Միջադեպ. Ակտիվիստները Արման Թաթոյանին շնորհեցին «ՀՀԿ իրավուքների պաշտպան» կոչումը

photo_2017-04-21_11-14-59

Այսօր ՀՀ Մարդու իրավուքների պաշտպան Արման Թաթոյանի մամլո ասուլիսի ժամանակ, երբ Թաթոյանը ներկայացնում էր  2016 թվականի հուլիսյան դեպքերին առնչվող իր զեկույցը, անակնկալ մի միջադեպ է  գրանցվել:

Դահլիճ են մտել մի քանի ակտիվիստներ եւ Արման Թաթոյանի սեղանին փակցրել են  մի քանի նկարներ ՊՊԾ գնդի գրավման օրերից եւ հուլիսյան իրադարձություններից:

Իսկ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ցուցականի վրա փակցրել են «ՀՀԿ իրավուքների պաշտպան» գրությամբ  պաստառ:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մի քանի օր առաջվա հայտարարությունը՝ կապված 2016 թվականի հուլիսի 29-ի Սարի թաղի դեպքերի հետ, բուռն քննարկման արժանացավ հատկապես իրավապաշտպանների շրջանում:

Արման Թաթոյանն իր տարեկան հաշվետվությունը  ներկայացնելիս հայտարարեց, որ 2016 թվականի հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ հատուկ զեկույց է պատրաստել, որում հատուկ գլուխներ կան առանձնացված՝ ոստիկանության կողմից իրականացված բռնությունների մասին: Սակայն մինչ այդ զեկույցի հրապարակումը Ա. Թաթոյանը շտապեց հայտարարել, որ հուլիսի 29-ի քաղաքացիների երթը Սարի թաղ չէր կարող խաղաղ նպատակ ունենալ. «Եթե երթն ուներ խաղաղ նպատակ, հարց է առաջանում՝ ինչո՞ւ էր դա գնում Սարի թաղի նեղ, կիսամութ փողոցներով, գիշերով: Կարծում եմ, որ Սարի թաղով գնալը, այդ մութ փողոցներով, կոչերով, որ գնում ենք միանանք զինված խմբին, չէր կարող ունենալ խաղաղ նպատակ: Այլ հարց է, որ ոստիկանությունն այնտեղ խախտումներ թույլ տվեց, քաղաքացիներին վնասներ պատճառվեցին: Ես կարծում եմ, որ խնդրահարույց էր Սարի թաղ գնալն այդ օրը այդ ընդհանուր կոնտեքստում»,- հայտարարել էր Մարդու իրավունքների պաշտպանը:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝