Մենք ենթարկվում ենք հարկային տեռորի. Ցույց կառավարության շենքի դիմաց

Снимок

ՀՀ կառավարության շենքի մոտ մի քանի տոնավաճառների աշխատակիցներ այս պահին բողոքի ցույց են իրականացնում՝ պահանջելով հանդիպում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։

Տոնավաճառների աշխատակիցների խոսքերով՝  արդեն երեք օր է՝ հարկային մարմինները ստուգումներ են իրականացնում իրենց տոնավաճառներում՝ պահանջելով փաստաթղթեր ներկայացնել եւ հաճախորդներին տրամադրել հսկիչ դրամարկղային կտրոններ:

«Ի՞նչ եք ուզում մեզանից, ի՞նչ է փոխվել: Հանգի’ստ թողեք մեզ: Մենք մեզ համար աշխատում ենք, ոչ մեկին չենք խանգարում, ոչ մեկից փող չենք մուրում, ինչո՞ւ են խանգարում մեզ», – դժգոհում են ցուցարարները։

«Ամեն ինչի դիմացել ենք, անգամ ստադիոնի գետիններին ենք լուսացրել, էլի կլուսացնենք, ինչ պետք է՝ կանենք, մի խոչընդոտենք»,-ասում էին նրանք՝ հավելելով, որ ստուգումները հիմա են սկսել, քանի որ ընտրություններն ավարտված են, եւ ժողովրդից այլեւս ակնկալիք չունեն իշխանությունները:

«Կարեն Կարապետյանին երբեք այդքան ժպտերես չէինք տեսել, ինչքան նախընտրական շրջանում: Հիմա ի՞նչն է փոխվել, ինչ ասես խոստանում էր, սա՞ է իրա ասած բարեփոխումը: Ի՞նչ եք ուզում, թողնենք. Գնա՞նք, արտագաղթե՞նք այս երկրից: Մարդն ամեն ինչի ունակ է, երբ հացին են կպնում, երեխային են կպնում:

Բայց ինչո՞ւ են այդպես անում. Չէ՞, որ մենք պտի լավ ապրենք, պտի երեխա ունենանք, մեր երեխաներն էլ երեխա ունենան, աշխատեն, որ իրենց երեխաներն էլ կարողանան գնան դրսներում սովորեն, որ կարողանան իրենց աշխատածը վայելեն»,-ասում էին ցուցարարները:

Առևտրականների հետ հանդիպեց կառավարության աշխատակազմի նամակների ընդունման և հանձնման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը և առաջարկեց 10 հոգուց բաղկացած խումբ կազմել ու բարձրանալ վարչապետի մոտ։ Ցուցարարները մերժեցին առաջարկը՝ պահանջելով, որ վարչապետն անձամբ  իջնի և կառավարության շենքի դիմաց լսի իրենց բողոքը:

111 2222 33333

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝