Անդրիաս Ղուկասյանին պատժում են ապրիլյան պատերազմի տեսանյութը հրապարակելո՞ւ համար

andrias xukasyan

«Նոր Հայաստան» շարժման անդամներից Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ առաջադրված «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեղադրանքը խստացվեց և հասցվեց արդեն «ՊՊԾ գնդի տարածք մտնելու փորձին»:

Անդրիաս Ղուկասյանը, ինչպես նաև «Նոր Հայաստան» շարժման մի շարք այլ անդամներ, այդ թվում Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը, Հովսեփ Խուրշուդյանը, հուլիսի 29-ին բռնի ուժով բերման էին ենթարկվել: Այնուհետ քննչականը հայտարարություն տարածեց, թե հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հանցագործության հատկանիշներով: Զանգվածային անկարգությունները կազմակերպելու և դրանց մասնակցելու կասկածանքով ձերբակալվել են 23 անձ, այդ թվում հիշյալ անձինք:

Օգոստոսի մեկին Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք առաջադրվեց 225 հոդվածի առաջին մասով՝ զանգվածային անկարգություն հրահրելու հատկանիշներով: Մեղադրանքում էլ Ղուկասյանն իրեն մեղավոր չէր ճանաչում:

Երեկ արդեն նրա մեղադրանքը ծանրացվեց: Պարզեցին, թե իբրև Ղուկասյանը փորձել է մտնել ՊՊԾ գնդի տարածք, գրավել շենքեր-շինություններ, տրանսպորտային միջոցներ, ռազմամթերք կրել, պատանդներ պահել:

 Դաժան են Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ

Փաստաբանի խոսքերով՝ նոր մեղադրանքները «լրիվ աբսուրդի դաշտից են», և բացարձակ տրամաբանություն չկա, իրավական որևէ կետով բացատրել հնարավոր չէ: Մինչդեռ այն մեղադրանքը, որով ժամանակին մեղադրում էին Անդրիաս Ղուկասյանին՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը, անգամ դա ապացուցելի չէ: Ճիշտ հակառակը, կան բոլոր փաստերը, որ Ղուկասյանը կազմակերպիչ չէ, այլ օգտվել է իր քաղաքացիական իրավունքից:

Արմեն Մարտիրոսյանի և Դավիթ Սանասարյանի նկատմամբ նույն մեղադրանքն էր, նրանք, ովքեր գրավի դիմաց ազատ արձակվեցին, փաստաբանն ակնկալում էր, որ նույնը պետք է վերաբերի նաև Անդրիաս Ղուկասյանին: Մինչդեռ նրան ազատ չարձակեցին, հակառակը՝ առաջադրեցին նոր մեղադրանքներ, որոնք, ըստ էության, գրեթե նույնն են, ինչ առաջադրել էին Սասնա ծռեր խմբի անդամներին:

Անդրիասի ծեծը

Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ ընդգծված վերաբերմունքը դրսևորվեց դեռ նրան կալանավորելու օրը: Կինը հայտարարում էր, որ մահակներով և ամրաններով են հարվածել ամուսնուն, ծնկները կոտրել են։

Երկար ժամանակ փաստաբանները բարձրաձայնում էին, որ Ղուկասյանը կոտրվածքներ ունի, քայլել չի կարող, սակայն ՁՊՎ-ում բժիշկներն ասում էին, որ Ղուկասյանը ոտքերի հետ խնդիր չունի: Տևական ժամանակ Անդրիաս Ղուկասյանին հրաժարվում էին բժշկական օգնություն ցուցաբերել:

Անդրիասի հաշվեհարդարն ուրիշ դաշտից է

Փաստաբան Կարեն Մեժլումյանը ԳԱԼԱ-ին փոխանցեց, որ Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Եվ դա այնքան էլ պայմանավորված չէ հուլիսի 29-ի դեպքերով: Ինքը՝ Ղուկասյանը ևս այդպես է կարծում, որ իր նկատմամբ հետապնդումը պայմանավորված է դեռ ամսի 29-ից առաջ ընկած իրադարձություններով:

«Քաղաքական հետապնդում է քաղաքացիական ակտիվության համար, մինչև 29-ի դեպքերով է պայմանավորված: Այս ամենը շարունակությունն է»: Իսկ ի՞նչ էր արել Անդրիաս Ղուկասյանը մինչև հուլիսի 29-ը:

Ապրիլյան պատերազմի առաջին օրվա բանակի հայտնի տեսագրությունը

Անցած ամռանը «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունը տարածել էր մի տեսանյութ, որը նկարահանվել է 2016թ. ապրիլի 2-ին, ժամը 04:00-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղի մատույցներում: Տեսանյութը փաստում էր այն մասին, թե ինչպես են ադրբեջանական զինվորականները հայկական պաշտպանական դիրքերի թիկունք ներթափանցում:

Տեսանյութը տարածող նախաձեռնության հայտարարությունում առանձնակի շեշտվում էր, որ տեսագրությունը կատարած հայ զինվորներից շատերը զոհված են: Տեսանյութում նրանք կրակելու հրամանի են սպասում ու ճշտում են, թե ինչն է պատճառը, որ հրաման չեն տալիս կրակելու և ոչնչացնելու իրենց թիկունք թափանցող թշնամու մեծաքանակ ուժերին:

Անդրադառնալով համացանցում տարածված տեսանյութին՝ իրավապաշտպանները եզրակացրին, որ ապրիլյան պատերազմը եղել է պայմանավորվածությունների արդյունք, և հայտարարեցին անգամ, որ անկախ հանձնաժողով պետք է ստեղծվի քննելու համար իրականությունը:

Տեսանյութի հրապարակումից հետո «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնությունը, որի ղեկավարներից մեկը հենց Անդրիաս Ղուկասյանն էր, դիմեց ՄԱԿ-ին՝ տրամադրելով տեսանյութը, խնդրելով նախաձեռնել միջազգային հետաքննություն՝ ապրիլի 2-ին տեղի ունեցած հրադադարի ռեժիմի խախտման համար պատասխանատու կողմին բացահայտելու նպատակով։ «Գտնում ենք, որ այդ ճշմարտության բացահայտումը մեր բոլորի պարտավորությունն է այդ մարտերում զոհվածների ընտանիքների առջև և անհրաժեշտ քայլ է հակամարտության խաղաղ կարգավորման համար»,- ասվում էր նախաձեռնության նամակում:

«Ոտքի՛, Հայաստան»-ից Դավիթ Հովհաննիսյանին և՞ս պատժում են

«Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության մյուս առանցքային դեմքերից մեկը՝ Դավիթ Հովհաննիսյանը ևս կալանավորված է: Դավիթ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը:
Նրա պաշտպան Հովիկ Արսենյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ փաստեր չկան Դ. Հովհաննիսյանին նման արարք մեղսագրելու համար: Նրան կալանավորել և մեղադրանք են առաջադրել ընդամենը երկու ոստիկանների ցուցմունքներով: Մերժում են նաև գրավի դիմաց ազատ արձակել նրան:

«Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնությունն էլի՞ փաստեր ունի

Որտեղի՞ց էր հայտնվել այդ տեսանյութը «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության տրամադրության տակ: Կասկածից վեր էր, որ աղմկոտ տեսանյութը հենց բանակից էր դուրս եկել և խիստ կարևոր տեղեկություններ էր պարունակում: Նախաձեռնությունն ունի՞ այլ տեսանյութեր, ունի՞ փաստեր. հնարավոր է՝ ունի, հնարավոր է՝ ոչ… Ամեն դեպքում նման տեղեկության սպրդումը չէր կարող էժան նստել նախաձեռնության ու ղեկավարների վրա:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝