Նպատակը ոչ միայն Տարոն Մարգարյանին հաղթելն է, այլև ընդդիմադիր դաշտի լիդերի կարգավիճակ ստանալը

Հայկ Բալանյան

ԳԱԼԱ-ի հարցազրույցն անկախ փորձագետ Հայկ Բալանյանի հետ:

-Պարոն Բալանյան, Երևանում մայիսի 14-ին ավագանու ընտրություններ են: Հիմա նախընտրական բուռն շրջան է: Դուք արդեն ծանոթ եք քաղաքական ուժերի ծրագրերին: Ի՞նչ կարծիք ունեք և որպես երևանցի ի՞նչ ակնկալիք ունեք առաջիկա ընտրություններից:

-Սպասելիքներս մեծ չեն: Կրկնվելու է ԱԺ ընտրությունների նույն իրավիճակը՝ գումարած այն հանգամանքը, որ «Ծառուկյան» դաշինքը չի մասնակցում սեփական թեկնածուով, հետևաբար այդ ծառուկյանական ձայների մեծագույն մասն անցնելու է ՀՀԿ-ին, քանի որ այդ ուժի ամբողջ ռեսուրսն աշխատելու է հօգուտ Տարոն Մարգարյանի: Իրենք չեզոք չեն մնալու և աջակցելու են գործող քաղաքապետին, բացահայտ կամ ոչ բացահայտ, համապատասխան հետևանքներով:

-Պարոն Բալանյան, խորհրդարանական ընտրություններից հետո սկսվեցին Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստական աշխատանքները: Ի տարբերություն խորհրդարանական ընտրությունների, որտեղ մասնակցում էին 9 քաղաքական ուժեր, Երևանի ավագանիում հայտնվելու համար պայքարում է ընդամենը 3 քաղաքական ուժ: Ինչո՞վ է սա բացատրվում, ըստ Ձեզ:

-Ստվերային պայմանավորվածություններով և ընդդիմադիր կոչվող ուժերի բացարձակ հակագաղափարական բնույթով: «Ծառուկյան» դաշինքը կարող էր մարտահրավեր նետել Տարոն Մարգարյանին, սակայն, ըստ ամենայնի, այդ ուժին տրված գործողությունների միջանցքը, թույլատրելին և անթույլատրելին իր մեջ չի նեռարում քաղաքապետի պաշտոնը: Իսկ մնացած ուժերը, գիտակցելով, որ շանսեր չունեն, ուղղակի որոշել են իրենց ձայները և ռեսուրսները չծախսել կամ ծառայեցնել մասնակցող ուժերին ինչ-որ բանի դիմաց: Սեփական ծրագրերը կամ սեփական սկզբունքները ներկայացնելն առաջնահերթ չի համարվել, առաջնահերթություն է համարվել զուտ կուսակցական դիրքերի ամրապնդումը և ոչ թափանցիկ քաղաքական առևտուրը:

-Պարոն Բալանյան, Գյումրիում, Վանաձորում աշնանը կայացած ավագանու ընտրությունների ժամանակ ավելի մեծ թվով քաղաքական ուժեր էին ակտիվ: Օրինակ, համեմատության համար նշեմ, որ միայն Գյումրիում 11 քաղաքական ուժ էր մասնակցում ավագանու ընտրություններին: Երևանում, ի վերջո, կենտրոնացված է Հայաստանի բնակչության գրեթե կեսը: Ինչո՞ւ է Երևանի քաղաքային իշխանության ճակատագիրն անհետաքրքիր շատ քաղաքական ուժերի համար:

-Որովհետև Երևանը հույժ կարևոր է գործող վարչակարգի համար, Երևանն իշխանության առանցքային դիրքերից մեկն է, քանի որ մայրաքաղաքում կենտրոնացած է բնակչության մոտ 40 տոկոսը և փողի և այլ ռեսուրսների մեծագույն մասը: Նա, ով վերահսկում է Երևանը, վերահսկում է նաև Հայաստանը: Ուստի վարչակարգի կողմից հասկացվել է, որ վատ է լինելու, հեռու մնացեք, և շատ ուժեր ենթարկվել են այդ կարգադրությանը:

Իսկ երկրի այլ քաղաքներն այդ նշանակությունը և ռեսուրսները չունեն, բայց ունեն բազմաթիվ խնդիրներ, հետևաբար եթե հանկարծ ոչ հանրապետական քաղաքապետ լինի, ապա թող ինքն էլ այդ բեռը, ջառմեն քաշի, Հանրապետականին դրանից վտանգ չկա:

-Երևանի ավագանու ընտրությունները քաղաքական ուժերի մեծ մասի կողմից բոյկոտելը բացատրվեց այս կերպ, որ ընտրությունների ինստիտուտը Հայաստանում չի գործում: Ընտրություններ, որպես այդպիսին, չեն կարող կայանալ, նաև այն բանից հետո, երբ փոխվեց ՀՀ-ում ընտրական կարգը: Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կգործեն իշխանություններն այս ընտրություններում:

-Ոչ մի ուշադրություն այդ հայտարարություններին չեն դարձնի, պետք է՝ մի քանի գրպանային ընդդիմադիր ուժեր կվերակենդանացնեն կամ կստեղծեն ու իրենց անելիքը կանեն:

ԱԺ ընտրություններին մասնակցածները պիտի որ իրենց խոսքն ասեին Երևանի ընտրություններում, փորձեին ընդհանուր հայտարարի գալ այլ ընդդիմադիր ուժերի հետ հանուն այդ ասելիքի և ժողովրդի: Եթե չեն գալիս այդ գիտակցությանը, ընդհանուր հայտարարի, ապա այդ ասելիքը կարևոր չէր, և մարդիկ այդ ամենը հասկանում են:

-Ձեր կարծիքով ինչո՞վ է բացատրվում երկու ընդդիմադիր քաղաքական ուժերի ակտիվ պայքարը Երևանի ավագանու ընտրություններում: «Երկիր Ծիրանի» կուսակցությունը և «Ելք» դաշինքը չե՞ն կռահում, որ ՀՀԿ-ն պարզապես ընտրությունների միջոցառում է կազմակերպում՝ Տարոն Մարգարյանի հաղթանակն ապահովելու համար, թե՞ պարզապես ցանկանում են ներգրավվածություն ունենալ ինչ-որ չափով Երևանի քաղաքային իշխանությունում:

-Կարծում եմ երկու ուժերն էլ իրենց տեղն են ուզում ապահովել ընդդիմադիր քաղաքական դաշտում, և այդ առաջնորդության համար է պայքարը, որն իրենց համար ավելի կարևոր է այս փուլում: Նպատակը ոչ միայն Տարոն Մարգարյանին հաղթելն է, այլև ընդդիմադիր դաշտի լիդերի կարգավիճակ ստանալն է: Այս իմաստով Տարոն Մարգարյանի գործոնն այդքան էական չի:  Ես նորմալ եմ վերաբերվում «Երկիր Ծիրանի» կուսակցության և «Ելք» դաշինքի պայքարին, եթե այն ընթանում է քաղաքակիրթ և պարկեշտ ձևով՝ գաղափարական և ծրագրային հարցերի շուրջ: Նման պայքարով պիտի, ի վերջո, աճի ընդդիմությունը:

Հարցազրույցը՝ Ք. Մկրտչյանի

Դիտվել է՝