Ի՞նչ են հասկացնում Կարեն Կարապետյանին

serj karen

2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից հետո սպասվում է գործող կառավարության հրաժարականը, որից հետո ձևավորվելու է նոր կառավարություն: Ազգային ժողովում մեծամասնություն ստացած Հանրապետական կուսակցությունը դեռ ընտրություններից առաջ պաշտոնապես մի քանի անգամ հայտարարել է, որ ՀՀ վարչապետի պաշտոնում իրենց թեկնածուն գործող վարչապետ Կարեն Կարապետյանն է: Եթե վարչապետի թեկնածուի պահով ամեն ինչ հստակ է, ապա կառավարության մնացած կազմի շուրջ կարծես թե դեռևս հստակություն չկա: Կառավարության կազմի ընտրությունը խիստ կարևոր է գործող քաղաքական իշխանության համար: Այդ կազմով հստակեցվում է, թե ովքեր են տիրանալու վարչական կարևոր լծակներին, ինչպես և ովքեր են վերահսկելու երկրում նյութական ռեսուրսների բաշխման գործընթացը և այլն: Խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակից հետո գալիս է ավարը բաժանելու կամ վերաբաշխելու ժամանակը:

Բաշխման այդ գործընթացը համարվել է Սերժ Սարգսյանի մենաշնորհը, ով ըստ իր հայեցողության բաշխել է պետության առանցքային պաշտոնները: Բացառված չէ, որ ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանից մի քանի անգամ բարձր վարկանիշ ունեցող գործող վարչապետ Կարեն Կարապետյանն այս անգամ փորձում է էական մասնակցություն ունենալ ավարի բաշխման գործընթացում և որոշակի ինքնուրույն քայլեր անել: Ինչը, բնականաբար, չի կարող գոհացնել երկիրը միանձնյա կառավարելու սովորություն ունեցող գործող նախագահ Սերժ Սարգսյանին:

Խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանության վերահսկողության տակ աշխատող ԶԼՄ-ները զբաղված էին Կարեն Կարապետյանի վարկանիշի բարձրացման գործով: Դա անհրաժեշտ էր, որպեսզի կրիտիկական ցածր վարկանիշ ունեցող իշխող Հանրապետական կուսակցությունն ինչ-որ տոկոս իրական քվեներ ունենա, բացի ընտրակեղծիքների մեքենայի ապահոված քվեներից: Կարելի է ասել, որ այդ օպերացիան Կարեն Կարապետյանն ու իշխանության քարոզչամեքենան հաջողությամբ գլուխ բերեցին: Սակայն այժմ Կարեն Կարապետյանի բարձր վարկանիշն ու նկատվող ինքնուրույնության թույլ նշույլները խանգարում ու նյարդայնացնում են միահեծան կառավարման սովոր Սերժ Սարգսյանին:

Մավրն արեց իր գործը, մավրը կարող է հեռանալ

Ըստ էության, կառավարության և Ազգային ժողովի նոր կազմով դրվելու են այն հիմքերը, որի վրա 2018թ. ապրիլից հետո, երբ կավարտվի ՀՀ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի իշխանավարման երկրորդ ժամկետը, լուծվելու է իրական իշխանության պատկանելության խնդիրը: Ուստի, եթե Սերժ Սարգսյանը լուրջ նպատակներ ունի 2018թ.-ի ապրիլի 2-ից հետո մնալու բացարձակ իշխանության կրող, ապա նա պետք է հենց այսօրվանից աշխատի այդ իշխանության հիմքերի ձևավորման ուղղությամբ: Այն մասին, որ Սերժ Սարգսյանն առնվազն մտադրություն չունի իշխանությունից հեռանալու, հայտարարվել է թե իր, թե Հանրապետական կուսակցության տարբեր ներկայացուցիչների կողմից: Ահա այս իրավիճակում Կարեն Կարապետյանն օգնող գործոնից կարող է վերածվել խանգարող գործոնի, որին պետք է չեզոքացնել: Հավանաբար հանրային աջակցության բարձր վարկանիշն ու որոշ մեծահարուստների աջակցությունը Կարեն Կարապետյանին մոտիվացրել են ինքնուրույն գործելուն և, ինչու ոչ, 2018թ.-ից հետո իշխանության մնալու:

Այժմ, երբ իշխանությունը կանգնած է իշխանական ռեսուրսների տեղաբաշխման խնդրի առաջ, Բաղրամյան 26-ի վերահսկողության տակ գտնվող պսևդոանկախ ԶԼՄ-ները Կարեն Կարապետյանի ուղղությամբ իսկական արշավ են սկսել: Հավանաբար այս փուլում արշավի նպատակն է իջեցնել Կարեն Կարապետյանին երկնքից, ցույց տալ նրան իր իրական կշիռն իշխանության ներսում և բացատրել, որ առանցքային որոշումներ ընդունելու մոնոպոլ իրավունքը պատկանում է Սերժ Սարգսյանին: Ինչպես արդեն նշվեց, քարոզչական հարձակումը կատարվում է ոչ թե իշխանամետ ԶԼՄ-ների միջոցով, այլ, այսպես կոչված, անկախ ու ընդդիմադիր ԶԼՄ-ների, և նրանց էջերում այս փուլում կարելի է նկատել բազմաթիվ հրապարակումներ, որտեղ կամ վարկաբեկում են վարչապետ Կարեն Կարապետյանին, կամ հստակ ուղերձներ են տալիս, որ նա հեռացող վարչապետ է, և այդպիսի որոշում յուրաքանչյուր պահի կարող է կայացվել: Բացառված չէ, որ այդ արշավին կարող են միանալ նաև որոշ ընդդիմադիր քաղաքական ուժեր կամ առանձին գործիչներ: Հնարավոր է նաև, որ հրապարակվեն կոմպրոմատներ Կարեն Կարապետյանի ունեցվածքի կամ գործունեության որոշ դրվագների հետ կապված:

Կախված այն հանգամանքից, թե ինչքան շուտ կհասկանա Կարեն Կարապետյանը պսևդոանկախ ԶԼՄ-ների միջոցով Բաղրամյան 26-ից իրեն հղվող ուղերձները, այն է՝ սահմանափակել ինքնուրույնությունը, անվերապահ ենթարկվել Սերժ Սարգսյանին և 2018թ.-ի հետ կապված լուրջ մտադրություններ չունենալ, այդքան շուտ ժամանակավորապես կդադարի նրա նկատմամբ սկսված քարոզչական պատերազմը:

Կարեն Կարապետյանը սեփական կամքով օգտագործվեց ՀՀԿ-ի սահուն վերարտադրությունը կազմակերպելու գործում, և այժմ նրա քաղաքական ապագան ՀՀ բարձրագույն իշխանության կազմում կախված է Սերժ Սարգսյանի նկատմամբ նրա լոյալության աստիճանից, եթե, իհարկե, Կարեն Կարապետյանը համարձակություն չունենա ձեռնոց նետելու Սերժ Սարգսյանին ու այս փուլում առնվազն հասնելու երկիշխանության:

Դերենիկ Մալխասյան

«Պոլիտիկա» կենտրոն

Դիտվել է՝