Պաշտոնական Երևանի ետքայլի պատճառը. ՀՀ իշխանությունները պարտավոր են բացատրություն տալ

g_image (1)

Երկարատև ընդմիջումից հետո այսօր Մոսկվայում, ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ, կայացավ պաշտոնական եռակողմ հանդիպում՝ Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան: Հանդիպումն ԱԳ նախարարների մակարդակով էր:

Երկար ժամանակ նաև ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում չէր կայանում: Հայկական կողմը բոյկոտում էր հանդիպումները՝ պատճառաբանելով, որ այդ հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններն Ադրբեջանը չի հարգում:

Տևական ժամանակ հանդիպումների ձգտում էր Ադրբեջանը, միջնորդի դերում Ռուսաստանն էր: Այսօր այդ հանդիպումը կայացավ: Եվ ի՞նչ են քննարկել հանդիպման արդյունքում: Պաշտոնական լրահոսը տեղեկացնում է.

«Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ: Ընդգծվեց Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում 2016թ. ապրիլին և հունիսին կայացած գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը»:

ԱԳ նախարարության տարածած տեղեկատվության «ամենագործնական մասը» այսքանն էր: Հիմա հարց՝ ի՞նչ է նշանակում «ընդգծել ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը»: Չէ՞ որ այդ մասին արդեն ընդգծվել էր Վիեննայում, Սանկտ-Պետերբուրգում: Այդ մասին ընդգծում էր հայկական կողմը՝ ամեն անգամ մերժելով ադրբեջանական կողմի հանդիպման անհրաժեշտությունը:

«Հանդիպումներին սոսկ մասնակցությունը դառնում է իմիտացիա Ադրբեջանի կողմից». Է.Նալբանդյան

Տևական ժամանակ ադրբեջանական մամուլը մեղադրում էր հայկական կողմին բանակցությունները տապալելու մեջ:

Պաշտոնական Երևանը մինչ այսօրվա հանդիպումն առնվազն երկու անգամ մերժեց եռակողմ հանդիպման անուղղակի առաջարկները. երկուսն էլ տարեսկզբին՝ հունվարին, ապա փետրվարին:

ԱԳՆ Է.Նալբանդյանը բացատրեց հայկական կողմի քաղաքականության պատճառը. «Հանդիպումներին սոսկ մասնակցությունը դառնում է իմիտացիա Ադրբեջանի կողմից։ Դրա ապացույցներից են իրենց մասնակցությունը Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին։ Մասնակցեցին, բայց ի՞նչ դա տվեց։

Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներից մինչ այսօր Բաքուն հրաժարվում է իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները։ Անում է ամեն ինչ, որպեսզի այդ պայմանավորվածությունները կյանքի չկոչվեն»:

Դրանից հետո ավելի փոքր տրամաչափի պատասխանատուների միջոցով հայտարարում էին, որ մինչև Ադրբեջանը կյանքի չկոչի Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները, հայկական կողմը չի նստի բանակցային սեղանի շուրջ:

Ինչո՞ւ պաշտոնական Երևանը փոխեց մարտավարությունը

Ինչո՞ւ հանկարծ պաշտոնական Երևանը որոշեց վերադառնալ բանակցություններին:

Է.Մամեդյարովն ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցներում, ըստ էության, բացահայտում է, որ այս հանդիպումից Բաքվի հիմնական ակնկալիքն ընդհատված բանակցությունների վերսկսումն է ԼՂ խնդրի շուրջ:

Իսկ ԼՂ խնդրի շուրջ բանակցությունները փաստացի փակուղի էին մտել Ադրբեջանի պատճառով՝ ապրիլյան պատերազմից հետո Սանկտ-Պետերբուրգում և Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի չկոչելու համար: Հայկական կողմն իրավացիորեն հիմնավորված մերժում էր բանակցությունների առաջարկը, ինչն Ադրբեջանի ձախողումն էր: Հիմա հարց է առաջանում. ո՞րն է պաշտոնական Երևանի ետքայլի պատճառը:

Հայտնի է, որ Բաքուն մեկ տարի ջանքեր չէր խնայում՝ ապրիլյան պատերազմից հետո և Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածություններն ի չիք դարձնելու, չեղարկելու համար: Հիմա Երևանն արդեն համաձայնել է նոր հանդիպման: Արդյոք սա ինքնին նշանակում է հրաժարվել նախապայմաններից: Արդյոք ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ:

Մամեդյարովն ակնարկում է, որ նոր բանակցությունները լինելու են Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովի շարունակությունը՝ անտեսելով Վիեննայի հանդիպումը, ինչն Ադրբեջանի համար շատ ավելի ծանր հետևանքներ ունեցած հանդիպում էր:

Ճնշում Հայաստանի վրա. զենքի նոր մատակարարում Ադրբեջանին

Եռակողմ հանդիպումից մեկ օր առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածում Ռուսաստանի Դաշնությունից Ադրբեջան զենքի և ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ մատակարարելու մասին:

Նշվում է, որ մատակարարումն իրականացվում է երկու պետությունների միջև ստորագրված ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում:

Իսկ ադրբեջանական լրատվամիջոցները տարածում են տեսանյութ, թե ինչպես են զինտեխնիկան նավերով տեղափոխում Ադրբեջան:

Զոհ սահմանին բանակցությունների օրը

Ճիշտ այն ժամանակ, երբ տեղեկություններ տարածվեցին, որ եռակողմ հանդիպումը մեկնարկել է, ՀՀ ՊՆ-ն տեղեկություն տարածեց, որ հայկական կողմը զոհ ունի. 1998թ.-ին ծնված Մհեր Ֆելիքսի Արզումանյանը զոհվել է հակառակորդի կողմից արձակված կրակոցից:

Այս պարագայում ՀՀ ԱԳՆ-ն պարտավոր է բացատրություններ տալ ՀՀ քաղաքացիներին, թե որն է բանակցությունների գնալու իմաստը: Անտրամաբանական է ընդունել ՌԴ կողմի միջնորդությունը, որը մեկ օր առաջ մեծ խմբաքանակի զենք է մատակարարում բանակցություններին մասնակից մյուս կողմին: Առավել անտրամաբանական է շարունակել բանակցությունները, որի ժամանակ հայտնի է դառնում, որ բանակցող կողմերից մեկը շարունակում է գործել նույն ոճով:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝