Հայկական պարադոքս

579c177dc46188b91f8b45ad

Հայաստանը տարեցտարի հետընթաց է ապրում դեմոկրատիայի տեսանկյունից, սակայն որոշ միջազգային կառույցների գնահատականների համաձայն առաջընթաց է գրանցում մամուլի ու խոսքի ազատության ոլորտում:

The Economist intelligence Unit-ի կողմից հրապարակվող Դեմոկրատիայի ինդեքսի ամենամյա զեկույցների համեմատական վերլուծությունը ցույց է տալիս Հայաստանի դեմոկրատական նահանջը: Կազմակերպության կողմից հրապարակված Դեմոկրատիայի ինդեքսի զեկույցների վերջին տարիների համեմատական ինֆոգրաֆիկայում հստակ երևում է դեմոկրատիայից նահանջի միտումները: 2006թ. Հայաստանը 4,15 ցուցանիշով դասվել է հիբրիդային ռեժիմ ունեցող երկրների ցանկում, իսկ The Economist intelligence Unit-ի Դեմոկրատիայի ինդեքս 2016թ. զեկույցում արդեն դասվում է ավտորիտար երկրների շարքում՝ 3.88 ցուցանիշով:

Տես նկար 1

111111

Մեկ այլ միջազգային հեղինակավոր կազմակերպության՝ Freedom House-ի կողմից ներկայացվող  «Ազատության վարկանիշն աշխարհում» 2017թ. զեկույցում Հայաստանը դասվում է մասամբ ազատ երկրների շարքին, որտեղ մամուլի ազատության կարգավիճակը գնահատված է «ոչ ազատ», սակայն ինտերնետի ազատության կարգավիճակը գնահատվում է «ազատ»:

Միևնույն ժամանակ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպության «2016թ. մամուլի ազատության ինդեքսը» զեկույցի համաձայն՝ Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցրել է 74-րդ տեղը՝ 4 հորիզոնականով բարելավելով դիրքը: 2015թ. ինդեքսում Հայաստանը 78-րդն էր:

Առաջին հայացքից ստացվում է պարադոքսալ իրավիճակ. ըստ միջազգային զեկույցների՝ Հայաստանի կառավարման համակարգն ավտորիտարիզացվում է, մյուս կողմից՝ այն ունի ազատ ինտերնետ, իսկ մամուլի ազատության ցուցանիշներում բարելավում է նկատվում:

Խորհրդային կայսրության փլուզման արդյունքում 1991թ. ձեռք բերված անկախությունից հետո Հայաստանը խարխափում է դեմոկրատիայի ու ավտորիտարիզմի միջև:

Հայաստանում անկախության 26 տարիների ընթացքում ընտրությունների միջոցով իշխանություն չի փոխվել, ու ընդդիմությունը իշխանության չի եկել:

Միևնույն ժամանակ երկրում չի հաստատվել կոշտ ավտորիտար համակարգ, որը լրջորեն կսահմանափակեր, օրինակ, քաղաքացիական ազատություններն ու ազատ արտահայտման իրավունքները:

Ձախողվել են նաև հրապարակային բողոքի գործողություններով իշխանություն փոխելու հեղափոխական ճանապարհները, ինչպես դա տեղի ունեցավ, օրինակ, Վրաստանում և Ուկրաինայում:

Փորձեր եղել են 1996թ., 2003թ., 2008թ. և 2013թ. ընդդիմության ու հասարակության ստվար մասի կարծիքով նախագահական խիստ վիճահարույց ընտրություններից հետո: Ընտրությունների արդյունքները վիճարկելուն միտված բազմահազարանոց հանրահավաքներ էր տեղի ունենում գրեթե յուրաքանչյուր նախագահական ընտրությունից հետո՝ ընդդիմադիր լիդերների գլխավորությամբ:

Վերջին՝ 2008 թ.-ի փորձն ավարտվեց նրանով, որ գործող իշխանությունը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և գործող վարչապետ ու ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ նույն թվականի մարտի 1-ին բռնի ուժով ցրեցին ընտրությունների արդյունքները վիճարկող հանրահավաքի դուրս եկած հազարավոր քաղաքացիներին, արդյունքում սպանվեց 10 քաղաքացի:

«Հատկապես 2008թ. փետրվարի նախագահական ընտրություններից, մարտի 1-ի արյունալի դեպքերից և հարյուրավոր ընդդիմադիրների ազատազրկվելուց հետո առաջացած քաղաքական ճգնաժամը հաղթահարելու և եվրոպական հանրության մոտ ռեաբիլիտացվելու նպատակով Սերժ Սարգսյանը մասնակիորեն ու աստիճանաբար հրաժարվեց բռնության մշակույթից՝ հատկապես ԶԼՄ-ների գործունեության հետ կապված»,- ասում է «Պոլիտիկա» կենտրոնի նախագահ Դերենիկ Մալխասյանը:
Ինչը չի կարելի նվաճել սրով, կարելի է գնել ոսկով

Քաղաքական ճգնաժամը հաղթահարելու ու ԶԼՄ-ների պտուտակները թուլացնելու քաղաքականությունը զուգորդվեց Հայաստանում ինտերնետի և սոցիալական ցանցերի զարգացմամբ: Ինչն ինքնին ազատ խոսքի ու ինֆորմացիոն հոսքերի վրա տոտալ վերահսկողությունն էականորեն բարդացնում էր:

Անհրաժեշտ էր վարել այնպիսի քաղաքականություն, որպեսզի ԶԼՄ-ները, հատկապես ինտերնետային, գործունեության էական սահմանափակումներ չունենան, հանրային դժգոհության գոլորշին այդ խողովակներով դուրս բերվի, միաժամանակ խոսքի ազատության չափաբաժնի մեծացումը չսպառնա իշխանության գոյությանը:

ԶԼՄ-ներն ու լրագրողները Հայաստանում այլևս սկսեցին պատժվել հիմնականում ոչ թե բռնությամբ, այլ ֆինանսական հոսքերից զրկվելու միջոցով:

Վերոհիշյալ քաղաքականության արդյունավետության համար անհրաժեշտ էր ֆինանսական հոսքերի վրա գրեթե տոտալ վերահսկողության հաստատում: Ֆինանսական ռեսուրսների կամայական բաշխման շնորհիվ հնարավոր է վերահսկելի պահել ինտերնետային և տպագիր լրատվամիջոցների գերակշռող մեծամասնությունը ու հեռարձակվող ԶԼՄ-ների գրեթե 100 տոկոսը: Մեդիաոլորտի անկախ փորձագետները մտավախություն ունեն, որ ինտերնետային ԶԼՄ-ների համեմատական ազատությունն իշխանությունների համար քող է ծառայում հեռարձակվող լրատվամիջոցների վրա տոտալ վերահսկողության ու միջազգային զեկույցներում բարձր գնահատականների արժանանալու համար:

«Դժվար է պատկերացնել համապետական ծածկույթով կամ մայրաքաղաքային որևէ հեռուստաալիք, որը կհամարձակվի իշխանության առաջին, երկրորդ, երրորդ դեմքերի հասցեին խմբագրական քննադատություն հաղորդել: Առավել ևս հանրային հեռուստաալիքի ու հանրային ռադիոյի համար դա անհնար բան է: Երբ իշխանությունը կկամենա, էլի կգրաքննի թերթերը, հեռուստատեսությունների սեփականատերերին կկանչի կպատժի և, իհարկե, ինտերնետի արագությունը կգցի կամ կարող է ուղղակի խզել ինտերնետը»,- նշում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Հայաստանում նորություններ ստանալու հիմնական աղբյուրը բնակչության համար շարունակում է մնալ հեռուստատեսությունը: Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի (IPSC) կողմից ՀՀ բնակչության շրջանում մեդիա սպառման վերաբերյալ անցկացրած  սոցհարցումներն արձանագրում են, որ 2014թ. Հայաստանում հարցվածների 84 տոկոսը հեռուստատեսությունը դիտարկում է որպես նորությունների ստացման առաջնահերթ աղբյուր, երկրորդ տեղում համացանցն է՝ 49 տոկոսով:

Վերոհիշյալ վիճակագրությունից կարելի է եզրակացնել, որ բավական է վերահսկողության տակ պահել հեռուստաընկերություններն, ու բնակչության ավելի քան 80 տոկոսը զրկված կլինի անաչառ ու կշռադատված տեղեկատվությունից:

Պատահական չէ, որ 2015թ.-ին ավարտված հեռուստատեսությունների թվայնացման գործընթացի արդյունքում հեռարձակվող ընկերություններն ավելանալու փոխարեն կրճատվեցին, թվայնացումից դուրս մնացին մի շարք հեռուստաընկերություններ:

Միաժամանակ բազմակարծության իմիտացիա ստեղծելու ու ինտերնետային տիրույթում լրատվական հոսքերի վրա վերահսկողությունը հաստատելու համար իշխանությունները ստեղծեցին բազմաթիվ «պսևդոանկախ» լրատվական կայքեր:

Համացանցային ինֆորմացիոն ռեսուրսների գերակշիռ մասի ֆինանսավորումը դրված է իշխանամերձ օլիգարխիայի վրա, իսկ մի մասն էլ անմիջապես ղեկավարվում ու ֆինանսավորվում է բարձրաստիճան չինովնիկների և հանրապետության նախագահի մերձավոր շրջապատի կողմից:

Այդպիսի օրինակներից է Հայաստանում 2012թ.-ից գործող «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ընկերությունը, որը միավորում է 4 հեռուստաընկերություն, 2 ռադիոկայան և 3 ինտերնետային լրատվական կայք:

Ըստ չհերքված տեղեկությունների՝ «Պանարմենիան Մեդիա Գրուպը» պատկանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին: Վերջինս վերահսկում է նաև հայկական գովազդային շուկայի գերակշռող մասը՝ դրանով իսկ կախվածության մեջ պահելով ոչ միայն հեռուստաընկերություններին, այլ նաև ինտերնետային ԶԼՄ-ներին: Հայաստանի գովազդային շուկայում գերիշխող դիրքեր գրավող երկու գովազդային գործակալություններ՝ Prime commercial-ը և Sharm Holding-ը, սերտորեն կապված են իշխող վերնախավի հետ:

Բացառություն են կազմում փոքր թվով ինտերնետային ԶԼՄ-ներ, որոնք հիմնականում գոյատևում են միջազգային կազմակերպությունների կողմից հատկացվող դրամաշնորհների միջոցներով:

Հայկական մեդիաոլորտի առանձնահատկություններից կարելի է համարել մեդիայի կուսակցականացվածության բարձր մակարդակը. Հայաստանում գործում է 4 համապետական ծածկույթ ունեցող հեռուստաընկերություն, որոնք ուղղակիորեն ֆինանսավորվում են այս կամ այն կուսակցության կողմից: Քիչ թե շատ ֆինանսական կարողություն ունեցող մյուս կուսակցություններն էլ ունեն լրատվական կայքեր:

Ընդ որում, ֆինանսական լուրջ ռեսուրսների տիրապետող կուսակցությունները սնվում են խոշոր օլիգարխիկ բիզնեսից կամ հենց իրենք են այդպիսի իշխանամերձ օլիգարխներ համարվում:

Վերոհիշյալ իրողության մասին խոսվում է նաև Հայաստանում ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների հետ կապված դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի մարտի 17-ին հրապարակած միջանկյալ զեկույցում:

«Հիմնական կոմերցիոն հեռուստաալիքները ֆինանսավորվում են բիզնեսների և քաղաքական խմբերի կողմից և մեծապես ասոցացվում են իշխանության հետ, ինչպես, օրինակ, Հանրային հեռուստաալիքը»,- մասնավորապես ասված է զեկույցում։

Հայաստանում քաղաքական փորձագետները համոզված են, որ վերահսկելով ֆինանսական հոսքերն ու մեդիայի գերակշիռ մեծամասնությունը՝ գործող իշխանությունն էականորեն սահմանափակում կամ վերահսկում է ընդդիմադիր քաղաքական ուժերի գործողությունները:

«Հայկական դեմոկրատիայի յուրահատկությունն է՝ կարելի է զբաղվել ամեն ինչով, նույնիսկ քաղաքականությամբ, քննադատել ուզածի չափ, սակայն չի կարելի իշխանության գալու հավակնություններ ունենալ: Այդ ժամանակ փակվում են ազատության բոլոր դռները»,- նշում է «Պոլիտիկա» կենտրոնի նախագահ Դերենիկ Մալխասյանը:

ԵՏՄ. Հայաստանն ավտորիտար երկրների ակումբի անդամ

Երբ 2013թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բոլորի համար անսպասելի որոշեց հրաժարվել Արևելյան գործընկերության շրջանակներում Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից, և փոխարենը որոշվեց Ռուսաստանի դոմինանտության ներքո գործող Եվրասիական տնտեսական միության մաս դառնալ, քաղաքական շատ փորձագետներ կանխատեսեցին, որ Հայաստանի անդամակցությունն այդ միությանը կարող է խոչընդոտ հանդիսանալ դեմոկրատական զարգացումների համար:

Նախ՝ Հայաստանն էներգետիկ, տնտեսական ու ռազմական վտանգավոր կախվածության մեջ է Ռուսաստանից, և սա բավարար է, որ այդ երկիրը հսկայական ազդեցություն ունենա ներհայաստանյան գործընթացների վրա:

Ռուսական կապիտալով աշխատող ընկերություններն աշխատակիցների քանակով ամենախոշորներն են երկրում: Մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել այն մասին, որ այդպիսի ընկերությունների ղեկավարներն ընտրությունների ժամանակ իրենց աշխատակիցներին ուղղորդված պարտադրում են քվեարկել իշխանական թեկնածուի օգտին:

Օրինակ՝ 2016թ. սեպտեմբերին ՀՀ վարչապետ նշանակվեց ռուսական «Գազպրոմ» ընկերության նախկին աշխատակից Կարեն Կարապետյանը: Վերջինս ընդամենը երկու ամիս հետո անդամագրվեց իշխող Հանրապետական կուսակցությանը, նրա հետ միաժամանակ ՀՀԿ-ի շարքերը համալրեցին 7 հազար քաղաքացիներ, որոնց գերակշիռ մասը, ըստ մամուլի չհերքված բազմաթիվ հրապարակումների, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և «Հայկական էլեկտրացանցեր» ընկերության աշխատակիցներն էին: Վերջինս պատկանում է ռուսաստանաբնակ հայ մեծահարուստ Սամվել Կարապետյանին, որի եղբայրն ընդգրկված էր ՀՀԿ-ի համամասնական նախընտրական ցուցակում:

Մեկ այլ օրինակ՝ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում Հայաստանում ՌԴ դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջը  վարչապետ Կարեն Կարապետյանին դրվատող նյութի գովազդ է տեղադրում, որը կարող է դիտարկվել որպես ներքաղաքական գովազդ հօգուտ իշխող Հանրապետական կուսակցության (տես նկար 2):

22222

ԵՏՄ անդամ երկրներում դոմինանտ է ավտորիտար քաղաքական մշակույթը և գործում է իշխանությունների անփոխարինելիության սկզբունքը:

ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների գերակշիռ մեծամասնությունը ապահովում են իրենց իշխանության վերարտադրությունը կամ երկարաձգում հիմնականում սահմանադրություն փոխելու միջոցով: Քաղաքական շրջանակները լուրջ մտահոգություն են հայտնում, որ այդ օրինակին հետևում է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

ԵԱՏՄ կորիզ հանդիսացող Ռուսաստանում Վլադիմիր Պուտինը փաստացի իշխում է 16 տարի՝ 2000թ.-ից: 2008թ. Սահմանադրությունում համապատասխան փոփոխություններից հետո ՌԴ նախագահի լիազորությունների ժամկետը 4 տարուց փոխվեց 6-ի: 2018թ.-ին նախագահության ժամկետն ավարտող Վլադիմիր Պուտինը տեսականորեն կարող է ևս մեկ անգամ ընտրվել այդ պաշտոնում և ղեկավարել ավտորիտար երկրների ցանկում առաջնային դիրքեր զբաղեցնող Ռուսաստանը մինչև 2024թ.:

Նուրսուլթան Նազարբաևը Ղազախստանում իշխանության ղեկին է 26 տարի՝ 1990թ.-ից սկսած: Երկրի Սահմանադրությունը նրան թույլ է տալիս ցմահ իշխել:

Նույն իրավիճակն է Բելառուսում: 2018թ. նախատեսվում է հանրաքվե անցկացնել, որով նախագահի լիազորությունների ժամկետը 5 տարուց կերկարաձգվի 7 տարվա:

Դեռ 2004թ. հոկտեմբերի 17-ին Բելառուսում հանրաքվեով փոփոխություն էր մտցվել երկրի սահմանադրության մեջ, որով հանվել էր նախագահի լիազորությունների քանակի վրա դրված արգելքը: «Եվրոպայի վերջին դիկտատոր» անունով հայտնի Ալեքսանդր Լուկաշենկոն անընդհատ կարող է ընտրվել Բելառուսի նախագահ:

Լուկաշենկոն իշխանության ղեկին է 22 տարի:

Հայաստանում քաղաքական ու փորձագիտական շրջանակները մտահոգություն ունեն, որ ԵԱՏՄ-ում իր գործընկերների օրինակին հետևում է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: 2015թ. դեկտեմբերի 6-ին Հայաստանում հանրաքվեի միջոցով փոխվեց Սահմանադրությունը. Հայաստանը կիսանախագահական հանրապետությունից վերածվեց խորհրդարանական հանրապետության:

2018թ. նախագահության իր երկրորդ ժամկետն ավարտող և Սահմանադրությամբ երրորդ ժամկետում ընտրվելու իրավունք չունեցող Սերժ Սարգսյանը սույն փոփոխություններից հետո վարչապետի պաշտոնում երկիրը ղեկավարելու անսահմանափակ հնարավորություն է ստանում:

Նախագահ Սերժ Սարգսյանը 2016թ. հոկտեմբերի 27-ին «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության հետ զրույցում չի բացառել, որ կարող է և զբաղեցնել վարչապետի պաշտոնը և այդ տարբերակը կքննարկի, եթե 2017թ. խորհրդարանական ընտրություններում իշխող Հանրապետական կուսակցությունը հաջողության հասնի:

Չնայած այն հանգամանքին, որ 2014թ.-ին, Սահմանադրությունը փոխելուց առաջ, Սերժ Սարգսյանը հրապարակային հավաստիացրել էր, որ ինքը խորհրդարանական կառավարման մոդելի ընդունման դեպքում չի հավակնելու վարչապետի պաշտոնին:

Դիտվել է՝