«Կրակողի հետ չեն բանակցում». Բադասյան

Վահան Բադասյան

ՀՀ իշխանությունները չեն գործում զինվորի ու քաղաքացու շահերից, երբ բանակցում են կրակող կողմի հետ: ԳԱԼԱ-ի հետ զրույցում գնահատելով Նալբանդյան–Մամեդյարով–Լավրով հանդիպումը՝ նման գնահատական տվեց Արցախի ընդդիմադիր գործիչ Վահան Բադասյանը:

Ըստ Բադասյանի՝ սկսած 1994թ.-ից Հայաստանի կողմից Արցախի հարցում սխալ քաղաքականություն է տարվում:

«Տարվում է պարտվողական և հակահայկական քաղաքականություն:

Հատկապես ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի ոչ մի գործիչ չպետք է նստի Ադրբեջանի գործիչներից մեկն ու մեկի հետ բանակցությունների սեղանի շուրջ:

Եվ հարցը միայն Ադրբեջանի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտելը չէ, հարցը նաև մեր զինվորներին սպանելը չէ, այլ հարցն այն է, որ Հայաստանն անտեսում է այն հանգամանքը, որ Ադրբեջանը չի հարգում դիմացինին, ծաղրում է, և երկրորդ՝ Ադրբեջանը չի հարգում միջնորդ հանդիսացող երկրներին՝ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, և ամենակարևորը՝ Ադրբեջանին չի կարելի վստահել, ոչ մի երաշխավորություն չի կարող գոյություն ունենալ, որ նույնիսկ լավ պայմաններում ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն ու մեկը կատարի:

Ցանկացած դիվանագետ պետք է հրաժարվի հանդիպելուց կամ էլ փաստաթղթեր, պայմանագրեր ստորագրելուց կամ դրանց շուրջ խոսելուց»:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե Հայաստանի իշխանությունները բանակցությունների շնորհիվ ժամանակ են ձգում, ըստ ընդդիմադիր գործչի, ժամանակ սպանելու կարիք չկա: Այնպես չէ, որ Ադրբեջանը ռազմական հնարավորություններով գերազանցում է մեզ, և այնպես էլ չէ, որ ժամանակ շահելու կարիքը հայկական կողմն ունի:

«Այնպես էլ չէ, որ հայկական դիվանագիտությունը խնդիր ունի թոզ փչելու միջազգային հանրության աչքերին: Տվյալ դեպքում ով է միջազգային հանրությունը: Համանախագահներն են հանդիսանում աշխարհի ուժեղագույնները, և նրանք էլ իրավիճակին քաջ տիրապետում են: Բավական է մեկ հարց դրվի Հայաստանի իշխանությունների կողմից, որ չենք վստահում Ադրբեջանին, որ չկա երաշխավորություն, որ կպահպանի ցանկացած պայմանավորվածություն, արդեն բավական է»:

Ըստ Բադասյանի՝ սկսված բանակցությունները պետք է անմիջապես դադարեցվեին, քանի որ կրակելով սահմանում կանգնած զինվորի վրա՝ Ադրբեջանը կրակել էր հենց Հայաստանի իշխանությունների վրա.

«Պետք է դադարեցներ քննարկումը և Նալբանդյանը պետք է դուրս գար բանակցություններից: Նալբանդյանը պետք է ասեր՝ ես բանակցելու բան չունեմ, ու հեռանար: Բայց ոչ մի տեղ չհայտարարվեց Հայաստանի իշխանությունների կողմից այս մասին: Պետք է աղմուկ բարձրացվեր, պետք է ասեին՝ նայեք, աշխարհի ժողովուրդներ, սա մենք, սա էլ Ադրբեջանը, մենք հարևաններ ենք, հիմա նստած բանակցում ենք, իսկ բանակցող հարևանը խոցում է իմ զինվորին, այսինքն ինձ է խոցում, այսքանից հետո էլ բանակցելը ո՞րն է: Հիմա պատկերացրեք ինչ կլինի, եթե Արցախն ապրի Ադրբեջանի կազմում, ամեն օր նույն վիճակը կլինի»:

Ըստ Բադասյանի՝ այդ ամենը չի արվել, քանի որ Հայաստանի իշխանություններն ամենևին էլ չեն գործում ի շահ Արցախի կամ հայության, այլ բացառապես գործում են ի շահ իշխանությունների:

«Իշխանություններն ամենևին չեն վշտանում, որ սահմանին զինվոր է զոհվում: Իսկ ինչու, շատ պարզ պատճառով, որովհետև Ս. Սարգսյանի, Սաշիկ Սարգսյանի, շարմազանովների, աշոտյանների ու մյուսների զավակները չէ, որ զոհվում են սահմաններին: ՀՀԿ-ականների լակոտները սահմանին չեն ծառայում, ոչ միայն սահմանում, այլև հայկական բանակում էլ չեն ծառայում: Ապրիլից հետո հայկական իշխանություններն այնքան սխալներ գործեցին, նրանք հետ չվերցրեցին կորցրած դիրքերը, շարունակեցին իրենց տհաս քաղաքականությունն Արցախի հարցում, ազգային հերոսների ընդվզումը, Սասնա ծռերի դեպքը:

Այսօր էլ Հայաստանի իշխանությունները զբաղված են միայն խաբեությամբ իրենց իշխանությունը երկարաձգելով՝ երկրի թալանը շարունակելով, բնական ռեսուրսները թալանելով և ժողովրդին ստրկացնելով»,- կարծում է Բադասյանը:

 Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝