Աղբահանությունը՝ գլխավոր եւ միակ «ձեռքբերում»

նկկ1

Կարեն Կարապետյանը ՀՀ վարչապետ նշանակվեց 2016 թվականի սեպտեմբերի 13-ին: Թե ինչ առաքելությամբ նա զբաղեցրեց ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնը, ակնհայտ դարձավ գործունեության մի քանի ամիսների ընթացքում, հատկապես նախընտրական քարոզարշավին, երբ առաջ մղվեց «անվտանգություն եւ առաջընթաց» քարոզելու: Պաշտոնավարման 7 ամիսներին քաղաքացին խոստումների եւ ցուցադրական ելույթների պակաս չզգաց:

Նշանակումից մեկ օր անց, սեպտեմբերի 14-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Կարապետյանն ԱԺ ամբիոնից  հայտարարեց.

«Հայաստանի Հանրապետության տնտեսությունը բանաձև ունի՞ առանց ստվերի դեմ պայքարելու վերարտադրվել՝ ո՛չ։ Փորձելո՞ւ ենք դա անել, թե՝ ոչ, այո՛։ Կհաջողվի՞՝ կտեսնենք, տրամադրվա՞ծ ենք՝ շատ վճռական, որովհետև այլ ձև գոյություն չունի: Հարկեր փոխելով, բանաձևեր փոխելով մենք տնտեսություն չենք կարող վերարտադրել»:

Այս հայտարարությունից հետո ի՞նչ քայլեր արեց կառավարությունը ստվերի դեմ պայքարելու ուղղությամբ, կամ, առհասարակ, ինչպիսի՞ քայլեր ձեռնարկվեցին ճգնաժամային իրավիճակը մեղմելու ուղղությամբ:

Վարչապետը, սակայն, հիմա նման վերամբարձ հայտարարություններ չի անում: Այսօր, օրինակ, խոսել է «Մաքուր Հայաստան» ծրագրի մասին: Աղբահավաքության և սանիտարական մաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու և իրականացնելու վերաբերյալ է գործադիրի ղեկավարը հանձնարարականներ տվել: «Վիճակն ուղղակի ողբերգական է»,-նկատել է վարչապետը:

Այդ առումով կարծես քաղաքական կամք հարկավոր չէ, ուստի խիստ հանձնարարականներ են եղել «համակարգային» կերպով հենց այդ խնդիրը լուծել: Վարչապետը հանձնարարել է. «2-ամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ ոլորտային ենթակայության տակ գտնվող տարածքների աղբահանության և սանիտարական մաքրման խնդիրները համակարգային վերացնելու ուղղությամբ, միաժամանակ մշակելով այդ աշխատանքները հսկելու հստակ գործիքակազմ»:

Խիստ տոնայնությամբ արված այս հայտարարությունը զավեշտալի է թվում: Հավանաբար, ԱԺ առաջին նիստին նաեւ այս հանգամանքը կներկայացվի որպես Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության «ձեռքբերում»:

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում խոսելով կառավարության գործունեության մասին, նշեց, թե դժվար է մտաբերել որեւէ ձեռքբերում, սակայն այս պայմաններում, եթե կառավարությունը կարողանում է վերահսկելի պահել իրավիճակը, արդեն իսկ լավ է: «Սա ասում եմ՝ հաշվի առնելով այն պայմանները, որում գտնվում է Հայաստանը: Այս բացասական միջավայրը չի էլ փոխվելու, եւ հնարավոր է ավելի վատթար սցենարներ լինեն: Կոնկրետ առաջընթացի, ցուցանիշների առումով ես չեմ կարող կոնկրետ գնահատականներ տալ, քանի որ տարվա սկիզբ է, եւ եթե նույնիսկ որոշակի ցուցանիշների բարելավում է արձանագրվել ԱՎԾ-ի կողմից, դա ցույց չի տալիս երկարաժամկետ միտումը, որովհետեւ հնարավոր է շատ կարճ ժամանակահատվածում մենք պարզապես ականատես լինենք տատանումների: Բայց երկարաժամկետի առումով ես չեմ կարծում, որ էական իրավիճակ է փոխվել կամ դրական գործոններ են ավելացել»:

Աշոտ Եղիազարյանն անդրադառնալով վարչապետի՝ նշանակումից անմիջապես հետո արված հավակնոտ  հայտարարություններին, նշեց.

Աշոտ Եղիազարյան

Աշոտ Եղիազարյան

«Կարելի էր ողջունել, եթե ստվերի դեմ պայքարի ուղղությամբ իրական առաջընթաց գրանցեին: Որովհետեւ ստվերի, մենաշնորհների դեմ պայքարը նշանակում է  կազմաքանդել առկա արատավոր համակարգը: Ասել, որ արձանագրվել են այս ուղղությամբ շոշափելի արդյունքներ, այս պահին շատ դժվար է, որովհետեւ չկա: Բայց եթե կառավարությունը ցանկանում է վերահսկելի, կառավարելի պահել իրավիճակը, ստիպված է այդ ուղղությամբ աշխատել: Այլ հարց է՝ կստացվի, թե չի ստացվի: Ելքի առումով դա ճանապարհն է, բայց կամքի առումով մենք հաստատ խնդիրներ ունենք: Մի բան է ցանկանալը, որին չենք փորձում կասկածել, որ ցանկություն կա վիճակ փոխելու, մի բան է իրական քայլերի ձեռնարկումը: Այստեղ արդեն բազմաթիվ պրոբլեմներ կան, եւ ես կարծում եմ, որ այն համակարգում, որը ստեղծված է Հայաստանում, եւ այն կարգավիճակը, որ ունի Հայաստանը՝ Ռուսաստանից կախվածության առումով՝ բոլոր սահմանափակումներով հանդերձ, այս խնդիրներն այնուամենայնիվ անլուծելի են դարձնում»,-նշեց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:

Տնտեսագետ Արզուման Հակոբյանը եւս չկարողացավ որեւէ բան մտաբերել կառավարության 7 ամիսների գործունեությունից,  մատնանշել մի քայլ, որով ինչ-որ էական  արդյունք է արձանագրվել:

Արզուման Հակոբյան

Արզուման Հակոբյան

«Տնտեսական  քաղաքականության եւ բարեփոխումների տեսակետից ես ինչ-որ մի նշանակալի, երեւացող, գնահատվող դեռ ոչ մի բան չեմ կարող նշել: Չկա որեւէ մի քայլ կամ  որոշում, որ ասեմ՝ ա՛յ սա վճռորոշ, կարեւոր փոփոխություն առաջացնող որոշում է: Ավելի շատ այս ամենը PR քայլեր են: Բոլոր հայտարարություններն ու խոսակցությունները դեռ խոստումների մակարդակում են մնացել եւ չեն վերածվել իրական  քայլի կամ որոշման: Խնդիրներն այնքան են շատացել ու դարձել խորքային, որ չեն երեւա եղած սովորական քայլերը: Այստեղ շատ կտրուկ եւ կարդինալ փոփոխություններ են հարկավոր, որ իրադրություն փոխվի: Սակայն իրադրություն փոխող քայլեր չկան»:

Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝