ՀՀԿ-ն ընտրությունները վերածել է ձևական միջոցառման

2017AM-1490956754418_559822347

Իշխող Հանրապետական կուսակցությունն աստիճանաբար ընտրությունների գործընթացը վերածում է ձևական արարողակարգի Հայաստանում իր իշխանությունը ֆիքսելու համար:

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո սկսվեցին մայիսի 14-ին սպասվող Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստական աշխատանքները: Ի տարբերություն խորհրդարանական ընտրությունների, որտեղ մասնակցում էին 9 քաղաքական ուժեր, Երևանի ավագանիում հայտնվելու համար պայքարում է ընդամենը 3 քաղաքական ուժ՝ ՀՀԿ-ն, «Ելք» դաշինքը և նորաստեղծ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը:

Թվում է, թե մայրաքաղաքում իշխանությունը վերցնելու հայտ պետք է ներկայացնեին ավելի մեծ թվով քաղաքական ուժեր, քանի որ այստեղ կենտրոնացված է Հայաստանի բնակչության գրեթե կեսը, և Երևանի քաղաքապետի պաշտոնը երկրի մասշտաբով ամենաազդեցիկ պաշտոններից մեկն է: Երևանի ավագանու ընտրությունները քաղաքական ուժերի մեծ մասի կողմից բոյկոտելն անուղղակի փաստում են, որ ընտրությունների ինստիտուտը Հայաստանում հաստատված խաղի կանոնների պատճառով իրեն սպառել է: Ընտրությունները վերածվել են ձևական գործընթացի, որի ընթացքում պետք է ֆիքսվի, որ իշխանությունը կրկին պատկանում է Հանրապետական կուսակցությանը: Մինչ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները պատրանքներ կային, որ Ընտրական օրենսգրքի նոր փոփոխությունները և ընտրատեղամասերում քվեարկության գործընթացի վերահսկողությունը, այդ թվում նաև սփյուռքից հրավիրված դիտորդների մասնակցությամբ, հնարավորություն կտան նվազագույն մակարդակի հասցնել ընտրակեղծիքները:

Սակայն խորհրդարանական ընտրությունների իրականությունը ցույց տվեց, որ Ընտրական օրենսգրքի փոփոխություններն ու ընտրատեղամասերում վերահսկողությունը շատ չնչին կերպով են խոչընդոտում ընտրակեղծիքի մեքենայի աշխատանքներին: Հասարակության կամարտահայտության պատկերն այլասերվում է ոչ միայն բուն քվեարկության օրը, այլև դրանից առաջ: Ստեղծված իշխանական, հասարակական, քաղաքական ու տնտեսական համակարգն աշխատում է բացառապես գործող իշխանության վերարտադրության համար: Ֆինանսական ու տեղեկատվական ռեսուրսների գրեթե ամբողջական վերահսկումը, որին գումարվում է նաև պետական բացարձակ իշխանության չարաշահումը, քվեարկության օրը որևէ շանս չեն տալիս մրցակից կուսակցություններին ընտրությունների միջոցով իշխանություն փոխելու:

Հայաստանում իշխանությունն իր բարի կամքով երբևէ չի հրաժարվելու բոլոր հնարավոր միջոցներով իշխանությունը բռնազավթելուց: Միակ տարբերակը նրան ստիպելն է, որպեսզի հրաժարվի ու վախենա իշխանությունը բռնազավթելուց: Իսկ ստիպելու գործիքները բացարձակ քաղաքական են.

•Անհրաժեշտ է քաղաքական ուժ, որը կկարողանա ընտրություններից առաջ քաղաքականապես ակտիվացնել հասարակությանն ու փոփոխությունների հույս ներշնչել, ըստ էության, դառնալ ընդդիմության ծանրության կենտրոն: Դա պետք է անել ոչ թե ընտրություններից մեկ ամիս, այլ մեկ կամ երկու տարի առաջ:

•Այդպիսի քաղաքական ուժ ունենալու համար անհրաժեշտ են ֆինանսական ու տեղեկատվական նշանակալի ռեսուրսներ: Սակայն այդպիսի ռեսուրսների տիրապետող ուժ կամ անհատ, որը Հայաստանում իշխանափոխության անհրաժեշտություն կտեսնի, դեռևս չկա:

Իշխանափոխության այդպիսի օրինակ մենք տեսանք հարևան Վրաստանում: 2012թ․ Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում անկախ Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ տեղի ունեցավ խաղաղ ճանապարհով իշխանափոխություն։ Վրացի մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլու գլխավորությամբ «Վրացական երազանք» դաշինքը ստացավ խորհրդարանական տեղերի մեծամասնությունը: Իվանիշվիլին իր հաղթանակը սկսել էր կերտել բուն քվեարկության օրվանից դեռ շատ առաջ և իշխանությունների կողմից բազմաթիվ ճնշումները հաղթահարելով, քաղաքականացնելով վրաց հասարակությանը՝ կարողացավ բուն քվեարկության օրն ամրագրել իր հաղթանակը: Իսկ ի՞նչ է, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին չէ՞ր ցանկանում կեղծիքների միջոցով վերարտադրվել, իհարկե ցանկանում էր, սակայն իր հետ մրցակցող քաղաքական ուժն այնքան ազդեցիկ էր ու այնքան շոշափելի հանրային աջակցություն ուներ, որ այդպիսի քաղաքական մթնոլորտում իշխանության համար խիստ ռիսկային էր ամեն գնով ընտրություն կեղծելը: Դա կնշանակեր առնվազն քաղաքական ինքնասպանություն Սաակաշվիլու համար:

Սերժ Սարգսյանի կողմից Հայաստանում ֆինանսական հոսքերի վրա տոտալ վերահսկողությունը սահմանվել է, ըստ էության, հենց այդ մտավախությամբ, որպեսզի որևէ մեծահարուստ քաղաքական ամբիցիաներ չցուցաբերի և ընդդիմադիր կուսակցությունները չունենան անկախ ֆինանսավորման աղբյուրներ: Ինչպես նաև բոլորովին պատահական չէ, որ Հայաստանում գործող իշխանությունները տոտալ վերահսկողություն են հաստատել հեռուստաընկերությունների վրա: Այդպիսի գործիքի առկայությունը մրցակցային ընտրություններ ունենալու ու ընտրությունների միջոցով իշխանություն փոխելու կարևոր նախապայման է:

Ստեղծված իրավիճակում, երբ Հայաստանում գոյություն չունի ընդդիմության ծանրության կենտրոն, երբ որևէ ընդդիմադիր ուժ չունի բավարար հանրային աջակցություն, ինչպես նաև ֆինանսական ու տեղեկատվական ռեսուրս իշխանության հետ մրցակցելու համար, ապա ընտրությունները պարզապես ձևական միջոցառումներ են դառնում: Օրինակ, Երևանի ավագանու ընտրությունները պարզապես ձևական միջոցառում է ՀՀԿ-ի իշխանության վերարտադրման և Տարոն Մարգարյանին հերթական անգամ Երևանի քաղաքապետի աթոռին կարգելու համար:

Որևէ մեկը չի կասկածում, որ հենց հանրապետականներն են հաղթելու մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրություններում, այնուամենայնիվ, որոշ ուժեր մասնակցում են այդ միջոցառմանը՝ ակամա աջակցելով մրցակցային ընտրությունների պատրանք ստեղծելուն: Նույնը կարելի է ասել ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների համատեքստում:

Դերենիկ Մալխասյան

«Պոլիտիկա» կենտրոն

Դիտվել է՝