Ոստիկանական գործողություններից տուժած ցուցարար Հ. Հարությունյանի գործով գանգատ է ներկայացվել Եվրոպական դատարան

logo-300x300

2017 թ. հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած հավաքների ընթացքում ոստիկանական գործողություններից տուժած Հովհաննես Հարությունյանի իրավունքների պաշտպանությունը ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ստանձնել է դեռևս 2016 թ. օգոստոսի 8-ին՝ ներգրավելով փաստաբաններ Արտուր Հարությունյանին և Սյուզաննա Սողոմոնյանին: 2016 թ. հուլիսի  29-ին Երևան քաղաքի «Սարի թաղ» կոչվող թաղամասում ոստիկանական զորքերի կողմից նետված նռնակներից, ի թիվս հավաքի այլ մասնակիցների, Հովհ. Հարությունյանն ստացել է բեկորային միջին ծանրության վնասվածքներ, բժշկական օգնություն ստացել Երևանի թիվ 1 հիվանդանոցում, ապա երկու ամիս ստացել վերականգնողական բուժում: Ավելի ուշ  դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում վերջինս տուժող է ճանաչվել, սակայն մինչ օրս որևէ անձ գործով չի ներգրավվել կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակով, չեն ստացվել նշանակված փորձաքննությունների արդյունքները՝ բացառությամբ դեռևս Քննչական կոմիտեի քննիչի կողմից նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքների:

Դրան հակառակ իրավապահ մարմինները բավականին կարճ ժամկետներում քննեցին այն գործերը, որոնցով տուժող են ճանաչվել ոստիկանները՝ համաձայն առաջադրված մեղադրանքների՝ ցուցարարների կողմից կիրառված բռնության արդյունքում: Դրանցից շատերով արդեն նույնիսկ դատավճիռներ կան: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետությունը չունի բավարար կամք արդյունավետ քննություն իրականացնելու և հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց բացահայտելու ու պատժելու ուղղությամբ՝ Հովհաննես Հարությունյանի և վերջինիս ներկայացուցիչների կողմից գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրապական դատարան՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ (Խոշտանգումների արգելում), 10-րդ (Արտահայտվելու ազատություն), 11-րդ (Հավաքների ազատություն) և 13-րդ (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) հոդվածների խախտման հիմքով:

Դիմումատուները վկայակոչել են նաև իշխանությունների կողմից խաղաղ հավաքը անհամաչափ ուժի գործադրմամբ ցրելու փորձերը, ինչը չի բխում ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտության պահանջից, և պետության կողմից Հովհ. Հարությունյանի խախտված իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոցներ չապահովելը՝ նշելով, որ նմանատիպ գործերի քննությունը որպես կանոն կարճվում է: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատել է գանգատի ստացումը և հավաստիացրել, որ գործը կքննվի առաջին իսկ հնարավորության դեպքում:

 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Դիտվել է՝