ինքն է ձևավորում կառավարությունը՝ հասկացնել տալով Կարեն Կարապետյանին, որ նա Ս. Սարգսյանի մոտ պարզապես «պետական աշխատող է» կամ «ժամկետային վարչապետ»:

Մյուս կողմից, Ս. Սարգսյանը ՀՀԿ յուրայիններից բացի նաև «իրենով» է անում ՀՅԴ-ին, և դատելով «Ծառուկյան» դաշինքում վերջին շրջանի խմորումներից՝ կարելի է ենթադրել, որ ձեռք բերեց «իր մանդատավորներին» նաև «Ծառուկյան» դաշինքում:

 Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝