«Հայաստանն իր ամբողջ դիվանագիտական ներուժն օգտագործում է Արցախի ճանաչումը թույլ չտալու համար»

hayk xanumyan

ԳԱԼԱ-ի հարցազրույցն Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի հետ:

-Պարոն Խանումյան, ԱԳՆ մակարդակով ՀՀՌԴԱդրբեջան հանդիպման վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեք: Դեռ տարեսկզբից Ադրբեջանն ամեն ինչ անում էր նման հանդիպում կազմակերպելու համար, սակայն հայկական կողմը մերժում էր՝ համարելով Վիեննայից հետո բանակցություններն անարդյունավետ: Հիմա ի՞նչ փոխվեց, ըստ Ձեզ:

-Ինձ համար հստակ է, որ հայկական կողմերի ջանքերը պետք է ուղղված լինեն ոչ թե Վիեննայի կամ այլ պայմանավորվածությունների կատարմանը, որոնք, մեծ հաշվով, ոչ մի էական փոփոխություն չեն մտցնի իրողությունների մեջ, այլ Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ հստակ աշխատանք տանելուն: Ցավով պետք է նշեմ, որ Հայաստանն իր ամբողջ դիվանագիտական ներուժն օգտագործում է Արցախի ճանաչումը թույլ չտալու համար: Հայաստանը, թեև բազմիցս հայտարարել է Արցախի հետ ռազմական և ռազմավարական բնույթի պայմանագրերի կնքման անհրաժեշտության մասին, հրաժարվում և խոչընդոտում է կենսական նշանակության այդ համաձայնագրերի կնքմանը:

- Հայկական կողմը ոչ միայն շահագրգռված չէ Արցախին բանակցությունների մեջ ներգրավելու, այլև գնում է բանակցությունների՝ հստակ աչքի առաջ ունենալով այն, որ Ադրբեջանին Ռուսաստանը շարունակում է զենք մատակարարել, իսկ Ադրբեջանը կրակում է մեր դիրքերի ուղղությամբ, սպանում մեր զինծառայողներին:

Ո՞րն է այս դեպքում տրամաբանությունը, ի՞նչ շահագրգռվածություն ունի հայկական կողմն այս պայմաններում գնալ բանակցելու:

– Ընդհանրապես, ՀՀ կողմից Արցախի անունից բանակցելը միշտ էլ հարցը մտցնելու է փակուղի: Հարցի լուծումը հնարավոր է միայն Ստեփանակերտ–Բաքու հարթության մեջ, իսկ Բաքվի անհամաձայնության դեպքում՝ Արցախի միջազգային ճանաչմամբ:

-Պարոն Խանումյան, հասկանալի է, որ սա ձեռնտու չէ ոչ Ադրբեջանին, ոչ էլ Հայաստանին: Հայաստանի իշխանությունները ևս շահագրգռված չեն Արցախին նայելու որպես առանձին սուբյեկտ: Ճիշտ հակառակը՝ Արցախի հարցը Հայաստանի իշխանությունների համար լավագույն հարցն է ժողովրդին զսպված պահելու համար: Ի՞նչ են անում այս ուղղությամբ Արցախի իշխանությունները:

-Արցախի կառավարող նեղ շրջանակը նախաձեռնողականությունից զուրկ, քաղաքական կամք չունեցող մարդկանց խումբ է, որոնք փորձում են երբեք կոնֆլիկտի մեջ չմտնել Երևանի հետ: Նրանց իրականում չի հետաքրքրում Արցախի սուբյեկտայնությունը և սուվերենությունը բարձրացնելու խնդիրները, նրանք զբաղված են մեկ անձի իշխանության վերարտադրության հարցերով, այդ թվում՝ սահմանադրական, իրավական մանիպուլյացիաների միջոցով:

-Իսկ այս ամենից տուժում է արցախցին, հայաստանցին, հայը, ում զավակները սահմանում են:

-Սահմանի հարցն այլ քննարկման թեմա է: Բայց փաստ է, որ Երևանը չի ցանկանում լրացուցիչ գումարներ ծախսել անվտանգության բարձրացման նպատակով, իսկ Արցախի կառավարող նեղ շրջանակն էլ ի վիճակի չէ Երևանին համոզել լուրջ ծախսեր անելու: Սրա հետևանքը 2016թ. ապրիլն էր ու մեր ունեցած անդառնալի կորուստները: Վերջին մեկ տարվա աշխատանքները ցույց են տալիս, որ ոչ մեծ գումարներով կարելի է այնպիսի քայլեր կատարել, որոնք կզրոյացնեին, ասենք, թշնամու դիվերսիաների հավանականությունը: Վստահաբար այս քայլերը պետք է ժամանակին կատարվեին, մանավանդ, որ թե՛ 2012թ. Արցախի նախագահական, թե՛ 2015թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ, թե՛ դրանց արանքում և հետո այս թեմաները հրապարակային քննարկման առարկա են եղել և քաղաքական մի շարք ուժերի կողմից անընդհատ բարձրացվել են, Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը նախկին ու գործող զինվորականների կողմից բազմաթիվ առաջարկներ են ստացել այդ թեմայով, սակայն մինչև 2016թ. քայլեր չեն ձեռնարկվել: Այսօր մեր հիմնական խնդիրը պետք է դառնա սահմանում կանգնած զինվորի և սահմանամերձ բնակավայրերի խոցելիության զրոյացումը:

-Հայաստանում սահմանադրական փոփոխություններից առաջ մի շարք փորձագետներ կարծիք հայտնեցին, որ այդ փոփոխություններն իրականում արվում են Արցախի կոնֆլիկտը լուծելու համար: Խորհրդարանական մոդելը հնարավորություն է տալիս անձին ցրել իր վրայից պատասխանատվությունը և կոլեկտիվ լուծման տարբերակ առաջարկել: Հնարավո՞ր է, որ 2018-ից հետո Հայաստանի իշխանությունները որոշեն այս հարցը լուծել ոչ հայանպաստ եղանակով:

-Այնպես չէ, որ ՀՀ իշխանությունները ֆիքսված են հարցը ոչ հայանպաստ լուծելու տարբերակի վրա, անվտանգության ապահովումը մեծ ծախսեր է ենթադրում, և իմ կարծիքով ՀՀ իշխանություններն ուղղակի չեն ուզում այդ ծախսերը կատարել, նրանք նախընտրում են Երևանում ավելացնել ոստիկանների թիվը, քանզի դա կարևոր գործիք է իշխանության վերարտադրության գործում: Եվ քանի որ ռեսուրսները քչացել են, և հնարավոր չէ և՛ ոստիկանների թիվն ավելացնել, և՛ բանակն արդիականացնել, նրանք փնտրում են «էժան» տարբերակներ այդ հարցը լուծելու համար: Այդպիսի «էժան» տարբերակ նրանց համար համարվում է տարածքային զիջումները: Այս կործանարար գաղափարի կողմնակիցները չեն սահմանափակվում միայն կառավարող ուժի շրջանակներում, նրանցից կան նաև ոչ կառավարող ուժերի մեջ: Մնում է ուրախանալ միայն, որ նրանք աստիճանաբար մարգինալ են դառնում, իսկ հանրային ճնշումն այնքան մեծ է, որ կառավարող ուժի ներկայացուցիչներն ու որոշում ընդունողները նույնպես սկսում են տեղի տալ:

-Պարոն Խանումյան, անցած ընտրությունները ցույց տվեցին, որ առնվազն մեկ հարցի շուրջ կա հասարակական կոնսոլիդացիա: Դա Արցախի խնդրի լուծումն էր՝ ոչ տարածքների զիջման գնով: ՀՀ քաղաքացին «ոչ» ասաց այն քաղաքական ուժին, ով բարձրաձայն արտահայտվում էր այդ մասին և իր ծրագրի մեխն էր դարձրել խաղաղությունը՝ տարածքների զիջման գնով: Սակայն առաջարկված այդ խաղաղությունը մերժեցինք:

Բայց փաստ է նաև, որ մեր ուզածը խաղաղությունն է: Դրան հասնելու ուղիները ՀՀ իշխանությունները գտել են «անպտուղ բանակցությունների մեջ»: Ո՞րն է այստեղ մեր՝ քաղաքացու անելիքը, քայլըՉէ՞ որ ոչ մեկի համար ցանկալի չէ պատերազմը, զոհերըՀՀ քաղաքացին ինչպե՞ս պետք է պայքարի, ո՞րն է «իր բաժին» Արցախի հարցն անվտանգ լուծելու ճանապարհը:

-Սահմանի ամրապնդում՝ տեխնոլոգիական արդիականացմամբ, որը կբերի զինվորի խոցելիության նվազեցմանը: Պաշտպանական և հատկապես հակաօդային համակարգերի վերազինում՝ սպառազինությունների բալանսավորման նպատակով, Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ համառ աշխատանք, նոր որակի ներդրումներ Արցախի տնտեսության մեջ, հատկապես ենթակառուցվածքների ստեղծման և թերբնակեցված շրջանների զարգացման ոլորտներում:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝