«Վարչապետ կամ կուսակցության նախագահ՝ մեր իմացած գենսեկի լիազորություններով»

image

Օրերս ՀՀ ԱՎԾ-ն հրապարակեց տեղեկություններ, որ ՀՀ-ում 2017թ.-ի առաջին ամիսների ընթացքում տնտեսական ակտիվության ցուցանիշը բարձրացել է: Դա որոշ մասնագետներ բացատրեցին մետաղների գների աճով, կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը կարևորեց արդյունաբերության աճը:

Վերլուծաբան Արծրուն Պեպանյանի կարծիքով նման փոփոխություն առայժմ նկատելի չէ տնտեսության մեջ. «Դեռևս տնտեսական վիճակի դրության փոփոխություն չեմ տեսնում, բայց և այնպես չէ, որ իրական դրական տեղաշարժի դեպքում մյուս օրը ևեթ մարդիկ զգան փոփոխությունները: Ակնհայտ է, որ վարչապետը ձգտում է դրական փոփոխությունների հասնել երկրի կյանքում: Բայց թե դա որ չափով կհաջողվի իրեն, դժվար է ասել»:

Կ. Կարապետյանի հռետորաբանությունն ընտրություններից առաջ և հետո փոխվել է: Երբ նա նոր էր նշանակվել վարչապետ, հայտարարում էր, որ վիճակը շատ վատ է, կռիվ էր հայտարարում կոռուպցիային, մենաշնորհին: Ակտիվ էր նա նաև ընտրությունների շրջանում: Իսկ վերջին կառավարության նիստին նա, օրինակ, քննարկման թեմա էր դարձրել «Մաքուր Հայաստանի» հարցը, հրահանգներ էր տալիս ծառ չկտրել, աղբը մաքրել, այսպիսով զարգացնել տուրիզմը: Սա ի՞նչ է նշանակում: Ըստ Արծրուն Պեպանյանի՝ Կ. Կարապետյանը ևս հասկացել է, որ դժվար է ՀՀ-ում փոփոխությունների հասնելը:

«Վարչապետն հետզհետե հասկացել է, թե որքան դժվար է երկրում էական փոփոխությունների հասնելը: Իմ կարծիքը եթե ուզում եք իմանալ, ապա «Մաքուր Հայաստանը» հենց այն ծրագիրն է, որի գործարկումով հնարավոր կլինի երկրում էական փոփոխությունների հասնել, եթե, իհարկե, ծրագրի թիկունքում լինի քայլերի անհրաժեշտ համակարգը»:

Սպասվում է գործող կառավարության հրաժարականը, որից հետո ձևավորվելու է նոր կառավարություն: Կառավարության կազմի շուրջ կարծես թե դեռևս հստակություն չկա, բացի վարչապետի թեկնածուից: ՀՀԿ-ն դեռ ընտրություններից առաջ էր հայտարարել, որ Կ. Կարապետյանն է լինելու վարչապետը:

Մամուլն անընդհատ այս օրերին գրում է, որ հակասություններ կան, խնդիրներ կան, այդ իսկ պատճառով ձգձգվում է պրոցեսը:

Ի՞նչ խնդիրներ ու հակասություններ կարող են լինել, արդյոք հակասությունները Ս. Սարգսյանի և Կ. Կարապետյանի միջև է: ԳԱԼԱ-ի այս հարցին Արծրուն Պեպանյանը պատասխանեց. «Նախ նոր կառավարություն կձևավորվի նոր ԱԺ-ի առաջին նիստից հետո: Եվ հետո, վարչապետը պիտի որոշ իրավունքներ ունենա կառավարության ձևավորման հարցում, գոնե իր կուսակցության պորտֆելների պահով: Եթե ընդհանրապես չունենա այդ իրավունքը, ապա ի՞նչ է անում կառավարությունում: Կոալիցիոն պորտֆելների դեպքում, հասկանալի է, վարչապետը լիազորություններ չունի կադրերի նշանակման գործում, բայց իր կուսակցության հարցում պիտի ունենա լիազորություններ»:

Նկատենք, որ տարիներ շարունակ կադրերի նշանակումը և այլ հարցերը եղել են Ս. Սարգսյանի մենաշնորհը: Արդյոք թույլ կտրվի՞ Կարեն Կարապետյանին օգտվել օրենքով վերապահված իր «ազատություններից», թե՞, այնուամենայնիվ, Ս. Սարգսյանը կշարունակի թելադրել իր կամքը կառավարությանը, ինչպես միշտ է եղել:

Ս. Սարգսյանի համար անշուշտ վտանգավոր է իր ձեռքից բաց թողնել կառավարությունը.

ի վերջո, կառավարության ձևավորումը շատ կարևոր պրոցես է Հայաստանի ներքաղաքական զարգացումների համար: Կառավարության ձևավորումից հետո պարզ կլինի, թե Սերժ Սարգսյանն ինչ ապագա է որոշել իր համար և ինչ դերակատարում կվստահի Կարեն Կարապետյանին:

Ըստ Պեպանյանի՝ Ս. Սարգսյանն ունի բավարար փորձառություն կառավարությունն իր ձեռքից բաց չթողնելու համար. «Սերժ Սարգսյանը բավարար փորձառություն ունի կառավարությունը ձեռքից բաց չթողնելու համար: Բայց չէ՞ որ այս պահին Կարեն Կարապետյանն աշխատում է Սերժ Սարգսյանի իշխանությամբ: Մենք ունենք խորհրդային շրջանի փորձը, երբ իշխող կուսակցության ղեկավարը փաստացի երկրի ղեկավարն էր՝ պետական պաշտոն չունենալով: Գուցե թե այդ տարբերակն ընտրվի»:

Արդյոք Ս. Սարգսյանը կընտրի կուսակցապետի պաշտոնից ղեկավարելու տարբերա՞կը, թե՞ միանգամից կընտրի վարչապետի պաշտոնը 2018թ.-ից հետո:

Հիշեցնենք, որ Ս. Սարգսյանն «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության լրագրողի հարցին, թե արդյոք մտադիր է առաջադրվել վարչապետի պաշտոնում նոր Սահմանադրությամբ, չէր հերքել՝ ասելով, որ դա կախված է 2017թ.-ի խորհրդարանական ընտրություններից, նայած, թե ինչ հաջողություններ կարձանագրի ՀՀԿ-ն:

Ըստ Արծրուն Պեպանյանի՝ տեսականորեն կա երկու տարբերակ՝ նայած, թե Ս. Սարգսյանը որ ճանապարհը կընտրի. «Վարչապետ կամ կուսակցության նախագահ՝ մեր իմացած գենսեկի լիազորություններով: Թե որը կընտրվի, ցույց կտա կյանքը»:

 Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝