Որքան ակտիվ են «պայքարում» կոռուպցիայի դեմ, այնքան արագ հարստանում են

նկկկկ

Հակակոռուպցիոն խորհրդի վերջին նիստը տեղի է ունեցել փետրվարի 17-ին:

Ավելի քան երկու ամիս ոչ մի նորություն չկա՝ կոռուպցիայի դեմ ինչպիսի՞ պայքար է ծավալվում, և ի՞նչ քայլեր են ձեռնարկում խորհրդի կազմում ընդգրկվածները: Կառավարության կայքէջում վերջին տեղեկությունը խորհրդի գործունեության վերաբերյալ տեղադրված է փետրվարին:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարում ակտիվորեն համագործակցում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ: Կայացած վերջին նիստից մի քանի օր առաջ՝ 2017-ի փետրվարի 1-ին, Հայաստանում ԱՄՆ դեսպանը կոշտ հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ Հակակոռուպցիոն խորհուրդն առաջընթաց չի ունեցել:

«Վերջինիս աջակցելու համար նախատեսված միջոցների 2.5 տոկոսից պակասն է փաստացի հատկացված: Հուսով եմ այս փաստը կփարատի բազմաթիվ մարդկանց այն կասկածները, որ ԱՄՆ ՄԶԳ-ն այս գումարը պորտֆելի մեջ դրած ամբողջությամբ հանձնել է Խորհրդին: Մենք ԱՄՆ կառավարությունն ենք ներկայացնում, մենք Ջեյմս Բոնդը չենք: Մենք վարչապետին հայտնել ենք, որ կարիք ունենք տեսնելու կոնկրետ առաջընթաց Խորհրդի կողմից»,- հայտարարեց Միլսը:

Կոռուպցիայի դեմ պայքարի գործում ԱՄՆ դեսպանը հանդես եկավ առաջարկությամբ՝ հակակոռուպցիոն քննություն սկսել պաշտոնյայի հայտարարագրած ակտիվները գնահատելիս, եթե դրանց մեծությունը ողջամիտ կասկածներ կառաջացնի:

Այս հայտարարությանը հաջորդեց խորհրդի հերթական նիստը, որի ժամանակ խորհրդի անդամները սեփական օրակարգով և հայեցողությամբ շարունակեցին «կոռուպցիայի դեմ պայքարը»: Եղան մի շարք հանձնարարականներ, օրինակ՝ կոռուպցիոն ռիսկերի բացահայտմանն ուղղված հետազոտություններ ներկայացնելիս ներկայացնել միջազգային փորձից օրինակներ, հուղարկավորության ոլորտում կոռուպցիոն դրսևորումների խնդրի քննարկման համատեքստում պետական պաշտոնյաներին հանձնարարվեց ներկայացնել խնդրի լուծման հստակ առաջարկություններ: Պետական գնումների ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվեց ուսումնասիրել էլեկտրոնային գնումների համակարգի վերաբերյալ բարձրացված խնդիրները և հաջորդ նիստին հանդես գալ զեկույցով և այսպես շարունակ: Պարզ ասած, կոռուպցիայի դեմ տարիների պայքարը զեկույցներից և ուսումնասիրություններից այն կողմ դեռևս չի անցել և չի թևակոխել գործնական փուլ, պաշտոնյաների հայտարարագրերի ակտիվների ուսումնասիրության՝ առավել ևս:

Դոնորից ֆինանսական հոսքերն ամբողջությամբ կորզելու համար հարկ է, որ համոզիչ քայլեր ձեռնարկի Հակակոռուպցիոն խորհուրդը, որի կազմում ընդգրկված են մարդիկ, որոնց հայտարարագրերի ուսումնասիրությունը բավական է՝ մեր երկրում կոռուպցիայի իրական չափերը պատկերացնելու համար: Մինչդեռ այդ մարդկանց հայտարարագրերն անձեռնմխելի են: Հովիկ Աբրահամյան, Գագիկ Խաչատրյան, Դավիթ Հարությունյան, հիմա արդեն Կարեն Կարապետյան, Վաչե Գաբրիելյան, Սուրեն Կարայան, Վարդան Արամյան և այլք… Խորհրդի նախկին և ներկա անդամներից շատերի հայտարարագիրը կարող է քրեական գործի հիմք հանդիսանալ:ցւցակ

«Կոռուպցիայի դեմ պայքարում բովանդակալի առաջընթաց ունենալու համար կառավարությունը պետք է հանդես բերի քաղաքական կամք»,- ընդգծեց ամերիկյան կողմը՝ հորդորելով պայքարը սկսել հենց հայտարարագրերից, որոնցում նշված աշխատավարձերի չափի և իրական կարողության ահռելի տարբերություն կա:

Հիշեցնենք, որ կառավարության ծրագրում  մի առանձին ենթաբաժին է հատկացված կոռուպցիայի դեմ պայքարին: Տարիներ շարունակ Սերժ Սարգսյանն է խոսել այդ մասին, մինչդեռ պայքարի արդյունքում հայտարարագրերն են դառնում ավելի «հաստափոր», իսկ աղքատության և գործազրկության մակարդակը երկրում գնալով աճում է:

Առանձնացնենք հակակոռուպցիոն խորհրդի անդամներից մի քանիսի հայտարարագրերը:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ՝ Հայկ Ասլանյան222

Պաշտոնական պարտականությունները ստանձնելիս 2016 թվականին հայտարարագրել է
անհատական բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված, բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում, VOLKSWAGEN PASSAT CC 1.8 մակնիշի ավտոմեքենա, 3 մլն ՀՀ դրամ և 17.000 ԱՄՆ դոլար: Ասլանյանի տարեկան աշխատավարձը կազմել է 6 մլն 608 հազար ՀՀ դրամ:

Նրա կինը՝ Մարիաննա Թաթոյանն ավելի ապահովված է: 2016 թվականին հայտարարագրել է 9 մլն դրամ և 51.000 ԱՄՆ դոլար: Փոխառության է հանձնել 10.000 ԱՄՆ դոլար: Հարկային տարում 25 մլն դրամով օտարել է բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում: Ասլանյանի կնոջ տարեկան եկամուտն անցնում է 5,5 մլն դրամը:

Տարեկան հայտարարագրում դատախազի տեղակալի աշխատավարձն է կտրուկ բարձրացել՝ կազմելով տարեկան 12 մլն 390 հազար ՀՀ դրամ:

Ուշագրավ է այս ընտանիքի դստեր՝ Անահիտ Հայկի Ասլանյանի հայտարարագիրը: Մինչ Հայկ Ասլանյանն ակտիվորեն ներգրավված է եղել կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքներում, նրա դուստրը 2016 թվականին 27.000 ԱՄՆ դոլարով ձեռք է բերել BMW X5 3.0 I մեքենա և ստացել նվիրատվություն բնամթերքի տեսքով՝ 25 մլն դրամ արժողությամբ:

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյան666

Պաշտոնը ստանձնելու հայտարարագրում (2016 թ.) նշել է անհատական բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված, և բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում: Նույն տարում փոխառության է տվել 17 մլն ՀՀ դրամ և 25 հազար ԱՄՆ դոլար: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցները կազմել են 2 մլն դրամ և 4000 ԱՄՆ դոլար: Աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը կազմել է 17 մլն 400 հազար դրամ:

2016 թվականի տարեկան հայտարարագրում փոխառության տված գումարի չափը հասցրել է ավելացնել՝ 35 հազար ԱՄՆ դոլար: Աճել է նաև տրված փոխառությունների դիմաց ստացած տոկոսը՝ կազմելով 2 մլն 640 հազար դրամ: Մի քանի միլիոն դրամով աճել է նաև աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը՝ կազմելով շուրջ 21 մլն դրամ:

Նախարարի կինը՝ Հասմիկ Ղահրամանյանը, շուրջ 21 մլն դրամ և 15 հազար ԱՄՆ դոլար է տվել փոխառության 2016 թվականին:

2015 թվականի համեմատ նրանց եկամուտները, աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունները շոշափելի կերպով ավելացել են:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան5555

2016 թվականին Թաթոյանի՝ աշխատանքի դիմաց վարձատրությունը կազմել է 13 մլն 852 հազար ՀՀ դրամ: Աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը 2015 թվականի համեմատ աճել է 2 մլն դրամով:

Թաթոյանը հայտարարագրել է 1 մլն 250 հազար դրամ և 3790 եվրո:

Արման Թաթոյանի կինը՝ Գայանե Մակարյանը, հայտարարագրել է 3899 եվրո: Աշխատանքի դիմաց ստացել է նույնքան վարձատրություն:

Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի մյուս անդամների՝ ՀՀ կառավարության ներկայացուցիչների հայտարարագրերին և կոռուպցիայի դեմ պայքարի «արդյունավետությանը» կարելի է ծանոթանալ նաև մեր նախորդ հրապարակումներից մեկում:

Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝