Կարեն Կարապետյանի տնտեսական աճը պղնձի գների բարձրացման հետևանք է

karen-karapetyan7-472x265

Երեկ հրապարակվեցին ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները։ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջը ԱՎԾ այդ տվյալները հրապարակելով ազդարարեց, որ ՀՀ տնտեսությունն աճ է արձանագրում.

«ՀՀ տնտեսության մի քանի կարևոր ուղղություններով ունենք աճ։ Մասնավորապես, 2017 թվականի առաջին եռամսյակի արդյունաբերական արտադրանքի ծավալները 2016 թվականի նույն հաշվետու ժամանակաշրջանի համեմատ կազմել է 116,1%:
Նման ցուցանիշները գոհացուցիչ են, սակայն բավարար չեն, և այդ ուղղությամբ մեր թիմը դեռ ահռելի աշխատանք ունի կատարելու»,- նշված էր վարչապետի ֆեյսբուքյան էջում:

Ըստ ԱՎԾ-ի՝ ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ ամփոփագրի այս տարվա մարտ ամսին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.8 տոկոսով: 2017թ.-ի առաջին եռամսյակի պաշտոնական լրահոսն արձանագրում է 16.1 տոկոսի չափով արդյունաբերության աճ, 11.3 տոկոսի չափով էլ աճել է առևտրի մակարդակը:

4444

Իհարկե, Կարեն Կարապետյանը սա համարում է իր թիմի համար կարևոր ձեռքբերում և առաջընթաց: Սակայն փորձենք հասկանալ, թե ինչի արդյունքում է մեր երկրում Տնտեսական ակտիվության ցուցանիշը բարձրացել, և հետո արդյոք այս բարձրացումը կշարունակվի կամ կպահպանվի մինչև տարեվերջ:

Հիշենք, որ անցած տարի ճիշտ նույն ժամանակահատվածում ՀՀ ԱՎԾ-ն դարձյալ Տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշ ապահովեց, սակայն այդ բարձրացումը չպահպանվեց մինչև տարեվերջ: Այդ իսկ պատճառով 2016թ.-ին ՀՀ տնտեսությունը գրեթե զրոյական աճի տեմպեր գրանցեց:

Վարչապետն այս տարվա Տնտեսական ակտիվության ցուցանիշի բարձրացման առումով կարևոր է համարում հատկապես արդյունաբերության աճը: Կարելի է ասել՝ ՏԱՑ-ի աճը կառավարության ղեկավարը բացատրում է հենց արդյունաբերության աճով:

2017 թվականի հունվար-փետրվարին Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալը 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 16.1%: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի աճը կազմում էր, ըստ ԱՎԾ-ի, 9.9%՝ կազմելով 228.4 մլրդ դրամ ($ 469,7 մլն): Հիմա հասկանանք, թե արդյունաբերությունն աճի դինամիկան ինչի շնորհիվ է գրանցել:

55555

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ արդյունաբերական հատվածի աճը պայմանավորված է վերամշակման արդյունաբերությունում գրանցած հաջողության և հանքարդյունաբերության ոլորտում առկա աճով:

Այսպես, 2017-ի հունվար-փետրվարին 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ հանքարդյունաբերության և բաց հանքավայրերի շահագործման ոլորտում արձանագրվել է 8% աճ՝ մինչև 46.98 մլրդ դրամ, իսկ միայն փետրվարին հանքարդյունաբերությունում աճը կազմել է 2,6%՝ հասնելով 24,4 մլրդ դրամի: Վերամշակող արդյունաբերության ծավալը 2017 թվականի հունվար-փետրվարին տարեկան կտրվածքով աճել է 23,3%, մինչև 122,5 մլրդ դրամ է, իսկ ամսական աճը՝ 28.7%, մինչև 68.9 մլրդ դրամ:

Իսկ վերամշակող արդյունաբերությունում նշված ժամանակահատվածում էապես նվազել են մեքենաների և սարքավորումների արտադրության ծավալները: Սա նշանակում է, որ արդյունաբերության հիմնական աճը գրանցվել է հանքարդյունաբերության աճի շնորհիվ:

Դեռևս անցած տարվա վերջին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ պղնձի գներն ընդամենը մի քանի օրվա ընթացքում բավականին աճ են գրանցել: Նախարարը հույս էր հայտնել, որ եթե այդ գների աճի միտումը պահպանվի մինչև 2017 թվականը, ապա այն դրական կազդի ՀՀ տնտեսական աճի վրա:

Փաստորեն հիմա այդ աճն է արձանագրել ՀՀ ԱՎԾ-ն ՀՀ արդյունաբերության ոլորտում: Պղնձի գների բարձրացումը բերել է արդյունաբերության և նաև տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի: Սակայն այդ աճի տեմպերը կպահպանվեն, թե ոչ՝ դեռ հայտնի չէ:

Ինչ մնում է մյուս ցուցանիշներին, ապա նկատենք, որ ըստ ԱՎԾ ամփոփագրի՝ 2017թ.-ի առաջին եռամսյակում էական փոփոխություն չի կրել միջին անվանական աշխատավարձը. ոչ պետական ընկերություններում աշխատողների մոտ 1.1 տոկոսի աճ է գրանցվել, պետական սեկտորում՝ նվազում:

Գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալները նվազել են, շինարարության ծավալները ևս նվազել են անցած եռամսյակի համեմատությամբ: Ներքին ապրանքաշրջանառությունն աճել է 11.3 տոկոսով, արտաքին առևտրաշրջանառությունը՝ շուրջ 17.4 տոկոսով:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝