Բանակցություններ, որից առաջ հայ զինվոր են սպանում, իսկ հետո գնդակոծում ՀՀ տարածքը

g_image (1)

Ինչքան պաշտոնական Երևանը խոսում է ուժի չկիրառման անհրաժեշտության ու փոխզիջումներով հակամարտությունը կարգավորելու անհրաժեշտության մասին, այդքան Բաքուն ավելի ագրեսիվ է դառնում ու ավելի ինտենսիվ է ուժ կիրառում:

Ապրիլի 28-ին Մոսկվայում ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի, Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի եռակողմ հանդիպումը։

Տրամաբանությունը հուշում է, որ բանակցային գործընթացի առկայությունն ինքնին պետք է որ հակամարտող կողմերին գոնե բանակցային գործընթացի ինտենսիվ փուլում հետ պահեր սահմանին ուժի կիրառումից: Սակայն ինչքան ՀՀ իշխանությունները խոսում են խաղաղությունից ու փոխզիջումներից, Ադրբեջանն էլ ավելի մեծ թափով է ուժ կիրառում սահմանին: Փաստացի Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային գործընթացն ուղեկցվում է ադրբեջանական զինուժի ինտենսիվ, ագրեսիվ գործողություններով:

Ապրիլի 28-ին արտգործնախարարների մոսկովյան հանդիպումից տառացիորեն ժամեր առաջ Արցախի ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստանում ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Մհեր Ֆելիքսի Արզումանյանը: Այդպիսով, հայկական բանակի զինվոր սպանելով՝ պաշտոնական Բաքուն Մոսկվայում նստում է բանակցային սեղանի շուրջ: Իսկ հայկական կողմը բավարարվում է ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանի միջոցով միջադեպը դատապարտելով՝ այն համարելով արտգործնախարարների հանդիպումից առաջ Ադրբեջանի կողմից կազմակերպված սադրանք:

Իր հերթին, այն օրը, երբ Ադրբեջանը հայկական բանակի զինվոր է սպանում, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Մոսկվայում Միջազգային անվտանգության հարցերով 6-րդ համաժողովին ելույթ է ունենում, որտեղ խոսում է ուժի կիրառման բացառման անհրաժեշտության մասին ու խաղաղասիրական կոչեր անում: Եվ այս ֆոնին, երբ Հայաստանը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաներն ամբիոն բաց չեն թողնում խաղաղության շուրջ փիլիսոփայելու և ուժի սպառնալիքով խնդիրները չկարգավորելու անհրաժեշտության մասին դատողություններ անելու, մոսկովյան բանակցությունների ավարտից կրկին ժամեր անց ադրբեջանական զինուժը գնդակոծության է ենթարկում Հայաստանի Տավուշի մարզի Բաղանիս և Կոթի գյուղերը:

Փաստացի պաշտոնական Երևանի խաղաղասիրական կոչերն ու փոխզիջումների միջոցով արցախյան հակամարտությունը լուծելու պատրաստակամությունը է՛լ ավելի ագրեսիվ գործողությունների է մղում Ադրբեջանին: Նման իրավիճակում ինչքանո՞վ է նպատակահարմար բանակցային սեղանի շուրջ նստել Ադրբեջանի հետ՝ առանց սահմանին արժանի հակահարված տալու: Արդյոք հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական ագրեսիան զսպելու և հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն առավել արդյունավետ դարձնելու միակ տարբերակը հայկական զինված ուժերի կողմից ադրբեջանական ագրեսիային է՛լ ավելի կոշտ ագրեսիայով հակադարձելը չէ:

Դերենիկ Մալխասյան

«Պոլիտիկա» կենտրոն

Դիտվել է՝