«Ընտրակաշառք վերցնում էին ոչ միայն աղքատները. դա արդեն փսիխոզ է»

gexam nazaryan

Հետընտրական Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է քաղաքագետ Գեղամ Նազարյանի հետ:

-Պարոն Նազարյան, ինչպե՞ս կբնութագրեք հետընտրական Հայաստանում ստեղծված իրավիճակը, կա՞ արդյոք վակուում, թե՞ ամեն ինչ այն տեղում է, որտեղ ՀՀ քաղաքացին ցանկացավ, որ լինի:

-ՀՀ քաղաքացին որեւէ մասնակցություն չունեցավ այն գործընթացին, որի ականատեսը եղանք ապրիլի 2-ից առաջ եւ ապրիլի 2-ին: Ճիշտ է, հիմա ցանկանում են մարդուն համոզել, որ ինքն է կատարել ընտրությունը, բայց դա այդպես չէ, չնայած, իրոք, հարյուր հազարավոր մարդիկ ընտրակաշառք են վերցրել: Այսուհանդերձ, դա դեռ չի նշանակում, որ ժողովրդի կամարտահայտությամբ խորհրդարան ձեւավորվեց: Իսկ երբ ժողովուրդը մասնակցություն չի ունենում քաղաքական գործընթացին, ապա առաջանում է քաղաքական դաշտի անապատացում: Հիմա մենք այդ փուլում ենք: Պատահական չէ, որ Երեւանի ավագանու ընտրությունները նման խղճուկ կերպարանք ստացան:

- Ընտրություններից հետո քաղաքացուն ուղղված մեղադրանքների պակաս չեղավ, որ գնաց եւ վաճառեց իր քվեն կամ ճնշումների եւ սպառնալիքների ազդեցության տակ կայացրեց որոշում: Ձեր գնահատմամբ՝ տեղի՞ն էին արդյոք մեղադրանքները, արդյոք թիրախում պետք է հայտնվեր հենց ընտրո՞ղը, թե՞ նրան այդ վիճակին հասցնողը:

-Թիրախում պետք է հայտնվի եւ ընտրողը, եւ նրան այդ վիճակին հասցնողը: Գիտեք, փող, ընտրակաշառք վերցնում էին ոչ միայն աղքատները, այլ նաեւ բավական ապահովված մարդիկ: Դա արդեն փսիխոզ է, հիվանդություն: Իսկ այս ամենի պատասխանատուն իշխանությունն է, որը պետք է բռներ ընտրակաշառք բաժանողի ձեռքը: Ավելին, իշխանությունները երկրում պետք է այնպիսի մթնոլորտ ստեղծեն, որ ընտրակաշառքի մասին որեւէ մեկը չմտածի: Որոշ ուժեր, եւ ոչ միայն ՀՀԿ-ն, հիմա ջանք ու եռանդ չեն խնայում, թե ՀՀ քաղաքացին է ձեւավորել այս խորհրդարանը, ինչի հետ չի կարելի համաձայնվել: Միայն այն, որ պնդում են, թե իբր 1.6 մլն մարդ է մասնակցել ընտրություններին, արդեն իսկ վկայում է մեծ խարդախության մասին:

-Ավելի քան 700.000 քվե ստացած, 9 տարի պաշտոնավարած իշխանությունները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, հիմա էլ խոսում են արմատական բարեփոխումների մեկնարկը տալու մասին: Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ փոփոխությունների մասին է ակնարկում Սարգսյանը: Որեւէ նման միտում տեսնո՞ւմ եք, որ մենք արմատական փոփոխությունների ճանապարհին ենք:

-Ես չեմ կարող ասել, թե ինչ փոփոխությունների մասին են ակնարկում: Բայց փոփոխություններ անելու համար ՀՀԿ-ն երկար ու ձիգ տարիներ ուներ: Ի դեպ, հատուկ ցանկանում եմ շեշտել, որ մինչեւ չկատարվեն հետեւյալ չորս քայլերը, որեւէ փոփոխության, առաջընթացի մասին չի կարելի խոսել: Ավելի ճիշտ անիմաստ է խոսել: Ահա այն քայլերը, որոնք անհրաժեշտ են առաջընթացի համար.

1.Հարկային եւ մաքսային դաշտում հավասար են բոլորը, եւ բոլորի համար գործում են նույն օրենքները:

2.Ստվերից դուրս են գալիս առաջին հերթին խոշոր ընկերությունները, որից հետո միջին եւ մանր ձեռնարկությունները, արտադրողներն ինքնաբերաբար եւս գործում են թափանցիկ դաշտում:

3.Դատական համակարգը դուրս է բերվում գործադիր եւ օրենսդիր իշխանության ազդեցության ոլորտից:

4.Ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացում.

ա. առանց ռեյտինգային ընտրակարգի

բ. առանց փողաբաժանության

գ. առանց շրջիկ խմբերի

դ. առանց հանցաշխարհի ներկայացուցիչների ընդգրկման:

-Այնուամենայնիվ, ի՞նչ սպասել գործող ռեժիմից: Ստեղծված իրավիճակից սթափվելու որեւէ նշույլ տեսնո՞ւմ եք, որ փորձ արվի արտագաղթի, աղքատության, գործազրկության դեմն առնելու: Եթե ոչ, ապա ի՞նչ անի քաղաքացին, ով չի կաշառվել, չի վաճառել իր ձայնը, բայց ստիպված է ապրել 700.000-ի կողմից «ընտրված» ՀՀԿ-ի կողմից կառավարվող երկրում:

-Չկաշառված, այսինքն իրական քաղաքացին պետք է ամեն օր պայքարի իր իրավունքների համար, պայքարի նաեւ նրանց համար, ովքեր չեն գիտակցում՝ իրենց շահը որն է, եւ ոչ մի դեպքում չմտածի արտագաղթի մասին: Ինչ վերաբերում է սթափվելուն, ապա ուզում եմ հավատալ, որ կսթափվեն, բայց առկա իրողությունները հուշում են, որ առայժմ սթափվելու մասին խոսք անգամ չկա:

Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝