Կոռուպցիայի դեմ պայքարող վարչապետը «պայքարի» վերջին նիստը հրավիրել է փետրվարին

arm147508549612

«Կառավարությունը շահագրգռված է, որպեսզի յուրաքանչյուր ներդրող Հայաստանում իրեն պաշտպանված ու հարմարավետ զգա: Այդ իսկ պատճառով պետություն-մասնավոր հատված համագործակցությունը պետք է լինի հասկանալի և ձեռնտու կոնտրագենտի համար»:

Նման հայտարարությամբ այսօր հանդես է եկել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ղեկավար Ռուբեն Վարդանյանի հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես փոխանցում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջը, Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է հիմնադրամի ծրագրերը, իսկ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ այն գործընկերներին, որոնք մտահոգ են Հայաստանի համար, ողջունում է ՀՀ կառավարությունը:

ՀՀ կառավարության տարածած այս հայտարարությունը նաև անուղղակի ուղերձ է՝ ուղղված ներդրողներին: Կարեն Կարապետյանը հայտարարում է, որ ՀՀ իշխանությունները պատրաստ են «թիկունք կանգնելու» բոլոր նրանց, ովքեր ցանկություն և համարձակություն կունենան ՀՀ գալ և ներդրում կատարել մեր երկրում:

Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը դեռ փետրվար ամսին բաց նամակով էր դիմել սփյուռքում ապրող հայերին՝ նրանց հրավիրելով Հայաստան:

«Վստահ եմ, որ ձեր անմիջական մասնակցությամբ հնարավորություն կունենանք արագ արդյունքներ արձանագրել առանցքային ոլորտներում և տարածաշրջանում ունենալ տնտեսական, առողջապահական, կրթական առաջատար համակարգեր… Կոչ եմ անում՝ միասին ստեղծենք այնպիսի հայրենիք, որ աշխարհում հպարտությամբ մեզ հայ կոչենք»,- իր նամակը սփյուռքին այսպես էր եզրափակում Կարեն Կարապետյանը:

ՀՀ վարչապետի հրավերին սփյուռքից արձագանքողներ չեղան: Ամեն դեպքում ՀՀ պաշտոնական լրահոսը «Հայաստան վերադարձող և այստեղ ներդրում անել կամեցող հայերի» մասին ոչ մի տեղեկություն չտարածեց:

Եվ այսօր փաստորեն դարձյալ կառավարության ղեկավարն անուղղակի կոչով է դիմում՝ խոստանալով օժանդակել և աջակցել ՀՀ տնտեսությունը զարգացնել կամեցող գործարարներին:

Սակայն ինչո՞ւ է Հայաստանը ոչ գրավիչ արտաքին ներդրողների համար, այս հարցի պատասխանը Կարեն Կարապետյանը տվել է դեռ պաշտոնավարման առաջին օրերից՝ հայտարարելով, որ տնտեսության վիճակը շատ վատ է, պետք է վերացնել կոռուպցիան և անարդարությունը, պետք է պայքարել մենաշնորհի դեմ:

Այդ օրվանից ի՞նչ է փոխվել: Իր գործունեության 7 ամիսների ընթացքում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը որքանո՞վ է պայքարել կոռուպցիայի, անարդարության և մենաշնորհի դեմ:

Նոր կառավարության գործունեության մեջ բովանդակային փոփոխություն որոնելը գրեթե անիմաստ է: Ընդամենը ՀՀ քաղաքացին ականջալուր է լինում նոր հռետորաբանության, որից հետո հայտարարությունները ևս դառնում են սովորական և կորցնում են նաև հետաքրքրությունը:

Անցած 7 ամիսների ընթացքում մեծ հաշվով ոչինչ չի փոխվել։ Մարդիկ շարունակում են ապրել նույն կենսապայմաններում:

Ինչ մնում է կոռուպցիայի և մենաշնորհի դեմ պայքարին, ապա պետք է նշել, որ ՀՀ կառավարությունում գործող Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը վերջին նիստն արել է փետրվար ամսին:

Ինչպես հայտնի է, Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդն այժմ գլխավորում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

ՀՀ վարչապետը, ով հայտարարում էր ինտենսիվ պայքար կոռուպցիայի դեմ, վերջին նիստը հրավիրել է փետրվարին, հանձնարարականներն էլ այդ ժամանակ է տվել:

Վերջին նիստի ժամանակ Կարեն Կարապետյանը հանձնարարել էր ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին ուսումնասիրել հարկային և մաքսային ոլորտների գծով ներկայացված կոռուպցիոն ռիսկերն ու առաջարկությունները և Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հաջորդ նիստին ներկայացնել առաջարկություններ:

Մյուս հանձնարարականը վերաբերում էր պետական գնումների ոլորտում և ազատ տնտեսական մրցակցության և մենաշնորհի ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերին:

Այդ հանձնարարականները կատարել է նախարարը, թե ոչ՝ առայժմ դեռ պարզ չէ: Կարեն Կարապետյանը փետրվարից հետո ակտիվ նախընտրական քարոզարշավի մեջ էր, իսկ ընտրությունների ավարտից հետո ՀՀ կառավարության անցած նիստին աննախադեպ մի ակցիայով հանդես եկավ. «Մաքուր Հայաստան»:

Նա հանձնարարականներ տվեց ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանին, նախարարներին՝ «իրականացնել մաքուր Հայաստան» ակցիան, ինչն, ըստ Կարապետյանի, կապահովի զբոսաշրջիկների մեծ հոսք Հայաստան:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝