«ՀՀ արդարադատության նախարարությունն ինքնակամ է քննարկում Վ. Պերմյակովի պատժի կրման կազմակերպման հարցերը»

avetisyanner

ՀՀ արդարադատության նախարարությունն ինքնակամ է քննարկում Վ. Պերմյակովի պատժի կրման կազմակերպման հարցերը:

Այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցում են ՀՀ արդարադատության նախարարության մամլո ծառայությունից՝ պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք ՀՀ արդարադատությունը քննարկում է այդ հարցը ՌԴ կողմի հետ, և արդյոք արդեն որոշում կա Վ. Պերմյակովին արտահանձնելու ռուսական կողմին:

Հիշեցնենք, որ «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունն այսօր մի տեղեկություն է հրապարակել, որ Ավետիսյանների սպանության մեջ մեղավոր ճանաչված անձը՝ Վ. Պերմյակովը, կարտահանձնվի Ռուսաստան:

Ըստ լրատվամիջոցի՝ ՀՀ արդարադատության նախարարությունը համաձայնել է ցմահ բանտարկյալ Վալերի Պերմյակովին Ռուսաստան արտահանձնելուն:

Պերմյակովի պաշտպանն էլ նույն լրատվամիջոցին հայտնել է, որ ներկայումս որոշվում է Պերմյակովի պատժի կրման վայրը:

Լուսինե Մարտիրոսյան

Լուսինե Մարտիրոսյան

ՀՀ Արդարադատության նախարարությունից ԳԱԼԱ-ին փոխանցեցին, որ նախարարությունն առանց ռուսական կողմի մասնակցության, ինքնուրույն իր ներսում է քննարկում Վ. Պերմյակովի պատժի կրման հարցերը: Իսկ թե ինչու է նման հարցի քննարկման անհրաժեշտություն առաջացել, Արդարադատության նախարարության լրատվական ծառայության ղեկավար Լուսինե Մարտիրոսյանը պատասխանեց.

«ՌԴ քաղաքացի, ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովը դատապարտվել է և՛ Ռուսաստանի Դաշնության, և՛ Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից, այդ իսկ պատճառով ներկայում ՀՀ արդարադատության նախարարությունը քննարկում է Վ. Պերմյակովի պատժի կրման կազմակերպման հարցերը»:

Քննարկման ավարտից հետո նախարարությունը պաշտոնական հայտարարություն կտարածի:

Հիշեցնենք, որ Վ. Պերմյակովը մեղավոր է ճանաչվել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով ՀՀ դատարանի կողմից, իսկ ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ռազմադաշտային դատարանի կողմից՝ դասալքության և այլ հոդվածներով:

Երվանդ Վարոսյան

Երվանդ Վարոսյան

Ավետիսյանների իրավահաջորդ կողմի փաստաբաններից Երվանդ Վարոսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում, պատասխանելով մեր այն հարցին, թե տեսականորեն կա՞ հնարավորություն Վ. Պերմյակովին ՌԴ կողմին հանձնելու, պատասխանեց.

«Կանգնած ենք նույն խնդրի առաջ, որը ծառացել է ոճրագործության հաջորդ իսկ օրը, երբ​ ձերբակալվեց Պերմյակովը, և հայ իրավապահների անգործության հետևանքով ձերբակալվեց ռուս սահմանապահների կողմից։ Արդյունքում ստացվեց մի իրավիճակ, երբ ՌԴ քաղաքացին հայտնվեց ՌԴ իրավազորության ներքո։ Այդ պահից արդեն ակնհայտ էր, և ես արդեն մի քանի անգամ նշել եմ, որ Պերմյակովն, ի վերջո, Հայաստանին չի հանձնվի, իսկ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո պատիժը կկրի ՌԴ տարածքում, քանի որ ռազմական բազան, այնուամենայնիվ, որպես պատիժ նշանակված ազատազրկումը կրելու վայր չի կարող հանդիսանալ»:

Հարցին, թե ՀՀ կողմն ունի՞ այդ իրավասությունը մերժելու Վ. Պերմյակովին ՌԴ կողմին արտահանձնելու միջնորդությունը և կօգտվի՞ այդ իրավունքից, փաստաբանը պատասխանեց.

«Հայաստանի Հանրապետությունը, ցավոք սրտի, այդ գործընթացին խոչընդոտել չի կարող, քանի որ Պերմյակովը մեր իրավազորության ներքո չի էլ գտնվում, որ կարողանանք արտահանձնել կամ չարտահանձնել։ Շեշտում եմ՝ Վալերի Պերմյակովը երբեք, ոչ մի վայրկյան Հայաստանի իրավազորության ներքո չի գտնվել»:

Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով գանգատ է ներկայացվելու նաև Եվրոպական դատարան: Փաստաբան Վարոսյանի խոսքերով՝ Եվրոպական դատարան գանգատը նոր պիտի ներկայացվի, քանի որ Հայաստանի ներպետական դատական ատյանների սպառումը նոր է ավարտվել։ Գանգատը վերաբերելու է ՌԴ որպես պետություն գույքային պատասխանատվությանը, մասնավորապես ՌԴ-ին քաղաքացիական հայցվոր ճանաչելուց ՀՀ դատարանների հրաժարվելուն: Գանգատը կներկայացվի ցանկացած դեպքում, անկախ Պերմյակովի գտնվելու վայրից:

 Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝