Ցուցարար Հ. Բոյաջյանի արարքը վերաորակելու հիմքեր դատախազությունը չի տեսնում

image

2016 թվականի հուլիսի 19-ին Երևան քաղաքի Մ. Խորենացի փողոցին հարող տարածքում ՀՀ Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով բռնություն կիրառելու՝ վերջիններիս ուղղությամբ քարեր և այլ առարկաներ նետելու մեղադրանքով կալանավորված Հրաչյա Բոյաջյանի գործողություններին ոչ ճիշտ և անհիմն իրավական գնահատական տալու մասին վերջինիս պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը բազմիցս բարձրաձայնել է:

Պաշտպանը հանդես է եկել դրա վերաբերյալ միջնորդություններով՝ հիմնավորելով այն հանգամանքը, որ Հրաչյա Բոյաջյանի և մյուս ցուցարարների գործողությունները չեն առնչվել ոստիկանների՝ ծառայողական պարտականությունների կատարմանը, ավելին՝ ոստիկաններն իրենք են իրենց վարքով հրահրել քաղաքացիներին՝ իրենց ամրակցված զենքերով ստեղծելով վախի մթնոլորտ և հայհոյանքներ հնչեցնելով նրանց հասցեին:

Նկատենք, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասը պարտադիր է համարում իշխանության ներկայացուցչի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված գործողությունների առկայությունը: Ինչը ենթադրում է, որ տվյալ դեպքում հոդվածը կիրառելի չէ, առավել ևս, որ ցուցարարների բողոքն ուղղված է եղել միայն «Սասնա Ծռեր» խմբավորման կողմից ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո գնդի հարակից թաղամասերում գազամատակարարումը, ջրամատակարարումը, էլեկտրաէներգիայի մատակարարումը և երթուղային տրանսպորտի աշխատանքի անհիման դադարեցման դեմ, և նրանց գործողությունների արդյունքում որևէ անձի կյանքին կամ առողջությանը վնաս հասցնելու վերաբերյալ գործի քննության ողջ ընթացքում որևէ ապացույց չի ներկայացվել:

Ինչ վերաբերում է «մեղադրանք» հասկացությանը՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի իմաստով, ապա Օրենսգիրքը մեղադրանք է համարում որոշակի անձի կողմից քրեական օրենսգրքով չթույլատրված կոնկրետ արարքի կատարման հիմնավորումը, սակայն տվյալ դեպքում Հրաչյա Բոյաջյանին վերագրված մեղադրանքը առհասարակ չի ներկայացնում  կոնկրետ արարք կատարելը կամ չկատարելը։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Դիտվել է՝