«Ուզում են ոչ ունևոր խավի համար գայթակղիչ պայմաններ ստեղծելով՝ ոչ միայն այդ խնդիրը չլուծել, այլև խորացնել»

hhhh

ԳԱԼԱ-ի զրուցակիցն է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը:

-Պարոն Հովհաննիսյան, ՀՀ պաշտպանության նախարարի կողմից ներկայացվեց երկու ծրագիր՝ «Պատիվ ունեմ», «Ես եմ», որոնք դեռևս քննարկման փուլում են: Որպես նպատակ նշում են լուրջ սպայական պահեստազորի ձևավորում, հմուտ սպաների շարքերի համալրում, ինչպես նաև եռամյա ծառայություն, որի ավարտին զորացրված զինծառայողը կարող է ստանալ 5 մլն դրամ գումար: Ի՞նչ կարծիք ունեք այս ծրագրերի վերաբերյալ: Շատերի ստացած առաջին տպավորությունը հետևյալն էր. դեմոգրաֆիկ ճգնաժամը հանգեցրել է նրան, որ ներուժի պակաս կա, և փորձում են ինչ-որ քայլեր ձեռնարկել զինծառայողների պակասը լրացնելու համար:

– Անվտանգության ու բանակի հարցերով մտահոգությունը, անկախ ամեն հարակից հանգամանքից, դրական եմ համարում։ Բայց եկեք իրական պատկերը փորձենք հասկանալ… Նույն մարդիկ, նույն թիմը, նույն խմբակը, որ մոլագար հետևողականությամբ խրախուսել են արտագաղթը, պայմաններ ստեղծել դրա համար, արդարացրել այն, փորձում են գոնե մեղմացնել դրա կատաստրոֆիկ հետևանքները։ Իսկ դրանք միայն պաշտպանության ոլորտին չեն վերաբերվում, դա մեր ներկան ու ապագան խժռող երևույթ է։

Արմեն Հովհաննիսյան

Արմեն Հովհաննիսյան

Պարզ է, որ բանակն ավանդական զորակոչով համալրելն անհնար է։ Երկրորդ խնդիրը մեր բանակի խայտառակ դասակարգային՝ «բանվորագյուղացիական» բնույթն է։ Հիմա ուզում են ոչ ունևոր խավի համար գայթակղիչ պայմաններ ստեղծելով՝ ոչ միայն այդ խնդիրը չլուծել, այլև խորացնել։ Դա ազգային ինքնագիտակցության կայացման համար փակուղային տրամաբանություն է։ Հազար դրամների պատմությունից, որը ոչ այլ ինչ է, քան աղքատների վրա հարկ, պարզ դարձավ, որ Վիգեն Սարգսյանի մոտ դասակարգային ինքնագիտակցությունը գերակշռում է համաքաղաքացիական ազգայինը։

Ազգ-բանակ-2017» թեմայով համաժողովի շրջանակներում նաև շատ խոսվեց ազգ-բանակ կոնցեպտը կյանքի կոչելու մասին, ինչի սկիզբը Ձեր հիշատակած հայտնի 1000 դրամների ծրագիրն էր: Ի՞նչ կարծիք ունեք «Ազգ-բանակ» կոնցեպցիայի մասին:

-Արդեն ասացի, որ 1000 դրամը, ռազմահայրենասիրական հռետորաբանությունից մաքրված վիճակում ընդամենն աղքատներից փող հավաքելու միջոց է։ «Ազգ-բանակ» կոնցեպցիան միանգամայն ճիշտ է, բայց սարգսյանների կողմից հրամցվող միջոցառումների հետ կապ չունի ընդհանրապես։ Իմաստի հերթական դեկոնստրուկցիայի ու ոչնչացման փորձ է։ Ինչպես արդեն եղավ «հանրապետության», «օրինականության», «ընտրությունների» դեպքում։ Սկսենք նրանից, որ «Ազգ-բանակը» նաև ազատության ու պատասխանատվության մի այլ մակարդակ է, որը երրորդ հանրապետությունից շատ հեռու է։

-Սերժ Սարգսյանն «Ազգ-բանակ-2017» համաժողովին դարձյալ խոսեց բարեփոխումների մասին՝ այս անգամ խոստանալով արմատական փոփոխություններ, և որ դրանք զգալի կլինեն յուրաքանչյուրի համար: «Գալիք մի քանի տարիները որոշիչ են լինելու այդ ճանապարհին: Փոփոխություններն արմատական են, և նրանք զգալի ու շոշափելի են լինելու Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար»,- ասաց նա: Ի՞նչ փոփոխությունների մասին է ակնարկում Սարգսյանը Ձեր կարծիքով:

- Սուտ է:

-Պարոն Հովհաննիսյան, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնեց Յուրի Խաչատուրովը: Շատերը շտապեցին այդտեղ դրական միտումներ տեսնել, որ վերջապես ՀԱՊԿ-ն, ունենալով ներկայացուցիչ Հայաստանից, ադեկվատ վարք կդրսևորի: Ձեր կարծիքով Խաչատուրովի նշանակմամբ իսկապե՞ս կարելի կլինի ակնկալել ՀԱՊԿ-ի, այսպես ասած, «հայամետ» վարքագիծ:

-Մտքի այլասերվածության բավական բարձր աստիճան է հարկավոր Խաչատուրովի մեջ «դրական միտում» փնտրելու համար։ Բանակի թերևս ամենավարկաբեկված ու հանրության համար մերժելի գեներալներից մեկն է։ Ռուսները հնարավոր է փորձում են ադրբեջանցիների ու թուրքերի նյարդերի հետ խաղալ իրենց և միմիայն իրենց համար ձեռնտու զիջումներ ստանալու համար։ Դրան պիտի պատասխանեն մեր հաշվին զիջումներ անելով։ Մեր օգուտն այստեղ ո՞րն է…

Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝